Արցախում ստեղծված ներկայիս իրադրության, պաշտոնական Երեւանի՝ «ձեռքերը լվանալու» կեցվածքի եւ դրա առնչությամբ Հայաստանի գործող իշխանությունների հասցեին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի գովասանքների ֆոնին ակամա հիշում ես այն էվոլյուցիան, որն ապրեց Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո՝ արցախյան հարցում․ «ինքնորոշման իրավունքի» մասին խոսելուց մինչեւ «ձեռքերը լվացածի» վիճակ։
5 տարում Հայաստանի ղեկավարության խոսքը, ահա, նման կտրուկ շրջադարձային փոփոխություն է կրել։ Շատ ընթերցողներ կհիշեն, թե ինչպես, որպես վարչապետ, իր առաջին ելույթներից մեկում նա չափազանց արմատական ու մարտնչող էր խոսում արցախյան հարցի մասին, մինչդեռ այժմ նա արցախյան հարցի առնչությամբ նախընտրում է պահպանել լռություն, ասես այն պարզապես չկա։ Երեկ Արցախում մարտական գործողությունների որոշակի հանդարտեցումից հետո Փաշինյանի խոսքը լսողները կարող են նրա խոսքը համեմատել 18 թվականին՝ իշխանության գալուց հետո, Ստեփանակերտ այցելելու ընթացքում արած հայտարարությունների հետ, երբ ասում էր, որ Հայաստանի իշխանությունն ամեն բան անելու է՝ Արցախի եւ արցախահայության պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Շատերը նաեւ կհիշեն 44-օրյա պատերազմի մեկնարկի համար ճակատագրական նշանակություն ունեցած (համենայնդեպս՝ ըստ Իլհամ Ալիեւի հայտարարության) «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտնի կոչը։ Մինչդեռ նա հայոց պատմության մեջ միակ ղեկավարը կմնա, ով առհասարակ արցախյան հարցի վերջակետը կդնի, քանի որ մեր պատմության մեջ միակ ղեկավարն է, ով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ճանաչել` 86,6 հազար քառ․/կմ սահմաններում, ներառյալ նաեւ պատմական հայկական Արցախը։ Փաշինյանի երեկվա ուղերձն իրապես կարելի է նշանային համարել, որը ցույց է տալիս նրա վարչակարգի իրական էությունը։
Հիշենք, թե ինչպես Փաշինյանն ասաց, որ Հայաստանը որեւէ կերպ չի մասնակցել կրակի դադարեցման, արցախյան բանակի լուծարման եւ Արցախի՝ Ադրբեջանի կազմում վերաինտեգրման մասին երեկ հրապարակված հայտարարության պատրաստմանը։ Նաեւ հայտարարեց, որ ԼՂ բնակչության անվտանգությունը հիմա ամբողջապես ռուս խաղաղապահների պատասխանատվության դաշտում է։ Սա, կարելի է ասել, Փաշինյանի՝ արցախյան հարցում ունեցած էվոլյուցիայի վերջնակետն է, որից այն կողմ արդեն կարելի է մեջբերել Ադրբեջանի՝ Փաշինյանի վարչակարգի մասին հնչեցրած գովասանքի խոսքերը։