Հասարակություն

«Հրապարակ». Մեր հրապարակման հետքերով

«Հրապարակ». Մեր հրապարակման հետքերով

Մոտ մեկ տարի պահանջվեց, մինչեւ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը լսեց գործարարների բողոքը եւ պատժեց ՀԴՄ սպասարկման ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք կամայական, չպատճառաբանված բարձր գներ էին սահմանել իրենց ծառայությունների համար: ՄՊՀ-ն օրերս հաղորդեց, որ այդ ընկերությունները տուգանվել են 288 828 000 դրամով: Թեմային անդրադարձել էինք անցյալ նոյեմբերին` մի խումբ փոքր ձեռնարկատերեր դիմել էին «Հրապարակին», հայտնելով, որ  ՀԴՄ-ները սպասարկող ընկերությունները՝ «ՀԴՄ շտրիխ», «Սմարթ սոլյուշնս», մի շարք այլ ՍՊԸ-ներ 100 տոկոսով թանկացրել են իրենց ծառայությունները, դրանց գինը ամսական 1800-2200-ից հասցնելով 3500-3600 դրամի:

Եթե խոշորների համար սա աննշան թանկացում է, ապա փոքր բիզնեսը դրանից միանշանակ տուժում է: Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին էինք ներկայացրել ձեռնարկատերերի բողոքը, մեզ պատասխանել էին, որ կքննարկեն հարցը եւ որոշում կկայացնեն: Հանձնաժողովը տուգանել է «Տոչ-մաստեր», «Իննթեք», «Քյու տերմինալ», «ՀԴՄ շտրիխ», «Տերմինալ սերվ», «Մերի-Քրիստ» եւ «Սմարթ սոլուշնս» ընկերություններին` «ՀԴՄ սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար չհիմնավորված բարձր (1 800 դրամից, 2 400 դրամից 3 600 դրամ), ինչպես նաեւ խտրական գներ սահմանելու եւ կիրառելու համար, ինչը հանգեցրել է  գերիշխող դիրքի չարաշահման»։ Եւ հանձնարարել է դադարեցնել  չհիմնավորված գների կիրառումը ու վերադարձնել 2024 թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2025 թ. մայիսի 31-ը հավաքագրված հավելյալ հասույթը:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image