Օրերս գրել էինք Փարաքար խոշորացված համայնքում եռացող քաղաքական կրքերի՝ իմպիչմենթի, հրաժարականի, նոր «չընտրության» մասին, որի արդյունքում համայնքի կառավարումը ՔՊ-ի դաշնակից Դավիթ Մինասյանից փոխանցվեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, ով ընտրություններում բավականին ձայներ էր ստացել, կրկին դուրս մղվեց համայնքային իշխանությունից։
«Հրապարակի» հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը բացել էր ընտրության կուլիսները, պատմել, որ ավագանու անկախ անդամ, փարաքարցի, «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ նախագահ Եմին Երիցյանը, ում ձայնը որոշիչ եղավ ՔՊ-ականի ընտրության հարցում, ու ով սկզբում միացել էր Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու գործընթացին, վերջին պահին հրաժարվել էր իր տեսակետից եւ խոստովանել, որ իր նկատմամբ ճնշումներ կան իշխանության կողմից։
«Վերջին պահին` ընտրությունների նախորդ երեկո, Էմին Երիցյանն ինձ եւ Վալոդյա Գրիգորյանին հայտնել է, որ իր հանդեպ կան ճնշումներ, որոնք ինքն ի զորու չէ հաղթահարել, եւ ստիպված է ընտրել ՔՊ-ի թեկնածուին»,- ասել էր Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ իշխանությունը պետք է բացահայտի, թե ինչպես է լինում, որ մարդը մի գիշերում կարծիքը փոխում է։
Էմին Երիցյանը լրացուցիչ բացատրություններ տվեց Առաքելյանի ասածների եւ իր նկատմամբ կիրառված ճնշումների վերաբերյալ: Նա հերքեց ճնշումների հանգամանքը ասելով, որ նման բան չի եղել։
- Այսինքն՝ Մեսրոպ Առաքելյանը սո՞ւտ է ասում։ Իմպիչմենթի թղթում գրված է, որ թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է` այդ թղթի տակ կա Ձեր ստորագրությունը։
- Անհեթեթություն է։ Ընտրությունն այլ գործընթաց է, ես միացել եմ Դավիթ Մինասյանի անվստահության գործընթացին, որն այլ գործընթաց է։
- Այո, Մինասյանին անվստահություն հայտնելու որոշման մեջ նշել եք, որ Ձեր թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է` «Ապրելու երկրի» թեկնածուն։
- Իմպիչմենթի թղթում ցանկացածի անուն կարող է գրվել։
- Այդ թղթի տակ Ձեր ստորագրությունն է, այսինքն՝ Դուք ի սկզբանե կողմ եք եղել, որ Գրիգորյանը դառնա համայնքապետ։
- Ոչ, մենք համատեղ հանդես ենք եկել Մինասյանի իմպիչմենթի համար։
- Պարոն Երիցյան, Մեսրոպ Առաքելյանը պատմում է, որ ընտրությունների նախորդ երեկոյան Դուք իրեն ասել եք, թե Ձեր դեմ ճնշումներ են կիրառվում, Դուք չեք կարող դրանց դիմակայել, նա էլ խորհուրդ է տվել դիմել իրավապահներին, եւ ասաց, որ ինքն է դիմելու իրավապահներին։ Սո՞ւտ է։
- Բնականաբար, սուտ է։ Նույնիկ անդրադառնալ իմաստ չունի։ Իրենց այդ հայտարարությունները, պահվածքն արդեն իսկ հիմնավորում են, թե ինչու չպետք է ընտրել իրենց թեկնածուին, եթե նույնիսկ առաջադրվեր։
- Իսկ Դավիթ Մինասյանին ինչո՞ւ էիք անվստահություն հայտնում։
- Եթե տեղյակ չեք, մենք մի խմբակցությունում էինք, ես այդ խմբակցության ղեկավարն էի։ Ես դուրս էի եկել խմբակցությունից, համայնքի զարգացման այլ մոտեցումներ ունեմ ու համայնքում փոփոխությունների կողմնակից էի։ Որպես դրա շարունակություն՝ միացել եմ Մինասյանի իմպիչմենթին, որին էլ հաջորդեց Մինասյանի հրաժարականը։ Այդ խնդիրը լուծվեց։ Վերջ։
- Այո, գիտենք, բայց չգիտենք, թե ինչով էր նա վատը, ինչը չէր համապատասխանում համայնքի զարգացման Ձեր գաղափարին, ինչն էր նա սխալ անում. ավելի կոնկրետ կարելի՞ է։
- Դա այլեւս քննարկման թեմա չէ, անցած փուլ է։ Կառավարման արդյունավետության մասին պատկերացումների տարբերություններ կային։
- Նա էլ էր համարյա ՔՊ-ական…
- Մինասյանը ՔՊ-ի անդամ չէ։
- Բայց դաշինք էր կազմել ՔՊ-ի հետ, Լյուդվիգ Գյուլնազարյանը նրա տեղակալն էր, միասին էին անում ծրագրերը, ի՞նչ տարբերություն՝ Մինասյա՞նը, թե՞ նրա դաշնակից ՔՊ-ական տեղակալը։ Համաձայնեք, որ տարօրինակ է Ձեր ընտրությունը։
- Ոչ մի տարօրինակ բան չկա։ ՏԻՄ-երում համայնքի ղեկավարը դեռ շատ առանցքային դերակատարում ունի։ Նույնիսկ ավագանին դեռ չունի այն դերը, որ նախանշված է Սահմանադրությամբ։ Համայնքի ղեկավարից շատ բան է կախված։ Ու սրանք բնական զարգացումներ են։ Կոնկրետ այս դեպքում՝ ավագանու միջամտությամբ փոփոխություններ կատարվեցին։
- Եթե Ձեզ զրպարտում են, կարող եք զրպարտության ու ստի տարածման համար դատարան դիմել։ Դիմելո՞ւ եք։
- Էլ զբաղմունք չունե՞մ։ Սխալներն ու մեղքերն իրենց մոտ թող փնտրեն։
Փորձեցինք զրուցել նաեւ Փարաքարի բնակիչների հետ։ Նրանց մի մասը, ինչպես Թաիրովի մանկապարտեզի տնօրեն Էլեոնորա Պետրոսյանը, «ընտրություն» եւ «ՔՊ» բառերը լսելով, սարսափահար անջատում էին հեռախոսը՝ դառնալով անհասանելի։ Մյուսները վստահեցնում էին, որ ընտրության հետ առանձնապես հույսեր չեն կապում։ Նոր քաղաքապետը խուսափեց մեր հարցերին պատասխանելուց։ Համայնքի ընդդիմադիր բնակիչներից մեկն էլ՝ Թաիրով գյուղից, ասաց․ «Մեր համայնքապետերի մասին առանձնապես կարծիք չունենք։ Վալոդյայի մասին գիտենք, որ Մերձավանից է, ընդդիմադիր է։ Ինչ մնում է Դավիթ Մինասյանին, չեմ կարող ասել, որ ակնառու վատն էր Դավիթ Մինասյանը։ Ջահել տղա է։ Մեզ մոտ մի 100 տարի ասֆալտապատված չէր, ասեց՝ տենդեր կանեմ, մի մասը դուք վճարեք, մի մասը՝ համայնքը, բայց հետո ամբողջն ինքն արեց։ Գիտեմ, որ ստեղի սթրիփ-կլուբներում ա բազառներ ունեցել։ Նրանից բողոքներ շատ չեմ կարող ասել, որ եղել են։ Նրանից առաջ էլ Սամվել Վարդանյանն էր` մի խայտառակ ղեկավար։ Էս նորին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանին, դեռ չենք ճանաչում, բայց ինչքան էլ հաղթեն նիկոլականները, իրանց պատեպատ տան, համոզված եմ, որ մյուս տարի իրենք էլ չեն լինելու։ Հիմա մեր համայնքում անգամ մոլի նիկոլականները, Նիկոլի համար դոշ տվողներն են հիասթափված»։