Քաղաքականություն

Հարվածը ցավոտ է, բայց Իրանն ունի բավարար ռեսուրս

Հարվածը ցավոտ է, բայց Իրանն ունի բավարար ռեսուրս

Նիկոլ Փաշինյանը Չեխիայում ասել է, որ «շատ մտահոգ» է ու դատապարտում է Իրանի վրա Իսրայելի հարձակումը: Նա մասնակցում է GLOBSEC-2025 ֆորումին, մեկնել է երեկ առավոտյան` ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ: Ու մինչ Փաշինյանը ճամփորդում է, նրա ԱԽՔ-ն հայտարարում է, որ «Երեւանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա», մինչդեռ տարածաշրջանային էսկալացիայի ֆոնին այդ ռիսկն առավել քան իրատեսական է: 
«Այո, Սյունիքի հետ կապված այդ վտանգը գոյություն ունի, եւ ինձ անձամբ այս խնդիրը շատ է մտահոգում: Եթե իսկապես լարվածությունը պահպանվի եւ վերաճի լայնածավալ պատերազմի, հաշվի առնելով այն, որ Իրանի ուշադրությունն ամբողջովին կենտրոնացված է լինելու այդ պատերազմական գործողությունների վրա, ադրբեջանաթուրքական ալյանսը եւ կոնկրետ՝ Ադրբեջանը, կարող են օգտագործել ստեղծված իրավիճակը եւ փորձել հասնել գլխավոր նպատակին` ռազմական գործողությունների միջոցով բռնակցել Սյունիքը: Չմոռանանք, որ մինչեւ այժմ խնդիրն ի նպաստ Ադրբեջանի չի լուծվել, եւ Սյունիքը մնացել է ՀՀ ինքնիշխան տարածքի մաս, հիմնականում ելնելով  նրանից, որ Իրանը հստակ նշել է, որ դա իր կարմիր գիծն է, որը թույլ չեն տալու, որ որեւէ մեկը հատի»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում Թեհրանից ահազանգում է «Ալիք» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը՝ չբացառելով այն սցենարը, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձեն Իրանի դեմ երկրորդ ճակատ բացել՝ Ադրբեջանի տարածքից:

«Այս դեպքում, միանշանակ, Ադրբեջանը կօգտագործի առիթը՝ Սյունիքը բռնակցելու համար»,- շեշտում է նա: Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է անել պաշտոնական Երեւանը: Շահնազարյանի խոսքով, գործող իշխանությունները, առնվազն, այնքան իմաստնություն պետք է ունենան, որ չեզոքություն պահպանեն եւ որեւէ կերպ չտրվեն Արեւմուտքի եւ Իսրայելի հնարավոր սադրանքին՝ ներքաշվելով Իրանի դեմ որեւէ գործողության: Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության շահից է բխում, ըստ Շահնազարյանի, անգամ պրոիրանական ճակատում դիրքավորվելը կամ, առնվազն` չեզոքություն պահպանելը: Մեր զրույցի պահին Իրանում դեռ սպասողական վիճակ էր՝ Իսրայելի ուղղությամբ Թեհրանի հակահարվածն անխուսափելի է լինելու: Հղում անելով գերագույն հոգեւոր առաջնորդի, ռազմաքաղաքական ղեկավարության ուղերձներին, Շահնազարյանը կարծում է, որ պատասխանը կլինի «համաչափ, համարժեք, գուցե՝ ավելի ցավոտ»:
«Բոլորը սպասում են, թե Իսրայելում ինչ թիրախներ է Իրանը խոցելու: Հասարակական կյանքը նորմալ ընթանում է, խուճապ կամ ճգնաժամ չկա, կա լարվածություն, բայց պատկերն այնպիսին չէ, ինչպիսին փորձում են ստեղծել որոշ արեւմտյան լրատվամիջոցներ»,- ասաց նա: Ըստ լրատվամիջոցների, գիշերային հարձակման հետեւանքով շուրջ 20 զինվորական է զոհվել: Արդեն պաշտոնապես հաստատված է, որ Իրանի ԶՈՒ 3 բարձրաստիճան հրամանատար է զոհվել՝  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին եւ գեներալ-մայոր Ղոլամանի Ռաշիդը` առանցքային ռազմավարական նշանակության Խաթան կենտրոնական ռազմաբազայի հրամանատարը: Զոհվել են նաեւ Իրանի միջուկային ծրագրում առանցքային դերակատարում ունեցած 2 գիտնական ֆիզիկոսներ: Օգտագործվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները, որոնք Իրաքի տարածքից թեւավոր բալիստիկ հրթիռներ են արձակել որոշ թիրախների ուղղությամբ, բայց Թեհրանում ու մի քանի քաղաքներում դրոնային հարձակում է եղել: 
Ըստ իրանական սոցցանցերի տեղեկությունների, Մոսադին հաջողվել է ներթափանցել Իրան, գործակալական ցանց ստեղծել այնտեղ եւ  հարվածային կամիկաձե ԱԹՍ-ների բազա տեղակայել, որտեղից էլ, ըստ լուրերի, եղել է հարձակումը: Հարվածներ են հասցվել Թեհրանի, Սպահանի, Թավրիզի, Քերմանշահի ուղղությամբ: Թիրախավորվել են Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնները, որոնք, ըստ պաշտոնական լրատվության, քիչ են տուժել եւ չեն դադարեցրել գործունեությունը: Թեհրանն այնքան մեծ է, որ տարբեր թաղամասերում հրթիռակոծման ձայներն անգամ չեն լսվել: Արամ Շահնազարյանն առավոտյան 5:30-ին լրահոսից է իմացել հարվածների մասին:  
Բարձրաստիճան գեներալների կորուստները, որ կրել է Իրանը, մեր զրուցակցի խոսքով, իհարկե, լուրջ հարված են Իրանի համար, բայց պետք է նկատի ունենալ, որ Իսրայելը գործում է նույն ձեռագրով, ինչ Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ էր գործում՝ գլխատել ռազմաքաղաքական ղեկավարությանը: Շահնազարյանի խոսքով, եթե «Հեզբոլլահի» դեպքում նա որոշակի հաջողություն ունեցավ, Իրանի դեպքում դա չի կարող լինել՝ ԻՀՀ-ն, որը տարածաշրջանային գերտերություն է եւ «Հեզբոլլահի» հետ համադրելի չէ: «Հարվածը ցավոտ է, բայց Իրանն ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի փոխարինի այդ հրամանատարությանը, արդեն իսկ հայտարարվել է, թե ովքեր են փոխարինելու սպանված գեներալներին: Սա նշանակում է, որ Իրանն ունի այդ ռեսուրսը»,-շեշտում է մեր զրուցակիցը:
Շահնազարյանը չի բացառում, որ այս իրավիճակը, տեսականորեն, կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի, բայց նման կանխատեսման համար պետք է մի քանի հանգամանք նկատի ունենալ: Նախեւառաջ այն, թե ում է ձեռնտու լայնամասշտաբ էսկալացիան: Տարածաշրջանում մեծ պատերազմը, ըստ նրա, ձեռնտու է միայն Իսրայելին ու, մասնավորապես՝ Նեթանյահուին. Իսրայելում հասարակական լուրջ խզում կա իշխանության ու հասարակության միջեւ, եւ իշխանությունը, հրահրելով նոր պատերազմներ, այդ թվում՝ Գազայում, Սիրիայում, հիմա արդեն՝ Իրանում, նպատակ ունի նախ վիժեցնել Իրանի միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ եւ հնարավորինս ընդլայնել էսկալացիան՝ փորձելով ներքաշել նաեւ Արեւմուտքին՝ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, որ երկարաձգի իր իշխանությունը: «Բոլորի համար ակնհայտ է, որ Նեթանյահուն իր իշխանության գոյությունը կարողանում է պահպանել այս պատերազմների շնորհիվ, որոնք եթե վաղն ավարտվեն, ու Իսրայելում ընդդիմությանը հաջողվի միավորվել, նա հաղթանակի շանս չի ունենա եւ անմիջապես կկանգնի դատարանի առջեւ: Սա եւս մոտիվացիա է, որ նա այս օրերին գնա ցանկացած արկածախնդրության, ընդհուպ մինչեւ լայնածավալ պատերազմի: Թե՛ Նեթանյահուն, թե՛ Իսրայելի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ Իրանի հետ կապված հասել են անդառնալի կետի, այսինքն՝ դիմակայությունն անխուսափելի է: Սա նշանակում է, որ իրենք պատրաստվում են նաեւ լայնածավալ պատերազմի»,-բացատրում է Արամ Շահնազարյանը:

Իսրայելական հարձակման հետեւանքով Իրանի հայկական համայնքում, բարեբախտաբար, տուժածներ ու կորուստներ չկան: Իրանահայ համայնքը, ինչպես ասում է Շահնազարյանը, մեծ ընտանիքի մի մասն է ու գտնվում է նույն վիճակում, ինչ ամբողջ հասարակությունը՝ ապրում է իր բնականոն կյանքով, բայց որոշակի լարվածության եւ սպասողականության մեջ: 

Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք իսրայելական նոր հարձակման մասին` թիրախում Թավրիզի եւ Համադան քաղաքի ռազմաբազաներն են։ Արամ Շահնազարյանն ասաց. «Այս երկուսն Իրանի արեւմտյան օդային տարածքը պաշտպանելու առումով ռազմավարական շատ կարեւոր նշանակություն ունեն, եւ զուր չէ, որ հենց դրանք են թիրախ դարձել։ Փորձագիտական շրջանակներում մտավախություն կա, որ Թավրիզը ռմբակոծելը լուրջ նպատակ ունի` Իսրայելն ու ԱՄՆ-ն պատրաստվում են Նախիջեւանով Ադրբեջանում նոր ճակատ բացել, իսկ Թավրիզի ռազմաբազան այդ տարածքի օդային անվտանգությունն է ապահովում»: Իրանում քննարկվում է, որ մեկ տարի առաջ, երբ նախագահի օդանավը կործանվեց, Թեհրանը ռազմավարական սխալ թույլ տվեց` Թուրքիային թույլատրելով, որ բայրաքթարներով մասնակցի որոնողական աշխատանքներին, եւ այդ ընթացքում` թռիչքներ իրականացնելիս, սկանավորեցին տեղանքը։ Իրանում վստահ են՝ երկրի ներսում գործակալական ցանց է գործել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image