«Հրապարակ»-ի զրուցակիցը ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն է:
-Պարո՛ն Տարասով, ՌԴ ԱԳ նախարարի Հայաստան այցը կայացավ՝ 3 տարվա դադարից հետո: Այն կնպաստի՞ հայ-ռուսական հարաբերությունների, այսպես ասած, ձնհալին:
-Դա առաջին ծիծեռնակն էր, առանց որի գարուն չի լինում: Դատելով պարոն Լավրովի հռետորաբանությունից, այցը, այսպես ձեւակերպեմ, հաշտությանն էր ուղղված՝ Ռուսաստանը փորձում է շրջանցել Հայաստանի հետ հարաբերություններում գոյություն ունեցող սուր անկյունները: Դատելով հայկական կողմի պահվածքից, Միրզոյանի հայտարարություններից, Հայաստանի իշխանություններն այդ հարցում լիովին բաց չեն, բայց հայ ժողովուրդը գրագետ, առաջադեմ ժողովուրդ է եւ կարողանում է ճիշտ տեսնել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները: Դուք տեսնում եք, որ Մերձավոր Արեւելքում են փոփփոխություներ տեղի ունենում, այժմ ուղիղ երկխոսություն կա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ, աշխարհի մասշտաբով ուրվագծվում է մեծ քաղաքականությունը: Հարավային Կովկասն այդ գործընթացների առաջին կետում չէ, աուտսայդեր է: Վրաստանը պահանջում է Վաշինգտոնից հստակեցումներ, Հայաստանն է մտածում՝ Եվրոպայի վրա խաղադրույք դնել, թե ոչ, որն ինքը` իր խնդիրներն ունի: Փաշինյանը հասկանում է, որ տնտեսական խնդիրներ կունենա: Տեսնում ենք Ադրբեջան-Իրան հարաբերություններում փոփոխություններ, զորավարժությունները եղան, եղավ Իրանի միջոցով միջանցքի առաջարկը: Զանգեզուրի միջանցքի ակտուալությունն է արդեն դուրս եկել՝ Թուրքիայում բարդակ է, Թուրքիան ու Իսրայելը գրեթե նախապատերազմական վիճակում են: Զանգեզուրի միջանցքի նախագիծը վտանգավոր է դարձել: Այս պայմաններում, հասկանալի է, որ փոքր պետությունները պետք է գործընկերներ գտնեն: Սա, իհարկե, չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորված են, ռուսական էլիտայում այդ առումով լուրջ նստվածք, հետեւանքներ կան: Շատ վերլուծաբաններ ու մեկնաբաններ անգամ չեն ցանկանում անդրադառնալ հայկական օրակարգին, Հայաստանի հետ հարաբերությունների հարցերը չեն մեկնաբանում: Սա աննախադեպ ֆենոմեն է:
- Ասվածը արդյո՞ք նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ եվրոպական հեռանկարն իրական ու իրատեսական չէ՝ դատելով նաեւ Միրզոյանի հայտարարությունից:
- Պետք չէ լինել Պուտինը, Թրամփը կամ Փաշինյանը՝ հասկանալու համար, թե ինչ է ԵՄ-ն: Ի՞նչ է, նրանք նո՞ր արթնացան:
- Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսին է, Դուք ասացիք, որ ԱԳ նախարարի այցը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն էր ուղղված:
- Ռուսաստանի կուրսը փոխվել է: Ռուսաստանը հետխորհրդային տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման ուղղությամբ է գնում: Լավրովի այցը, այսպես ասած, հետախուզական էր, պատրաստվում է Մատվիենկոյի այցը: Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ Հայաաստանը չհեռանա, որովհետեւ մեզ համար շատ ցավալի կլինի, եթե Հայաստանը՝ որպես պետություն չլինի: Բայց, դա հայ ժողովրդի ընտրությունը պետք է լինի:
- Հայաստանում տեսակետ կա, որ Փաշինյանը՝ սպասվող հերթական ընտրություններին ընդառաջ, կփորձի վերարտադրվելու համար Ռուսաստանի աջակցությունը ստանալ եւ դրանով է պայմանավորված երկու երկրների հարաբերություններում որոշակի դրական միտումը:
- Ռուսաստանը չի խառնվի Հայաստանի ներքին գործերին, դա միանշանակ է, որովհետեւ, եթե նա դա ցանկանար անել, լծակներ ուներ: Հայաստանում Արեւմուտքն է վխտում,մենք կողքից նայում ենք, այստեղ հարցը հետեւյալն է՝ ո՞վ է ում ավելի շատ հարկավոր՝ Հայաստանը՝ Ռուսաստանի՞ն, թե՞ Ռուսաստանը՝ Հայաստանին: Մեր երկիրը մեծ տերություն է, մեր մանեւրելու հնարավորությունների դաշտը շատ ավելի լայն է: Դուք տեսնում եք, որ Կիեւի խնդիրը Վաշինգտոնի հետ է քննարկվում, Հայաստանի խնդիրը կարող է քննարկվել Թուրքիայի հետ: Այնպես որ, դա հայ ժողովրդի ընտրության հարցն է: Ռուսաստանը չի ուզում ԽՍՀՄ -2 կառուցել, բայց եւ չի ցանկանում, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի դեմ պլացդարմ դառնա: Փաշինյանը հենվեց Արեւմուտքի վրա, բայց այդ ակնկալիքը փլուզվեց՝ ԱՄՆ-ին միեւնույն է Հայաստանը, Ֆրանսիան հեռու է…
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանությունների հայտարարությունները համոզի՞չ կլինեն Ռուսաստանի համար, նրանց հռետորաբանության մեջ եւս փոփոխություն կար:
- Հայտարարությունները ընդամենը խոսքեր են: Երբ ամուսնանալու խոստում են տալիս, դա չի նշանակում, որ պատրաստվում են ամուսնանալ: Քաղաքականության մեջ կարեւորը գործողություններն են, քայլերը:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ իշխանությունները շարունակում են Արեւմուտքի հետ խաղերը: Նախօրեին Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,- գրել էր նա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հետո: Իսկ ընտրությունների նախաշեմին եւրոպացի առաջնորդներին Հայաստան բերելը նախընտրական քարոզչության լավ էլեմենտ կլինի: