«Հրապարակի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
- Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Դանիա` կոպենհագենյան ժողովրդավարության ֆորումին մասնակցելու, որտեղ կրկին խոսել է իր՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին, որը նույնիսկ Ալիեւն է աբսուրդ որակել։ Ի՞նչ նպատակով է Փաշինյանը համառորեն շրջանառում իրականություն դառնալու զրո հավանականություն ունեցող այդ տեսլականը։
- Եթե չեմ սխալվում, այդտեղ իբրեւ թե իրենց ժողովրդավար համարող երկրներն էին մասնակցում, բայց մեր պարագայում սա պետք է դիտարկել միայն որպես արեւմտյան վեկտորին հավատարմության երդումի եւ հավաստիացումների տեսակետից։ Թեեւ ես վստահ եմ, որ այս այցի անվան տակ նաեւ այլ կարգի հանդիպումներ են եղել, որոնց մասին մենք չենք տեղեկանա, համենայնդեպս, նման տեղեկություններ լրատվամիջոցներում չտեսա։ Ինձ համար շատ զարմանալի էր այդ այցի ընթացքում Հայաստանից այդքան բարձրաստիճան ներկայություն՝ արտգործնախարարի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ միասին։ Հաշվի առնելով ընդհանրապես Դանիայի դերը եվրոպական համայնքում եւ առավել եւս այդ համաժողով կոչվածի կարեւորությունը կամ ազդեցությունը, սա վաշինգտոնյան համաժողովը չէր, որի մասին կարելի էր մի քիչ այլ տոնայնությամբ խոսել։ Եվ սա ենթադրել է տալիս, որ այդ համաժողովի մասնակցության ներքո այլ հանդիպումներ եւս եղել են: Մենք արդեն սովորել ենք, որ այս իշխանությունների պարագայում տարատեսակ գաղտնի հանդիպումներ են լինում, որոնց տխուր եւ աղետալի հետեւանքներին մենք որոշ ժամանակ անց ենք ականատես լինում, եւ ես ենթադրում եմ, որ սա նմանատիպ հանդիպումների շարքից էր։
- Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ԱԳ նախարարի ներկայությունը Ձեզ հիմք է տալիս կարծել, որ գաղտնի հանդիպումնե՞ր են եղել։
- Ես, ճիշտն ասած, որեւէ տրամաբանություն չեմ տեսնում նման հանդիպումներին Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցության մեջ: Եթե մենք դիտարկեինք դա որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքների համախումբ ինչ-որ մի քննարկումների շրջանակ, բացի իր ելույթից, այլ հանդիպումների մասին` այլ երկրների ղեկավարների հետ, մենք չլսեցինք։ Իսկ ընդունող կողմը, բնականաբար, ժեստն արել էր եւ իր պետության ղեկավարի մակարդակով՝ ոչ թագավորի, քանի որ Դանիան թագավորություն է, կառավարության ղեկավարի մակարդակով հանդիպում տվել է, բայց մնացած այլ հանդիպումների մասին մենք առանձնապես չտեղեկացանք։ Եվ սա մտածել ու խորհել էր տալիս, որ սա ընդամենը պատրվակ էր, եւ դրա ներքո այլ կարգի հանդիպումներ եւ համաձայնություններ են եղել մեր տարածաշրջանում, իրենց որդեգրած ուղու հետագա քայլերի եւ նաեւ հանրային այս ըմբոստությունը, հավանաբար, ճնշելու միջոցների վերաբերյալ։
- Այս ամենին զուգահեռ, ռուսական կողմը հայտարարում է, որ Հայաստանը դադարեցրել է ՀԱՊԿ կազմում 3 փոխվարչապետների ֆորմատին մասնակցությունը՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան, որով կոմունիկացիոն, տրանսպորտային եւ տնտեսական հարցերին լուծում պետք է տրվեր։
- Փոխվարչապետների ֆորմատից դուրս գալն ուղղակի վերջ դրեց ռուսական հարթակում հնարավոր բանակցությունների շարունակմանը։ Սա դրա պարզ դրսեւորումն էր։ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ կարծես վերահաստատեցին, որ սառեցվել է, եւ, բնականաբար, աստիճանաբար հետ են քաշվում որեւէ մասնակցությունից, այդ թվում՝ նաեւ ֆինանսական վճարումներն են կասեցված: ԵԱՏՄ-ում այս տարի չակնկալենք որեւէ բան, որովհետեւ նախագահող երկիր ենք, բայց եթե մենք չկարողացանք այս իշխանություններին հեռացնել, ապա ԵԱՏՄ նախագահության ավարտից հետո չեմ բացառում, որ կտեսնենք նաեւ դրանից դուրս գալուն ուղղված քայլեր։ Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, մենք տեսնում ենք վաղուց գծված եւ իրականացվող խաղի արդեն բացահայտ դրսեւորումներ ու հայտարարություններ թե՛ եվրոպական կողմից, երբ հայտարարում են, որ այստեղ տարածաշրջանային վերահսկող են տեսնում եւ կարեւորագույն դերակատար Թուրքիային, թե՛ ԵՄ տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները` որ շատ կարեւորում են Հարավային Կովկասում Միջին Ասիայի հետ կապվելն ու տրանսպորտային հաղորդակցության, այդ թվում՝ նաեւ էներգետիկ կապուղիների անցկացումը: Այսինքն՝ իրենք բացում են ծրագրի այն դրվագները, որոնք մեր հանրությունը, որքան էլ որ վերլուծաբաններն ու քաղաքագետները նշում էին այդ մասին, մտածում էր, որ դա ընդամենը տեսական քննարկման դաշտից է, սակայն այդ ամենի տակ կա հստակ գծված ծրագիր։ Ես ուղղակի մի բան նշեմ․ մեր հանրության համար դա կարող է նաեւ կողմնորոշիչ լինել` ոչ մի պետություն միլիոնավոր դոլարներ չի ծախսում եւ ճանապարհներ ու երկաթուղի կառուցում, եթե վստահություն ու հավաստիացում չունի գրեթե 200 տոկոսանոց, որ այդ ծրագիրն իրականություն է դարձել։ Իսկ Ադրբեջանը, կներեք, դեպի Մեղրի հսկա ե՛ւ ճանապարհ է կառուցել, ե՛ւ երկաթգիծ, այսինքն՝ նա վաղուց այդ հավաստիացումներն ուներ եւ խնդիրը մեր հանրությանը դա մատուցելն էր, մեր հանրության համար դա ընկալելի դարձնելն էր։
- Իսկ կարողացե՞լ են հանրությանը դա ընկալելի դարձնել։
- Ոչ, քանի որ իրենց ծրագրերը հանրության տարբեր շերտերի ընդվզման արդյունքում իրենց ուզած ժամանակահատվածում չեն կարողանում կայանալ, եւ սա վերաբերում է արեւմտյան ծրագրերին, թուրք-ադրբեջանական պահանջներին: Սա որոշակիորեն հետաձգել է, բայց դա չի չեզոքացնում այն հանձնառությունը, որ գործող կառավարության ղեկին նստած անձը վաղուց տվել է այդ երկրներին։
- Ալիեւը հայտարարել է, որ Մինսկի ֆորմատը մեռած է, այս ֆորմատից հրաժարվում են։
- Դա նորություն չէ, Ալիեւը բազմիցս խոսել է այդ մասին եւ հիմա ավելի է շտապում այդ գործող միակ բանակցային ձեւաչափը ջնջելու, անգամ փաստաթղթային ձեւով, որոշումների մակարդակով, որը լրիվ կվերացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգային ատյաններում քննարկման կամ վերակենդանացման որեւէ հնարավորություն։ Հիշենք, որ ցանկացած որոշում ԵԱՀԿ-ում ընդունվում է կոնսենսուսով, այսինքն՝ եթե այսօր հաշվի առնելով նաեւ մեր իշխանությունների ջանքերով Մինսկի ֆորմատի չեզոքացումը, կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ-ում նմանատիպ հարց առաջադրելու դեպքում մեր իշխանությունները վետո չեն կիրառի, եւ այս պարագայում շատ հեշտ է լինելու ադրբեջանական կողմից նոր բանակցային ֆորմատ ստեղծելու կամ վերականգնելու դեմ վետոյի կիրառումը, քանի որ արդեն կոնսենսուսային համաձայնություն է պետք դրա համար։ Սա է խնդիրը, որ Ադրբեջանը շտապում է մինչեւ վերջ ջնջել Արցախի հետ կապված որեւէ քննարկման, վերածննդի, վերկանգնման հնարավորություն։
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, շանս ունի՞ խառնելու այս ծրագրերը, հետաձգելու կամ ի չիք դարձնելու այս ամենը, թե՞ շարժումը գնալով թուլանում է։
- Ոչ, շարժման թուլացում մենք չենք նկատում, գործընթացը բավականին բարդ է, հանրային աջակցությունը կա, խնդիրն այն է, որ պետք է այդ հանրային աջակցության եւ դրա դրսեւորման առումով որոշակի տեսանելիություն ապահովվի, որը, բնականաբար, միշտ չէ, որ հնարավոր է ամենօրյա, ամենժամյա ռեժիմով անել, եւ, անկեղծորեն` դրա կարիքն էլ չկա։ Այս պարագայում ես ուղղակի մեր հանրությանը կհորդորեմ, որ չհուսահատվեն, որ իրենց աջակցությունն անվերապահ դրսեւորեն ոչ միայն խոսքով, ինչ-որ գրառումներով վիրտուալ տիրույթներում, այլեւ իրենց ֆիզիկական ներկայությամբ, որովհետեւ մենք, բնականաբար, չենք ցանկանում ներքին բախումների կամ ինչ-որ անկայունության միջոցով փոփոխություններ, իրավական դաշտում պետք է գործընթացը գնա, եւ այս առումով, բնականաբար, հանրային ներկայությունն ու աջակցությունը կրիտիկական են։ Եվ սա բոլորը պիտի հիշեն: Այս առումով ճնշումը գործող իշխանությունների վրա հնարավորություն կտա ի վերջո ձերբազատվելու նրանցից եւ նրանց բերած, նրանց խոստումներով իրականացվող ազգադավ եւ կործանարար ծրագրերից։