Այո, Արցախի վրա թքած ունեցողը խիստ վիրավորվում է՝ երբ թքած են ունենում տնտեսական ենթակառուցվածքի (ՀԷՑ) վրա: Հատկապես եթե այն սեփականատեր ունի, և վերջինս էլ հենց թքած ունի դրա վրա: Խոսքը ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի մասին է, ում նախորդ օրը փորձեցին մասկի շոու բեմադրելով՝ բերման ենթարկել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրամանով: Եվ ում նկատմամբ քրեական գործ հարուցեցին համարյա թե անմեղ արտահայտության համար: Ով ժամանակին գնել է ՀԷՑ-ը ՀՀ կառավարությունից և ներդրումներ է կատարել դրանում: ՀՀ վարչապետ կոչվածն էլ որոշել է պետականացնել ՀԷՑ-ը, սեփականատերն էլ նման վերաբերմունք է արտահայտել այդ որոշման առնչությամբ: Չնայած կարող էր դիմել միջազգային արբիտրաժային դատարան և կլորիկ գումար պոկել Հայաստանից: Այդ ամբողջը կլիներ իսկական կրկես՝ եթե չլիներ այդքան զավեշտա-ողբերգական:
Զարգացումներին հետևելով՝ արձանագրենք, որ, վարչապետի աթոռից կառչած անձի ասելով, Սամվել Կարապետյանը դրսից Հայաստան եկած մարդ է: Այսինքն, Հայաստանում ծնված ու մեծացած, Ռուսաստանում կարողություն ձեռք բերած, դրա մի մասը Հայաստանում և Արցախում ներդրած անձը դրսեցի է: Եվ որպես դրսեցի՝ վերջինս իրավունք չունի «պարտադրել» (չակերտավոր, քանի որ նման պարտադրանք չի եղել) իր կամքը: Ասվածի զավեշտը կայանում է նաև նրանում, որ ընթացքում չի մոռանում իր կողմից կառավարվող երկիրը բնութագրել որպես ժողովրդավարական: Եվ օրենսդրության ու բարոյականության վրա թքած ունենալով՝ դիմում է «ամենակոշտ և ամենակոպիտ միջոցի՝ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն,- իր ասելով,- պաշտպանելու համար»:
Ինքը, բնականաբար, ցանկություն չունի տեսնելու, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է պաշտպանել ոչ թե Սամվել Կարապետյանից կամ նրա նմաններից, այլ արտաքին թշնամուց: Որի (Իլհամի) կամքը չի դադարում կատարել՝ բացարձակ որևէ արժեք չունեցող թղթի կտոր ձեռք գցելու նպատակով: Եվ եթե որևէ տեղից սպառնում են Հայաստանի հեղինակությանը, ապա դրա աղբյուրը կրկին ոչ թե ռուսաստանաբնակ հայ գործարարն ու բարերարն է, այլ արտաքին նույն թշնամին: Իհարկե, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տեսողությունը թույլ չի տալիս, որպեսզի ինքը նկատի դա: Եվ եթե որևէ մեկը վիրավորական տոնով խոսում է մեր երկրի հասցեին, ապա դա կրկին ոչ թե Սամվել Կարապետյանն է, այլ արտաքին հենց նույն թշնամին։ Իհարկե, այս երևույթը ևս նկատելի չէ երբեմնի «դուխով» Նիկոլի համար:
Անցնենք Արցախի վրա թքած ունենալու երևույթի նյութական մասին: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ենք մենք կորցրել զուտ տարածքի առումով՝ կատարեմ համեմատություն: Արցախի հետ միասին Հայաստանն ուներ ավելի քան 42 հազար քառ/կմ տարածք: Արցախի կորստյամբ Հայաստանը կորցրել է իր տարածքի մեկ երրորդ մասը: ՌԴ տարածքը կազմում է ավելի քան 17 մլն քառ/կմ: Հեռավոր Արելքում գտնվող՝ 5-6 տասնյակի հասնող Կուրիլյան կղզիախմբի տարածքը կազմում է ընդամենը 10500 քառ/կմ: Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած ճապոնիան Ռուսաստանից պահանջում է խմբի 4 մեծ կղզիները: Որոնց տարածքը կազմում է 5-6 հազար քառ/կմ, կամ ՌԴ ողջ տարածքի 0,03 տոկոսը: Ռուսաստանը հրաժարվում է վերադարձնել, ու Ճապոնիան էլ հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ: Եթե հանուն խաղաղություն հաստատելու ՌԴ-ն վերադարձնի 4 կղզիները, ապա դրանց կորուստը 10,000 անգամ ավելի պակաս կլինի, քան Արցախի կորուստն էր մեզ համար: Բայց ինչպես տեսնում ենք, ՌԴ ոչ մի ղեկավար թքած չի ունեցել Կուրիլների մի մասի վրա: Ի դեպ, նույնիսկ այն ժամանակ, երբ պատկերացում չկար, որ դրանց հարող տարածքում կարող են գտնվել նավթագազային պաշարներ:
Եթե ոմանց կարող է թվալ, թե միայն Ռուսաստանի ղեկավարությունն է այդպիսի «ժլատը»՝ ի տարբերություն «մեծահոգի» Նիկոլի, ներկայացնեմ մեկ այլ օրինակ: Հարավ-արևելյան Ասիայում գտնվող Ինդոնեզիա պետության տարածքը կազմում է 1,9 մլն քառ/կմ: Այն բաղկացած է շուրջ 17,5 հազար կղզիներից: Նրա տարածքի մեջ է գտնվում Թիմոր կղզին, որի արևելյան մասն առանձին պետություն է՝ Արելյան Թիմոր անվանումով: Այն 1975 թվականին անկախություն է ստացել Պորտուգալիայից, մեկ տարի անց նվաճվել է Ինդոնեզիայի կողմից, 23 տարի պայքարել է անկախության համար և վերջապես այն ստացել է հանրաքվեի միջոցով: Փոքր այդ պետության տարածքը կազմում է ընդամենը 15 հազար քառ/կմ կամ ավելի քան 126 անգամ փոքր Ինդոնեզիայի տարածքից՝ կազմելով վերջինիս տարածքի շուրջ 0,8 տոկոսը: Այսինքն, այդ կտորի համար Ինդոնեզիան 23 տարի իր տարածքի մի մասում պատերազմ էր վարում: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն, օրինակ, բանի տեղ չի դնում նույն թշնամու կողմից 2020-ից հետո բուն ՀՀ տարածքի 0,7 տոկոը զավթելու խնդիրը: Ավելի ճիշտ, փորձում է հիմարի տեղ դնել մարդկանց՝ ասելով, թե վերը նշված թղթի կտորի ստորագրման դեպքում թշնամին դա վերադարձնելու է կամովին: Մնում է, որ ասես՝ իյա՜, իրո՞ք…