Ռուսաստանի մշակույթի նախարարությունն այս տարվա մարտի 1-ից սկսում է բոլոր այն կինոնկարների ստուգումը (ըստ էության՝ գրաքննությունը), որոնք չունեն կինովարձույթ դուրս գալու արտոնություն։ Նպատակը պարզելն է, թե որ ֆիլմերն են վարկաբեկում ավանդական արժեքները, եւ դրանց տարածումը կանխեն։ Նախարարության հրամանագրից պարզ է դառնում, որ եթե մասնագիտական եզրակացություն լինի, որ այս կամ այն կինոնկարը կամ կինոնկարները վարկաբեկում են ռուսական հոգեւոր-բարոյական արժեքները կամ քարոզում են դրանց ժխտում, կամ եթե նմանատիպ բովանդակությամբ ահազանգ ստացվի այն կինոնկարի համար, որը հրապարակվել է տեսալսողական որեւէ սերվիսում կամ սոցկայքում, ապա կկայացվի համապատասխան որոշում։
Ընդ որում, մշակույթի նախարարություն կարող է ազատորեն ահազանգել յուրաքանչյուր անձ՝ առանց հատուկ ընթացակարգերի։ Հարկ եղած դեպքում մշակույթի նախարարությունը քննվող խնդրահարույց կինոնկարի մասին կարող է կարծիք հարցնել գիտական եւ կրթական հաստատություններից կամ էլ մշակութային համայնքի հեղինակավոր անդամներից։ Ոչ պակաս, քան 420 րոպե տեւողությամբ կինոնկարների ստուգումը չպետք է գերազանցի 20 օրը։ Խախտումը հայտնաբերելու դեպքում մշակույթի նախարարությունը համապատասխան գրավոր դիմում կներկայացնի «Ռոսկոմնադզորին»։ Վերջինս իր հերթին կինոնկարը ստեղծողներից կամ տարածողներից պահանջելու է ոչ ավել, քան 24 ժամում հեռացնել կինոնկարը։ Պահանջ կարող է ներկայացվել նաեւ այն հայտնի էջերի սեփականատերերին, որոնց սոցկայքային էջերի լսարանն օրական գերազանցում է 500 հազար դիտումը, եւ որոնք «անընդունելի բովանդակությամբ» տեսանյութեր են տեղադրել։ Անընդունելի բովանդակությամբ ժապավենները նաեւ չեն ստանա վարձույթ դուրս գալու արտոնություն։ Մշակույթի նախարարությունը կարող է փոփոխել նախկինում տրված արտոնագրերը, եթե մասնագիտական եզրահանգումը չխոսի հօգուտ ընդունված չափանիշների։ Գրաքննվելու են թե՛ ռուսական, թե՛ արտասահմանյան կինոնկարներն ու սերիալները։ Ավանդական արժեքների հարցում ղեկավարվելու են ՌԴ նախագահի թիվ 809 հրամանագրով, որտեղ սահմանված է, թե ինչ բան է ավանդական արժեքը, եւ որոնք են ՌԴ-ում համարվում ավանդական արժեքներ։ Բայց պարզ է, որ դրանք շատ ընդհանրական սահմանումներ են, եւ սա պարզ գրաքննություն է, որն իշխանությունը կիրառում է անցանկալի կոնտենտի նկատմամբ: