Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին մարզի մուտքը և թույլ չէին տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին մուտք գործել Շիրակի մարզ: Մինչ ոստիկանությունը բացեց Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը, գերեվարված քաղաքացիների հարազատները փակեցին Ազատանի և Գյումրու մուտքերը: Նրանք բղավում էին, թե գերի չունեն, ընդդիմությունն անելիք չունի, թող հեռանա:
Լուրեր են շրջանառվում, որ ընդդիմության մուտքը Գյումրի խոչընդոտելը մարզային իշխանության գաղափարն էր: Սադրիչները ՔՊ-ականների համակիրներն են, որոնք, օգտագործելով գերիների ծնողներին, իրավիճակը լարել են:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզից դեռևս 39 զինծառայող գտնվում է գերության մեջ:
Hraparak.am-ը զրուցեց 2020թ-ին Խծաբերդում Շիրակի մարզի Այգաբաց համայնքից գերեվարված 23-ամյա պահեստազորային Ռոբերտ Գևորգյանի հոր՝ Հովհաննես Գևորգյանի հետ: Գերության մեջ գտնվող զինծառայողի հայրը խնդրեց չքաղաքականացնել գերիների հարազատների քայլը․ «Գերիների ծնողներն ընդամենը իրենց երեխեքին են ուզել: Ես ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության կողմնակից եմ, ո՛չ նրան եմ մեղադրում, ո՛չ նրան, բայց գիտեք՝ ինչ կա․ գերու ծնողն ուզում է, որ իր երեխեն շուտ տուն գա, պահել, մեծացրել ես, տվել հայրենիքին ու․․․․»:
Հարցին՝ եթե ոչ իշխանությանը, ապա ընդդիմությանը նման պահանջ ներկայացնելով որքանով է հավանական, որ որդիները տուն կվերադառնան, գերու ծնողն ասաց․ «Վանեցյանը ելույթ ունեցավ, ասեց, որ նուրբ հարց է, կարելի է լուծել, որպես ուժ մեկ տարի է՝ խորհրդարանում են, ինչ արեցին: Ես հիշում եմ՝ արցախյան շարժման, առաջին պատերազմի ժամանակ բոլորս մի բռունցք էինք, էն ժամանակ չկար դիմություն եւ ընդդիմություն, իսկ հիմա ուրիշ է, ուրիշ շահեր են հետապնդում, դրոշ են կանգնեցնում, դրանով Հայաստան չես փրկի ․․․ »:
Հովհաննես Գևորգյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք գերեվարված զինծառայողների ծնողների եւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ վերջերս հանդիպում է եղել, որի ընթացքում մարզպետը տեղեկացրել է, որ ընդդիմության գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետաձգել է գերիների վերադարձի պրոցեսը:Ավելին, ինչպես այսօր հնչեց ծնողներից մեկի կողմից՝ իրենց որդիներին չեն վերադարձնում, քանի որ ապրիլի 24-ին ընդդիմադիրներն այրեցին Թուրքիայի դրոշը:
«Հանդիպում գուցե եղել է մարզպետի հետ, ես ներկա չեմ եղել, որովհետև վերջին շրջանում առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարող հստակ ասել՝ եղել է, ինչ են խոսել, դե, հեռախոսով էլ բաներ կան չեմ կարող մյուսներից ճշտել: Բայց Թուրքիայի դրոշն այրելով պարզ չէ, որ մեր երեխեքին չէին տա, Թուրքիան իր հեռահար նպատակներն ունի, դրանով էլ ավելի հրահրեցին․․․»: