Միավորված ազգերի կազմակերպությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին դեսպան (2013-17) Սամանթա Փաուերը երեկ ԱՄՆ Սենատի կողմից հաստատվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (անգլ.՝ United States Agency for International Development, USAID) տնօրենի պաշտոնում։
Այս մասին տեղեկանում ենք դիվանագետի թվիթերյան էջից։
«Հաստատված է: Շնորհակալ եմ բոլորիդ այս վերջին ամիսներին ձեր աջակցության համար։ Ես այնքան երախտապարտ եմ Սենատի կողմից այս երկկուսակցական վստահության քվեի համար և այնքան եռանդուն եմ, միանալով անհավատալի USAID-ի թիմին, մեծ գործեր անելու համար: Գործակալության աշխատանքն ամբողջ աշխարհում երբևէ ավելի կենսական չի եղել», - գրել է Փաուերը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն առաջնորդում է «միջազգային զարգացման ու հումանիտար ջանքերը՝ կյանքեր փրկելու, աղքատությունը նվազեցնելու, ժողովրդավարական կառավարումն ուժեղացնելու և մարդկանց օժանդակելու առաջընթացի մեջ»:
Գործակալության նորանշանակ տնօրեն Սամանթա Փաուերը հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում երկար տարիների աշխատանքով։ Դեսպանին այս պաշտոնի համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջադրել էր հունվարի 13-ին։ USAID-ը գործում է նաև Հայաստանում, ծրագրեր է իրականացրել նաև Արցախում։
Ապրիլի 24-ին, երբ Բայդենն իր ուղերձում 20-րդ դարասկզբի հայկական կոտորածներն անվանել էր ցեղասպանություն, ամերիկացի դիվանագետը հրապարակել էր իր, Բայդենի (այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ), ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար (2011-16) Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ լուսանկար։ 2015 թվականի մայիսի 7-ին նրանք մասնակցել էին ԱՄՆ Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին: