Մասնագիտական կադրերի ճգնաժամը ներկայիս իշխանության օրոք առկա է գրեթե բոլոր ոլորտներում եւ օղակներում։ Բացառություն չէ նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որի պաշտոնական կայքից «հետաքրքիր» մի վիճակագրություն դուրս բերեցինք: Այսպես. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների 32 ղեկավարից 12-ը ժամանակավոր պաշտոնակատար է, որոնց մի մասի դեպքում բացակայում է թե՛ լուսանկարը, թե՛ կենսագրությունը։ Առավել հետաքրքիր են նրանց մասնագիտական կրթությունը եւ ստանձնած պաշտոններին դրանց «համապատասխանությունը»:
Հատկանշական է, որ նշված պաշտոնների համար առայսօր, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, չի հրապարակվել համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն: Իսկ սա նախեւառաջ խոսում է պատասխանատվության բացակայության մասին, որն այսօր համատարած ու համակարգային բնույթ է կրում։
Երեւանի քաղաքապետարանում ժամանակավոր պաշտոնակատարները պաշտոնավարում են հետեւյալ հաստիքներում․
1) Աշխատակազմի քարտուղարը (կենսագրությունը կայքում առայսօր բացակայում է, նշանակվել է մոտ 15 ամիս առաջ)
2) Աշխատակազմի քարտուղարի տեղակալը (նշանակվել է 2024թ․ մայիսին, ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը)
3) Առեւտրի, ծառայությունների եւ գովազդի վարչության պետը (նշանակվել է 2024 թվականի ապրիլին, ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը)
4) Բնապահպանության վարչության պետը (նշանակվել է 2023 թվականի մայիսին, ավարտել է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի բակալավրիատը եւ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան)
5) Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետը (կենսագրությունը կայքում բացակայում է)
6) Լրատվության վարչության պետը (նշանակվել է 2024թ. հունվարին, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը)
7) Մատակարարման եւ տեխնիկական սպասարկման վարչության պետը (նշանակվել է 2024թ. մարտին, ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով երկրաբանության մագիստրոսի կոչում)
8) Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետը (նշանակվել է 2023թ․ դեկտեմբերին, ավարտել է Երեւանի պետական համալսարանի հոգեբանության եւ փիլիսոփայության ֆակուլտետը)
9) Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը (կենսագրությունը կայքում բացակայում է)
10) Վերահսկողության վարչության պետը (նշանակվել է 2024թ. փետրվարին, ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական եւ Երեւանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետները)
11) Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետը (նշանակման ժամկետը նշված չէ, 4 տարի առաջ ավարտել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճարտարապետություն եւ դիզայն» ֆակուլտետի մագիստրատուրան):
12) Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը (կենսագրությունը կայքում բացակայում է):
Ի դեպ, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի կենսագրությունը նույնպես կայքում առայսօր բացակայում է, որից պարզ չէ նրա կարգավիճակը (նշանակվել է 2023թ. ապրիլին, մասնագիտությամբ ֆիզիկոս է):
Տարօրինակ է, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից բացակայում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների եւ ՊՓԲԸ-ների վերաբերյալ պաշտոնական տվյալները, այդ թվում եւ դրանց ղեկավարների մասին: