Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել (28.04.2021) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բանակցությունների ջանքերի կարևորությանը։
«Քարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը շեշտեցին ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունն ու քննարկել մի շարք հարցեր», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ Պետդեպի՝ քարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի կարևորությունը: «Քարտուղարը նշեց, որ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից շարունակական ջանքերի կարևորությունը բանակցելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված տևական քաղաքական կարգավորման շուրջ`օգուտ բերելու տարածաշրջանի բոլոր բնակիչներին», - եզրափակված է հայտարարության մեջ:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ու Բլինքենը մտքեր փոխանակեցին հայ-ադրբեջանական պատերազմի ավարտից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Ալիևն ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությանը ներկայացրեց Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում, նշեց, որ Բաքուն աշխատանքներ է իրականացնում հայերի կողմից ավերված ադրբեջանական տարածքները վերականգնելու ուղղությամբ», - ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Ըստ ադրբեջանական մամուլի ծառայության՝ Ալիևը նաև նշել է տարածաշրջանում հաղորադակցությունների բացման կարևորությունն ու Բլինքենին տեղեկացրել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին: «Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության վերաբերյալ»:
Զրույցի ընթացքում Բլինկենն ասել է, որ «Միացյալ Նահանգները 2021-ին նույնպես ժամանակավորապես կասեցրել է «Ազատության աջակցության մասին» օրենքի (Freedom Support Act) 907-րդ բանաձևը (հոդվածը): Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է նաև, որ ընդգծվել է «Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների զարգացման, քաղաքացիների իրավունքների ապահովման, քաղաքական բազմակարծության կարևորությունը»։
Զրույցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև «ԱՄՆ նախագահի կողմից հայերի «ցեղասպանության» ճանաչման խնդրին»:
«Ալիևը նշեց, որ Թուրքիան Ադրբեջանի մերձավոր բարեկամն է և դաշնակիցը, հետպատերազմյան շրջանում կարևոր ու դրական դեր է խաղում տարածաշրջանում, իսկ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունն Ադրբեջանի ղեկավարությունը և երկրի հասարակությունն ընդունեցին մտահոգությամբ»:
Ալիևն ու Բլինքենը նաև ընդգծել են «երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը, «Հարավային գազային միջանցք» ծրագրի հաջող իրականացումը», բարձր են գնահատել «Ադրբեջանի մասնակցությունն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը»:
Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ինչ վերաբերում է «Ազատության աջակցության ակտ» (Freedom Support Act) օրենքին, ապա այն 1992-ի օգոստոսին ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը։ Սրանով նախատեսվում է ծավալուն օժանդակություն ԽՍՀՄ կազմից դուրս եկած Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին տնտեսության, ժողովրդավարական կառավարման և այլ ոլորտներում։
Հաշվի առնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ 1992-ին հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ օրենքի տեքստում ներառվել էր 907-րդ բանաձևը, որով արգելվում է ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ նախագահը չի համոզվել, այնուհետև՝ զեկուցել Կոնգրեսին, որ «պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:
Բանաձևի նախաձեռնողն այն ժամանակ Դեմոկրատական սենատոր Ջոն Քերին էր եղել, ով այժմ Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահական հատուկ բանագնացն է։ Նախագծին կողմ էր քվեարկել նաև ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը։