Կառավարությունը հարկային խիստ վարչարարություն կիրառելով, հարկերն ու տուրքերը բարձրացնելով, արտերկրից նոր վարկեր վերցնելով՝ ձեւավորում է պետական բյուջեն, որտեղից էլ համայնքապետարանների հետ որոշակի համամասնությամբ` ֆինանսավորում են համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ Սակայն տարբեր ուղղվածության սուբվենցիոն ծրագրերի մի զգալի մասը տարիներով ձգձգվում է՝ անհանգստություն պատճառելով այդ համայնքների բնակիչներին, բայց ոչ՝ համայնքային եւ պետական բարձր պաշտոնյաներին։
Նախկինում գրել ենք Դիլիջանի Գետափնյա փողոցի, մայթերի կառուցապատման գրեթե 900 միլիոն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրի իրականացման խախտումների մասին։ Այդ ծրագրով նախատեսված շատ աշխատանքներ չեն իրականացվել, կատարված գործերն էլ նախագծից մեծ շեղումներով են արվել։ Ծրագրի իրականացումից առաջ Դիլիջանի համայնքապետարանը պարտավոր էր այդ ծրագրի տվյալներով տեղեկատվական վահանակ տեղադրել այդ փողոցում, չի արել։ Հունվարի 29-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին․ «Որքա՞ն է Դիլիջանի Գետափնյա փողոցի կառուցապատման, ասֆալտապատման, փողոցի հարակից մայթերի բարեկարգման սուբվենցիոն ծրագրի արժեքը, ե՞րբ է ծրագրի սկիզբը, ե՞րբ է այն ավարտվելու, նախագծի եւ կատարված աշխատանքների միջեւ որքա՞ն տարբերություններ կան»։
Համայնքի ղեկավարը մինչ օրս չի պատասխանել մեր հարցմանը։ Անձնական գործում իր սեռի վերաբերյալ «արու» գրած, ՔՊ-ական Դավիթ Սարգսյանը նախկինում էլ չի պատասխանել մեր տեղեկատվական հարցումներին՝ երեւի իրեն բարձր դասելով օրենքից։ Գուցե չի պատասխանել նաեւ այն պատճառով, որովհետեւ իր պատասխանով պետք է ակամա ընդուներ, որ Գետափնյա փողոցի ծրագիրը մեծ խախտումներով է իրականացվում, դրա ուշացման մեջ կա ծրագրի պատվիրատու Դիլիջանի համայնքապետարանի, նաեւ իր՝ համայնքի ղեկավարի մեղքը։
Փետրվարի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Տավուշի մարզպետի աշխատակազմում հաճախ եք քննարկում մարզում սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, ժամկետները։ Դիլիջան համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանին հունվարի 29-ին տեղեկատվական հարցում եմ արել․ «Որքա՞ն է Դիլիջանի Գետափնյա փողոցի կառուցապատման, ասֆալտապատման, փողոցի հարակից մայթերի բարեկարգման սուբվենցիոն ծրագրի արժեքը, ե՞րբ է ծրագրի սկիզբը, ե՞րբ է այն ավարտվելու, նախագծի եւ կատարված աշխատանքների միջեւ որքա՞ն տարբերություններ կան»։ Համայնքապետը, խախտելով ՀՀ սահմանադրությունը եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, չի պատասխանել հարցմանս: Խնդրում եմ, որ Դուք պատասխանեք այդ հարցերին»։
Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատում եւ մայթերի վերանորոգում սուբվենցիոն ծրագիրը ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել այն պայմանով, որ նախատեսված աշխատանքների 50 տոկոսի մեկնարկը կտրվի 2024 թվականին, մյուս 50 տոկոսինը՝ 2025 թվականին։ ՀՀ կառավարության 12․02․2026 թ․ թիվ 142-Ա որոշման համաձայն՝ նշված ծրագրի վերջնաժամկետ է սահմանվել 2027թ․ հունիսի 30-ը»։ Մարզպետը չի պատասխանել այն հարցերիս, թե որքան է Դիլիջանի Գետափնյա փողոցի ասֆալտապատման, մայթերի բարեկարգման սուբվենցիոն ծրագրի արժեքը, երբ է մեկնարկել այն, նախագծի եւ կատարված աշխատանքների միջեւ ինչ տարբերություններ կան։ Կարող եմ ենթադրել, որ «Հրապարակ» օրաթերթում այդ ծրագրի վերաբերյալ քննադատական հոդվածիցս հետո ծրագրի վերաբերյալ քննարկում է եղել, կառավարությունում որոշել են եւս 1,5 տարով երկարաձգել նախագծային մեծ շեղումներով իրականացված, ձգձգված ծրագրի ժամկետը։