Քաղաքականություն

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն ակնարկում 2011 թ․-ն, այսինքն՝ Լավրովի պլանը, հիմա էլ կա փաստաթուղթ

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն ակնարկում 2011 թ․-ն, այսինքն՝ Լավրովի պլանը, հիմա էլ կա փաստաթուղթ

1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմից հետո մատների վրա հաշված դեպքերում, թերևս միայն 2-3 անգամ, քարոզարշավի շրջանակում է հանդես եկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ։ 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է 2010 թ. հուլիսի 17-ին արտահայտած մտքերից մեկը. «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանավանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը»:
Բնական է, որ եփած հավն էլ կհասկանար, որ նրա ֆեյսբուքյան կարճ գրառումը, որով հիշեցրել էր 2010 թ. հուլիսի 17-ին արտահայտած մտքերից մեկը, ինչ-որ մի անալոգիա է այդ ժամանակի հետ։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մեզ հետ զրույցում հստակեցրեց․ «Այսինքն՝ լավրովյան պլանի այդ ժամանաշրջանի հետ։ Երբ այն ժամանակ էլ չէր ասվում ճշմարտությունը, թե ինչի շուրջ են խոսում, ու հիմա անալոգիան այն է, որ այս իշխանությունը ողջ ճշմարտությունը չի ասում։ Ըստ իս՝ այդ ակնարկն էր, որ այն ժամանակ էլ իշխանությունները խաղը չբացեցին։ Գուցե եթե այն ժամանակ ճշմարտությունն ասվեր, ժողովուրդն աստիճանաբար դրան պատրաստվեր և այլն, որովհետև, եթե ինչ-որ մի խաղաղության պլանով գնում ես, հասարակությունը դրան պետք է ադապտացվի, որովհետև, եթե ասում ես՝ «հաղթելու ենք», ու դրա պիկի ժամանակ պարզվում է, որ ինչ հնարավոր է, տվել ես, դա ավելի շոկային է»։
 
 Հիշեցնենք. 2007 թվականին բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքներին 2010 թվականին եկան փոխարինելու «մադրիդյան առաջարկները», որ 10 տարուց ավելի քննարկման թեմա էին՝ տարբեր վարիացիաներով: Դրանցից մեկն էլ 2011-ին ի հայտ եկած կազանյան փաստաթուղթն էր, որի մասին ԱԳՆ այն ժամանակվա խոսնակ Տիգրան Բալայանը 2016-ին ասել էր․ «2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»։

Հիշեցնենք նաև, որ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցում շեշտվեց նաև այն, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական Երևանը ոչինչ չի ասում․ կամ չի ուզում, կամ պատրաստ չէ։ Ու Երևանի լռության մասին ալիևյան պնդումների ֆոնին տերպետրոսյանական, այսպես ասենք` խորհուրդը, թե պետք չէ թաքցնել ճշմարտությունը, ակնարկ է, որ խոսակցություն լավ էլ ընթանում է: Այլ բան է, որ այս իշխանությունն այդ մասին չի ասում։
 
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իր հիշեցման մեջ 1-ին նախագահը նաև ասաց, որ հիմա էլ կա փաստաթուղթ, որի մասին եթե հասարակությանը  չես ասում ու ձգձգում ես, համաձայնության չես գալիս, ապա, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող ես ավելի վատ տարբերակ ստանալ: «Ընդհանրապես, դա Տեր-Պետրոսյանի կրեդոն է, որը միշտ, բոլոր ժամանակներում ասում է, որ այն, ինչ կարող ես ստանալ հիմա՝ արժանապատվորեն, հետո մուրալու ես, ու չեն տալու»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image