«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանին։
-Պարո՛ն Միրզոյան, Ադրբեջանի նախագահի խորհրդական Ամիրբեկովը երեկ, ըստ էության գաղտնազերծեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում արդեն իսկ հանձնառություն է ստանձնել Ադրբեջանի առջեւ՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Ադրբեջանցի պաշտոնյան ասաց, որ Փաշինյանը դա հնարավոր է համարել 2027 թվականին, ինչը Բաքուն ուշ է համարում։
- Ինձ ամար այս ողջ պատմության մեջ ամենակարեւորն այն է, որ հերթական անգամ ջրի երես են դուրս գալիս բանակցային գործընթացին առնչվող կարեւորագույն փաստեր, իրադարձություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Սա առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը բացում է որոշակի չակերտներ, փակագծեր, ներկայացնելով հանգամանքներ, որոնց մասին մեր իշխանությունները կամ զլանում են կամ չեն համարձակվում խոսել։ Եթե հավատանք Ամիրբեկովի հայտարարություններին, իսկ մենք այս պարագայում նրան չհավատալու հիմք չունենք, նշանակում է, որ երկրի վարչապետը կամ նրա լիազորած մարդիկ, առանց տեղյակ պահելու հանրությանը, վաղուց ի վեր վարում են բանակցություններ, որոնք վերաբերում են կարեւորագույն հարցերին։ Ես այստեղ տեսնում եմ խնդիր, թե ինչպես պետք է որակել այդ վարքագիծը։ Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի , դա այլ կերպ, քան հակասահմանադրական, ես բնութագրել չեմ կարողանում։
-Չնայած նրան, որ Փաշինյանը իր վրա նման պարտավորություն է վերցրել, Բաքուն փաստացի դժգոհ է ու հարցն ուզում է արագ փակել։ Ամիրբեկովն ուղիղ ասաց, թե արդյո՞ք արտաքին աշխարհը պատրաստ է սպասել մինչեւ 2027թվականը։ Սա ի՞նչ ակնարկ էր։
-Ես այդ հարցազրույցը չէի տարանջատի ինչ-ինչ էլեմենտների, կդիտարկեի ամբողջության մեջ։ Ակնհայտ է այդ հարցազրույցից, որ ադրբեջանական կողմը թելադրում է օրակարգը։ Մենք երբ հարցադրում ենք անում , թե ինչու է այս հանգմանքը այսպես, այն հանգմանաքը՝ այնպես, բաց ենք թողնում ամենակարեւոր փաստը՝ այն, որ ադրբեջանական կողմն է այսօր օրակարգը թելադրում՝ ամբողջությամբ։
-Ու, դրանով հանդերձ, Ադրբեջանը հակված չէ որեւէ փաստաթուղթ ստորագրել։ Այդ նույն անձը, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը թղթի կտոր էր անվանում՝ ասելով, թե չենք ուզում ստորագրել մի թղթի կտոր, որը Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է գան ու չեղարկեն։
-Ադրբեջանը հակված չէ ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ չեն արտացոլվի իր բոլոր պահանջները։ Ամիրբեկովի հայտարարությունից ակնհայտ է, որ Ադրբեջանը կստորագրի այնպիսի փաստաթուղթ, որն ամբողջությամբ կսպասարկի իր շահերը։ Եվ հենց դրա վրա էլ ադրբեջանական կողմն այս պահին աշխատում է։ Դա ակնհայտ է։ Ես Ձեր ուշադրությունը կհրավիրելի մեկ այլ հանգամանքի վրա․ նույն այդ հոդվածում Ամիրբեկովն անդրադառնում է նաեւ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի խնդրին։ Որքանով ես տեղյակ եմ, մեր ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանք ունեցել է այս հարցի վերաբերյալ, բայց ինձ շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է այդ հայտարարության վերաբերյալ ԱԳՆ-ն որոշակի մեկնաբանություն անում, սակայն ամենակարեւորագույն հարցի մասին՝ Սահմանադրության փոփոխության մասին որեւէ մեկնաբանություն չկա։
-Ստացվում է, որ, Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարությունը ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում։
-Դե, դա արդեն իրենցից պետք է հասկանալ։ Փաստացի, մինչեւ այս պահը որեւէ մեկնաբանություն չկա։
-Պարոն Միրզոյան, Ձեր հիշատակած մեկնաբանությամբ, ՀՀ ԱԳՆ-ն ըստ էության հաստատեց, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին առնչվող հատվածը, ինչը ասում էր նաեւ Ամիրբեկովը, բայց փաստ է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու գաղափարից Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվել։ Բաքվի նպատակը ո՞րն է, խնդիրը հանել հնարավոր փաստաթղթի տեքստից, որ այն փորձի լուծել այնպես, ինչպես ցանկանու՞մ է, օրինակ, ուժով։
-Ես այստեղ կուզնայի հիշեցնել ԶԼՄ-ներով շրջանառվող մեկ այլ տեղեկություն, այն մասին, որ այն փաստաթուղթը, որը ստորագրվելու է, լինելու է ոչ թե վերջնական պայմանագիր, այլ յուրատեսակ ճանապարհային քարտեզ, այսինքն, այն սկզբունքների նկարագիրը, որոնց հիման վրա հետագայում կստորագրվի ամբողջական պայմանագիրը եւ կկարգավորվեն հարաբերությունները։ Ակնհայտ է, որ եթե նույնիսկ առաջիկայում ստորագրվելիք հնարավոր փաստաթղթում այպես կոչված, Զանգեզուրի միջանցքը տեղ չի գտնում, այն դուրս չի գալիս բանակցային օրակարգից եւ դրա մասին բացահայտ կերպով հայտարարում են։ Ավելին, դրա մասին բաց տեսքստով հայտարարում է նաեւ թուրքական կողմը, որի հետ ադրբեջանական կողմը համակարգված աշխատանք է տանում։ Հիշեցնեմ՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ միայն Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման դեպքում Թուրքիան պատրաստ կլինի գնալ Հայաստանի հետ սահմանի բացմանը։
-Վերջում, պարո՛ն Միրզոյան, երբ մեր շուրջը աշխարհը եռում է, երբ Ադրբեջանի պահանջները ավելանում են, իսկ հռետորաբանությունն ավելի կտրուկ է դառնում, Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, անհոգ կյանքի իմիտացիա է բեմադրում՝ Երեւանի փողոցներով հեծանիվ, ֆոտոսեսիաներ․․․Այս անադեկվատ պահվածքի գինը ո՞րն է լինելու մեր երկրի համար։
-Գիտե՞ք, ես կցանկանայի, որ Դուք այդ հարցն ուղղեիք այն մարդկանց, որոնք մինչեւ օրս շարունակում են աջակցել ու վստահել օրվա իշխանութուններին։ Արդյո՞ք նրանք իրենց ապահով են զգում նմա իշխանության հետ, արդյո՞ք հավատում են, որ այս խառնիճաղանջ իրավիճակում, երբ երկրի ղեկավարն իր ողջ ժամանակը նվիրել է հեծանվավարությանն ու կայնքի այլ վայելքներին, դա նորմալ պահվածք է։