Հարցազրույց

«Հրապարակ». Եթե ինչ-որ օտարազգիներ որոշեին հաստատվել Հայաստանում, ավելի քիչ խնդիրներ կունենային, քան մենք

«Հրապարակ». Եթե ինչ-որ օտարազգիներ որոշեին հաստատվել Հայաստանում, ավելի քիչ խնդիրներ կունենային, քան մենք

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

- Ձեզ հետ կապ պահող հադրութցիները հիմնականում ի՞նչ խնդիրներ ունեն:

- Խնդիրները շատ-շատ են: Առաջնահերթը բնակարանային շահառուների հարցն է: Շատերի մոտ փաստաթղթային անճշտություններ կան, մե՛կ ասում են` ծննդականները չեն համապատասխանում, մեկի անձնագրային տվյալները, մեկի մահվան թուղթը չկա, սա չկա, նա չկա, մարդիկ ուշանում են, չեն կարողանում ժամանակին գրանցվել կամ թեկուզ քաղաքացի դառնալ: Չգիտեն` այդ քաղաքացիությունն ում է պետք, եթե մենք եղել ենք Հայաստանի մի մասը: Ասում են՝ քաղաքացի դարձեք, 3 ամիս հետո կգաք` ստանալու: Մարդիկ չեն կարողանում շահառու դառնալ, հասկանալ` ինչ անել, ոնց անել:

- Դա պատճառ է դառնում, որ երկրից հեռանա՞ն:

- Ինչքան նման հարցերն ուշանում են, այնքան մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել` որտեղ են ապրելու: Ժամանակն անցնում է, մարդիկ անորոշության մեջ են՝ 1 տարի, 2 տարի: Ասել են, որ բնակարանային հարցը 3 փուլ է լինելու: Մարդիկ կան՝ անչափահաս երեխաներ չունեն, ընտանիքը 5-6 հոգի է, երեխաները մեծացել են, չափահաս են դարձել, այսօր ասում են՝ դուք դեռ շահառու չեք, 2 տարի հետո` նոր: Ստացվում է՝ 2 տարի թափառականի պես պիտի ապրեն, նոր հասկանան` տուն որտեղ առնեն, որտեղ աշխատանքի տեղավորվեն: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեին: Այդ պրոբլեմները հնարավորինս պիտի մեղմացվեին կառավարության կողմից:
Կառավարությունն էլ որոշում է ընդունել, որ եթե 168 օր այստեղ չլինես, շահառու չես լինի: Եթե մարդն այստեղ չի կարող աշխատանք ճարել կամ այս պահին չի կարողացել հարմարվել, թողել-գնացել է ինչ-որ մի տեղ աշխատելու` արտերկիր, հետո իրեն ասելու են՝ դու շահառու չես, որովհետեւ 168 օր Հայաստանում չես եղել: Եթե ինչ-որ օտարազգիների խումբ որոշեր գաղթել ու հաստատվել Հայաստանում, երեւի այսքան խնդիրներ ու պրոբլեմներ չէին ստեղծի նրանց համար, որքան մենք հանդիպեցինք:

- Այսինքն, արհեստական խնդիրների եք հանդիպում: Կարծում եք` հատո՞ւկ են անում, որ արցախցիները հեռանան:

- Եթե նույնիսկ հատուկ չեն անում, չհասկանալով են անում, ուրեմն ճիշտ մարդիկ չեն որոշումները կայացնում․ ես այդպես կասեի:

- Բայց ստացվում է, որ արցախցիները լքում են, այսինքն՝ արդյունքը նույնն է:

- Իհարկե: Պատերազմից հետո, տեղահանումից հետո, երբ հադրութցիների մի մասը՝ Ստեփանակերտում, մի մասն Ասկերանում տեղավորվեց, զգում էինք, որ ինչ-որ մտայնություն կար, իսկ սա զգում ես, որ, Աստված չանի, եթե երկարաժամկետ լինի` 10 տարի, 20 տարի... վերջը չի երեւում: Մենք այստեղ ո՛չ հող ունենք, ո՛չ տարածքներ ունենք: Հիմա Հայաստանի որ մաս էլ գնանք, ամեն մի հողի կտոր իր տերն ունի, մենք երբեք այստեղ չենք կարող հողի տեր դառնալ, որովհետեւ հադրութցիների մեծ մասը գյուղացիներ են՝ դրա համար եմ ասում: Հիմա մարդիկ կա՛մ պիտի փող ունենան, որ այդ հողը գնեն, կա՛մ էլ ոչ ոք նրանց հող չի տա, որ նրանք հողով իրենց ապրուստը վաստակեն: Պետությունն ընդհանրապես դրա մասին չի մտածում եւ, իմ կարծիքով, չի էլ կարող, իսկ եթե կարողանում է, նման հարցերում չի էլ խորանում: Բնակարանային ապահովման ծրագրով ասում է, որ այդ գումարից 3 միլիոնը կարող են հատկացնել հող առնելու համար․ ես չեմ հասկանում՝ չի՞ կարող պետությունը պահուստային ֆոնդից հող հատկացնել, ասել` գնացեք, մշակեք, ապրեք:

- Հողի հատկացումը կարո՞ղ է խնդիրը լուծել:

- Իհարկե, պետք է հասկանան, որ այս մարդիկ, ասենք թե, մի գյուղում բնակվեցին, իր տնամերձից բացի, եթե լավագույն դեպքում կարողանա հողագործությամբ զբաղվել, մշակաբույսերով զբաղվել եւ այլն:

- Փաստաթղթերի հետ կապված ի՞նչ խնդիրների եք բախվում:

- Գնում ես, ասում են` այս փաստաթուղթը սխալ է, գնա` այս մի փաստաթուղթը բեր, որ կարողանաս թղթաբանությունդ կազմել, ասում ես` այդ փաստաթուղթը չկա, հնարավոր չէ բերել, եթե արխիվում կա, բերեք հանենք, ես որտեղի՞ց այդ թուղթը բերեմ: Զգում ես, որ այդ հարցը երբեք չես կարողանալու լուծել, իրենք էլ չեն լուծելու: Վաղը, մյուս օրը դառնում է մի տարի, ընդհանուր մոտեցում չկա, կոնկրետ փաստաթղթերի հետ կապված՝ ամուսնության վկայական լինի, ծննդական, ցանկացած փաստաթուղթ, կառավարությունը պիտի մի ընդհանուր լուծում գտնի այս մարդկանց համար, որ պարզեցվի այդ ամբողջ ընթացքը: Մարդիկ կան՝ ուղիղ 1 տարի չեն կարողանում իրենց փաստաթղթերը կարգի բերել: Գոնե այս հարցով պետք է մարդկանց փորձեին օգտակար լինել, ձեռք մեկնել:

- Կապը պահո՞ւմ եք հադրութցիների հետ:

- Օրեցօր կապը բնակչության հետ կտրվում է: Կառավարությունը որոշել է, որ Արցախի իշխանություն չկա... հիմա դուք եք այս մարդկանց խնդիրները լուծում, այնպես արեք, որ այս մարդիկ զգան, որ իրենց հայրենիքում են, այս հայրենիքի մի մասն են: Տեղահանվել են, իրենց ծննդավայրը կորցրել են, բայց հայրենիքի մի մասն են: Ես չեմ տեսնում, որ ընդհանուրի համար ինչ-որ փոփոխություն կա, կարող է ինչ-որ մի խնդրի շուրջ լուծում են գտնում, մի քանի հոգի օգտվում է, իսկ մնացածը` ո՛չ լսում, ո՛չ էլ տեղեկանում է այդ մասին, մեկը լսում է՝ մյուսները չեն իմանում, որ կարող են դրանից օգտվել:

- Այսինքն, համակարգված չեն օգնությունները, աջակցության ծրագրերը:

- Իհարկե, մեկին` ամեն ինչ, մյուսներին` ոչինչ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image