Այսօր վերջապես մենք դատարանից ստացանք Նիկոլ Փաշինյանի հայցն` ընդդեմ «Հրապարակի» եւ դատարանի որոշումն` այն վարույթ ընդունելու մասին:
Հիշեցնեմ, որ հունիսի 6-ին մենք մի հրապարակում էինք արել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» հարցադրմամբ, որն, ըստ էության, Փաշինյանի տեւական գրառումների արձագանքն էր` սրբազանների կողմից իրեն քեռակիններին «դոմփելու», կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, նրա կնոջ կողմից` սրբազաններին մանկապիղծ անվանելու եւ այլ դրսեւորումների: Փորձել էինք համարժեք հարցադրումներով ի ցույց դնել, որ բամբասանքներով եւ օդում կախված լուրերով մենք նույնպես կարող ենք հարցեր ուղղել իրեն, որոնք, ըստ էության, հռետորական են` պատասխան չեն ենթադրում, բայց հասցեատերերին հունից հանում են, վիրավորում, վրդովվեցում:
Այդ հրապարակումից ժամեր չանցած Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնաց, որ «Հրապարակին» դատի է տալու եւ շարունակեց նույն լեքսիկոնով գրառումներ անել Եկեղեցու, սրբազանների եւ Վեհափառի հասցեին:
Ինչպես եւ խոստացել էր Փաշինյանը` քաղհայցը գրել են, ուղարկել դատարան, դատարանն այն վարույթ է ընդունել եւ մի օրինակն ուղարկել է մեզ: Հայցում նա գրել է, որ իր հասցեին զրպարտչական բնույթի տվյալներ ենք հրապարակել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը` «նրան վերագրելով հակաբարոյական վարքագիծ, որը հասարակության մոտ ձեւավորում է բացասական կարծիք վարչապետի բարոյական որակների մասին»:
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի մասին կարելի է ավելի բացասական կարծիք ձեւավորել, քան ձեւավորված է մեզանում եւ այդ բացասական կարծիքը պայմանավորված կարող է լինել նրանով, թե նա իր կնոջը դավաճանո՞ւմ է, թե՞ ոչ: Հանրությունը, մեծ հաշվով, թքած ունի, թե այս իշխանության մեջ ով ում է դավաճանում` որպես կին եւ տղամարդ, քանզի որքան հասկանում ենք` դա արձանագրելն անգամ անհնարին է` դավաճանությունների քանակի ու ծավալի մեծության պատճառով:
Բացի այդ, իշխանավորներից ակնկալում են, որ ոչ թե իրենց ամուսիններին չդավաճանեն, այլ իրենց հայրենիքին, իրենց սկզբունքներին ու ծրագրերին, որով եկել են իշխանության եւ քվե ստացել: Իսկ թե ով ում անկողնում է` մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում:
Մեր նշված հրապարակումն էլ արվել է միայն այն պատճառով, որ ինքը` հայցվոր Փաշինյանը մտել էր սրբազանների անկողինները եւ «օդից կախված» լուրեր էր հրապարակում: Մենք ընդամենը օգտվել ենք իր թելադրած ոճից եւ առաջնորդվել իր սահմանած օրակարգով:
Ի դեպ, հայցվոր Նիկոլ Փաշինյանը` որպես բարոյական վնասի փոխհատուցում «Հրապարակից» պահանջում է 1 միլիոն դրամ գումար, իսկ որպես փաստաբանի վարձատրության փոխհատուցում` 240 հազար դրամ: Ընդհանուր հաշվով` 1 միլիոն 240 հազար դրամ:
Բացի այդ` հայցվորը դատարանից պահանջել է դատավարությունը սկսելուց առաջ զննության ենթարկել հոդվածը, քանի որ այն «կարող է անդառնալիորեն կորել կամ` խմբագրվել»: Ի գիտություն հայցվորի` այդ հրապարակումն Արցախը չէ, որ անդառնալիորեն կորչի, կամ բոլոր հնարավոր միջոցներով նրա մասին հիշատակումներն անգամ ջնջեք համացանցից: «Հրապարակից» առհասարակ ոչ մի նյութ չի հեռացվում, ոչինչ չի ջնջվում եւ մենք մեր ոչ մի ասած խոսքից չենք հրաժարվում:
Հայցվորը նաեւ դատարանից պահանջել է որպես հայցի ապահովման միջոց 1 միլիոն դրամի արգելանք դնել «Հրապարակի» դրամական միջոցների վրա, քանի որ «պատասխանողի ոչ բարեխիղճ գործողությունների արդյունքում (դրամական միջոցները թաքցնելը) հնարավոր է դատական ակտի կատարումը դժվարանա, իսկ վերջինս խուսափի դրամական հատուցումը վճարելու պարտավորությունից»:
Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել խոչընդոտել «Հրապարակի» գործունեությունը եւ ամեն ինչ անել, որ դժվարացնի մեր աշխատանքը, բայց ուզում ենք հիասթափեցնել` իր մեկ միլիոն դրամի հայցապահանջը մեր աշխատանքը չի կարող խոչընդոտել:
Արդեն տասնյակ ընթերցողներ են կապվել խմբագրություն` առաջարկելով իրենց զորակցությունն ու ֆինանսական աջակցությունը, եթե հանկարծ մեր երկրին այսքան վնասներ պատճառած Նիկոլ Փաշինյանն` իր կամակատար դատարանի միջոցով մեզ հաղթի եւ մեր նկատմամբ նման ֆինանսական պարտավորություն սահմանվի:
ՀԳ Դատարանը, ըստ ամենայնի, գիտակցել է այս պահանջների աբսուրդայնությունը եւ հայցի ապահովման միջոցներից բավարարել է միայն մեկը` զննության է ենթարկել հոդվածը, իսկ «Հրապարակի» հաշիվների վրա արգելանք դնելու պահանջը մերժել է: