Հասարակություն

Չինացին դատարանին խնդրել է իրեն մեղմ դատել, դատարանը 5,5 տարի է տվել

Չինացին դատարանին խնդրել է իրեն մեղմ դատել, դատարանը 5,5 տարի է տվել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի, 1985թ․ ծնված Սուն Յինգջունը, գտնվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, իր անձնական օգտագործման համար ձեռք է բերել խոշոր չափերով` 0,34 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց եւ նպատակ ունենալով նշված թմրամիջոցը մաքսանենգությամբ ԱՄԷ-ից ապօրինի տեղափոխել Հայաստան, մինչեւ ՀՀ ժամանելը թմրամիջոցը փաթեթավորել է պոլիէթիլենային զիպ փականով տոպրակով եւ փայլաթիթեղով, այնուհետեւ այն տեղադրել է իր կապույտ պլաստմասսե ճամպրուկում եւ ճամպրուկը հանձնել է որպես ուղեբեռ: 

2025 թ․ մարտի 16-ին, ժամը 11:46-ին, Սուն Յինգջունը Դուբայ-Երեւան ավիաչվերթով ժամանել է ՀՀ եւ իր անձնական գործածման համար, առանց իրացնելու նպատակի, ԱՄԷ-ից մաքսանենգությամբ 0,34 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը ՀՀ պետական սահմանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետի տարածքով ապօրինի տեղափոխել է ՀՀ իր ուղեբեռում, ինչը հայտնաբերվել է նրա կապույտ պլաստմասսե ուղեբեռի միջից ՀՀ ՊԵԿ ՄԴՊՎ ՕՀ եւ ԷԱՕՏԻՓՎ բաժինների աշխատակիցների կողմից` «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների սպասարկման եւ ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում իրականացված մաքսային զննման ժամանակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Դատաքննության ընթացքում Սուն Յինգջունն ընդունել է իր մեղավորությունը եւ ցուցմունք տվել այն մասին, որ մինչեւ այժմ ինքն անհամարձակության եւ վախի պատճառով չէր համարձակվում ինքնակամ խոստովանել իր մեղքը, ինչի համար խորապես զղջում է, բանտում անցկացրած ամիսների ընթացքում խորապես գիտակցել է իր սխալները։ Նա հայտնել է, որ Չինաստանում աշխատում էր շինարարության ոլորտում, եւ վերջին տարիներին շինարարությունում վաստակած գումարը շատ քիչ էր, իր հայրը վերջերս մահացել է, մայրն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ մշտական դեղորայքի կարիք։ Իր որդին սովորում է Չանչուն քաղաքի մանկավարժական համալսարանի առաջին կուրսում։ Աշխատավարձը չէր բավարարում առօրյա ծախսերին, այդ պատճառով որոշել է մեկնել արտասահման՝ հուսալով, որ կարող է ավելի շատ գումար վաստակել։

Քանի որ հոր մահվան ժամանակ աշխատում էր, չի տեսել հոր մահը, որն իր համար մեծ հարված է, չի կարողանում իրեն ներել, ինչի հետեւանքով տառապում էր անքնությամբ, ինքնամփոփությամբ եւ միգրենով: Եվ հոր մահից հետո փորձում էր իրեն անզգայնացնել ալկոհոլով եւ թմրանյութով։ Երբ Դուբայում տեսավ, որ ընկերները թմրանյութ են օգտագործում, որոշեց նրանց հետ միասին օգտագործել եւ ընկերոջ միջոցով հեռախոսազանգով գնեց թմրանյութեր: Քանի որ ինքը հաճախ թմրանյութեր չէր օգտագործում, դրա քանակը շատ փոքր էր, ընկերներն անընդհատ պնդում էին, որ թմրանյութ ընդունի, ինչը հանգեցրել է վեճի։ Ինքը վախենում էր, որ նրանք իր մասին կհայտնեն Դուբայի ոստիկանությանը, ուստի թմրանյութը բերել է Հայաստան: Սա առաջին անգամն էր, որ իր հետ թմրանյութ է բերել ՀՀ: Ասել է, որ պատրաստ է կրել պատիժը, սակայն խնդրում է կարեկցանքով մոտենալ՝ հաշվի առնելով, որ միայն չինարեն է խոսում եւ քրեակատարողական հիմնարկում չի կարողանում շփվել որեւէ մեկի հետ` ամեն օր անկյունում թաքնված է անցկացնում ու երբ իրեն վատ է զգում, միայն կարող է սառը ցնցուղ ընդունել, որպեսզի դիմանա։ Դատարանին խնդրել է կարեկցանքով վերաբերվել իրեն եւ մեղմ դատել, քանի որ պետք է գումար վաստակի՝ մորը դեղորայք գնելու, որդու ուսման վարձը եւ կենցաղային ծախսերը հոգալու համար: Արդեն մի քանի ամիս է՝ կապ չունի իր ընտանիքի հետ եւ անհանգստանում է, որ եթե նրանք իմանան իր կալանավորման մասին, չեն ընդունի դա։ 

2025թ․ օգոստոսի 29-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթեւիկ Մուրադյանը վճռել է Սուն Յինգջունի նկատմամբ  պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի՝ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով, եւ ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2025 թ․ մարտի 16-ից, Սուն Յինգջունի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ` ՀՀ  տարածքից վտարելը իր մշտական բնակության երկիր, եւ նրան արգելել գտնվել ՀՀ-ում՝ 10  տարի ժամկետով։ Սուն Յինգջունի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի քրեական դատարանի 2025թ. oգոստոսի 29-ի դատավճիռը: Հիմա գործը քննվում է Վերաքննիչ քրեական դատարանում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image