Հարցազրույց

Ես սկի Աստծուն չեմ հավատում, ուր մնաց Ադրբեջանի հետ խաղաղությանը հավատամ

Ես սկի Աստծուն չեմ հավատում, ուր մնաց Ադրբեջանի հետ խաղաղությանը հավատամ

«Հրապարակի» զրուցակիցը դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանն է, ով տարիներ առաջ մի կուսակցություն հիմնեց` Քաղաքացիական ակտիվ քայլ, որի անունը հատուկ էր այդպես ընտրել, որ հապավումով ստացվի ՔԱՔ:

- Պարոն Դանիելյան, ինչո՞վ է այժմ Ձեր կուսակցությունը զբաղվում:

- Լավ էլի, ինչո՞ւ եք հարցնում: Այդ կուսակցությունը հիմա ընդդիմության տեսքով նստած է պառլամենտում (ծիծաղում է):

- Իսկ եթե ավելի լուրջ: Երկու տարուց տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները, կան խոսակցություններ, որ անգամ արտահերթ ընտրություններ կարող են լինել: Չե՞ք մասնակցելու ընտրություններին, ինչո՞վ եք պակաս մյուսներից:

- Չէ, ոչ մի բանով պակաս չեմ, բայց չեմ մասնակցելու:

- Ասում եք` ընդդիմադիր եք: Փողոցում մարդիկ` Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ պայքարում էին, ինչո՞ւ ընդդիմադիրները չհասան նպատակին:

- Երկու պատճառով` առաջինը` ոչ մի քաղաքական նպատակ չկար, չկար տեսլական, երկրորդ` երբ հների ականջները երևում են, բոլորը գնում են տուն:

- Իշխանությանը հեռացնելը քաղաքական նպատակ չէ՞:

- Չէ, քաղաքական նպատակ չէ, ուղղակի ուզում էին հեռացնել, որ իրենք նստեն աթոռին: Բայց դա քաղաքական օրակարգ չէ, ոչ մի բան երկրին չի տալիս, դրանք զուտ նեղ անձնական ցանկություններ են:

- Երկու օր առաջ Սոֆի Դևոյանին մրցանակ տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Դուք մրցանակներ չունեք դեռ: Եթե մի օր էլ մրցանակ տան, կվերցնե՞ք:

- Ինձ ոչ մի մրցանակ էլ չի սպառնում: Չի էլ սպառնացել երբեք, միշտ հանգիստ ապրել եմ: Մրցանակը պոչի նման մի բան է, որ աճում է մարդու վրա: Դե թող տան մրցանակ, կորոշեմ ինչ անել: Ամեն մեկն ապրում է այնպես, ինչպես ուզում է ապրել, եթե մարդիկ ուզում են մրցանակ ստանալ, թող ստանան, ինչ կա որ:

- Բայց Դուք վաստակել եք մրցանակ ստանալու իրավունքը: Այս իշխանություններից գո՞հ եք:

- Ոչ: Ոչ մի նորմալ մարդ ոչ մի իշխանությունից չի կարող գոհ լինել:

- Բայց երբ ընդդիմությունը սկսում է պայքարել, Դուք սատարում եք նույն այդ իշխանությանը: Այսինքն` վճռական պահերին իշխանության կողմն եք, այլ ոչ թե ընդդիմության:

- Դե հա, եթե ընդդիմությունն է, այդպես է: Այս ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ իշխանությունը մնա, որովհետև եթե մի քիչ ուղեղ ունենար ընդդիմությունը, որոշ մարդիկ չէին երևա, իսկ իշխանությունը կփոխվեր:

- Մինչև 2018 թվականը բավականին ակտիվ հասարակական գործունեություն էիք ծավալում, ձեր գործերում քննադատում էիք իշխանություններին, հետո ի՞նչ փոխվեց:

- Թյուր կարծիք ունեք, եթե կարծում եք, որ հիմա ակտիվ չեմ, ի դեպ, ես դա չեմ համարում հասարակական գործունեություն: Ուղղակի ունեցել եմ յութուբյան ալիք և մշտապես իմ կարծիքը հայտնել եմ` համ այս իշխանությունների մասին, համ` այն: Օրումեջ մտնում եմ եթեր և խոսում եմ տարբեր քաղաքական ու ներքաղաքական հարցերի մասին: Էլ ի՞նչ պետք է անեի, գնայի Գալստանյանի կողքը նստեի՞, որ ասեիք ակտիվ եք: Ես մի հատ որ փռշտում եմ, ավելի շատ եմ երեւում, քան ոմանք ցույց անելիս:

- Բայց Բագրատ սրբազանն ասում է, որ նախկին իշխանությունների հետ կապ չունի: Ի դեպ այնպես էլ չէ, որ նախկին իշխանությունները սատարում են նրան: Օրինակ` Սերժ Սարգսյանի թիմից քննադատում են նրան շատ հաճախ:

- Բա լավ, ո՞ւմ հետ կապ ունի:

- Հայ առաքելական եկեղեցու:

- Դե եկեղեցին տեղով մեկ ընդդիմություն է: Կոռումպացված մի հիմնարկ է, ԱՁ:

- Փաշինյանն ասում է, որ Կիրանցում սահմանազատում է տեղի ունեցել, բայց կիրանցեցիները շատ դժգոհ են, պնդում են, որ իրենց գյուղի մի մասը հանձնվել է Ադրբեջանին:

- Ես էլ եմ դժգոհ բավականին, չի կարելի սահմանազատում անել, եթե չկա խաղաղության պայմանագիր:

- Իսկ Դուք հավատո՞ւմ եք Ադրբեջանի հետ խաղաղությանը:

- Ոչ, ես սկի Աստծուն չեմ հավատում, ուր մնաց Ադրբեջանի հետ խաղաղությանը հավատամ, ոչ էլ Եհովային եմ հավատում:

- Բայց Փաշինյանը հավատում է, քարոզում է խաղաղություն:

- Այ մարդ, Փաշինյանն էլ չի հավատում խաղաղությանը, ուղղակի ուրիշ ասելու բան չունի, սին են իր քաղաքական նպատակները, դրա համար էլ նման բաներ է խոսում:

- Այդ դեպքում ավելի լավ չի՞, որ հրաժարական ներկայացնի:

- Բայց ո՞վ կգա:

- Ով կարող է, ցանկացած քաղաքական գործիչ:

- Դե Սերժն էլ հրաժարական տվեց, ցանկացած մեկը իշխանության եկավ, գո՞հ եք, իհարկե, ոչ: Ես էլ գոհ չեմ: Մինչև նորմալ կուսակցություններ չձևավորվեն, հրաժարականի ժամանակ չէ: Կգան ընտրությունները և կգնանք կընտրենք:

- Տասնյակ կուսակցություններ կան` հարյուրի հասնող, նոր կուսակցություն բացվի, որ ընտրությո՞ւն կատարեք: Ի դեպ, ո՞ւմ կընտրեիք այս պահին:

- Տիգրան Խզմալյան, Արամ Զավենի Սարգսյան, Գուրգեն Սիմոնյան, Նորայր Նորիկյան: Ինչո՞ւ ոչ, եթե Դուք էլ մասնակցեք, գուցե հենց Ձեզ ընտրեմ (Ծիծաղում է):

- Այսինքն, իրենց արևմտամետ համարող ուժերին եք համակրում:

- Հա, բա հո ռուսամետներին չեմ ընտրելու:

- Եվրամիություն մտնելու հանրաքվեն համարո՞ւմ եք իրատեսական այսօր:

- Ոչ: Ընդամենը ցանկություն է: Պուտինի զորքերի հե՞տ ենք Եվրամիություն մտնելու:

- Իսկ ինչո՞ւ է իշխանությունը նման օրակարգ բերում:

- Որովհետև չունի օրակարգ, մի օր մի բան է ասում, հաջորդ օրը լրիվ այլ բան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image