Քիչ հետո Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Միսակյանի նախագահությամբ կմեկնարկի արցախցի Սամվել Միրզոյանի խափանման միջոցի քննությունը։ Միրզոյանը ձերբակալվել է այսօր, նա անչափահաս է։ Մեզ հետ զրույցում Միրզոյանի պաշտպան Աբգար Պողոսյանն ասաց, որ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար․
«Խոսքը սեպտեմբերի 19-ի դեպքերի մասին է։ Ըստ իրենց՝ իրենք տևական ժամանակ փորձել են հայտնաբերել, չեն կարողացել, բայց ծիծաղելին այն է, որ հայտնաբերվել է իր ամենօրյա այցելության վայր հանդիսացող սպորտային պարապմունքների վայրից։ Այսինքն՝ եթե իրենք նորմալ գործողություններ իրականացնեին, շատ ավելի վաղուց կարող էին հայտանբերել, այսինքն՝ Միրզոյանը թաքնվելու կամ փախչելու ուղղված որևէ գործողություն չի արել»,- պատասխանեց Պողոսյանը։
Փաստաբանն ասաց, որ այսօր էլի դեպքեր են եղել ձերբակալությունների․
«Ըստ էության, մեկը մեկի հետ կապ ունի, որովհետև չի կարող լինել այնպես, որ 1 ամիս չէին հայտնաբերվում, մեկ էլ միանգամից 3 անձ հայտանբերվել։ Իմ տեղեկություններով անձանցից մեկի հետ կապված քիչ առաջ դատարանը կալանքի որոշում է տվել, բայց այլ մանրամասներ տեղյակ չեմ»,- պատասխանեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ էլ իրավապահները ձերբակալել էին սեպտեմբերի 19-ի ցույցերին մասնակցած մեկ այլ արցախցու՝ 21 ամյա Մխիթար Օհանջանյանին, իսկ այսօր ձերբակալել են նաև Գոռ Հակոբյանին և Մանվել Պետրոսյանին։