Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ղարաբաղի զավթման հարցում Թուրքիայի ունեցած ներդրման մասին:
«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով կիրակի Էրդողանի արած հայտարարությանը, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, պաղեստինցիներին օգնելու համար»:
Էրդողանը 2020 թվակնից հետո տարբեր առիթներով՝ թե՛ ներքին լսարանի համար, թե՛ արտաքին, հանդես է եկել նման հայտարարություններով եւ հայ հասարակության համար, քաղաքագետի խոսքով, նրա խոսքերը նորություն չպետք է լինեն:
Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հայտարարությանը, ապա այն ուղղված էր հենց Իսրայելին՝ ցույց տալու համար, թե Թուրքիան զայրացած է Իսրաելի պահվածքից: «Նա ուզում է ցույց տալ, որ, ինչպես իբրեւ թե Հայաստանն էր խախտում միջազգային ստանդարտները, այնպես էլ Իսրայելը, եւ այդ դեպքում, Թուրքիան կանի այն, ինչ արեց Հայաստանի նկատմամաբ, բայց Էրդողանի կողմից այդ սպառնալիքը Իսրայելի նկատմամաբ ձեւական հայատարարություն է»,-կարծում է մեր զրուցակիցը:
Էրդողանի նպատակն իսլամական աշխարհում իր իմիջը բարձրացնելն է: Թուրքիայի նախագահը, Բոզոյանի խոսքով, շատ լավ գիտի, որ ի տարբերություն Հայաստանի, Իսրայելի այսօրվա պոտենցիալը բավարար է, որպեսզի Թուրքիայի ատամները ջարդի: