Քաղաքականություն

Ռուսաստանի դեմ պայքարին միայն Ուկրաինան կարող է մասնակցել․ քաղաքագետ

Ռուսաստանի դեմ պայքարին միայն Ուկրաինան կարող է մասնակցել․ քաղաքագետ

Դոնբասի տարածաշրջանում կրկին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ուկրաինան մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների հետ սահմաններին։

Ապրիլի 3-ին Դոնեցկի Ժողովրդական ոստիկանության (միլիցիա) ներկայացուցիչը լրագրողներին ասել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի 59-րդ բրիգադն անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Ալեքսանդրովսկոյե գյուղի բնակելի տարածքներից մեկը, որտեղ այդ պահին եղել է երկու քաղաքացիական անձ: «Բնակավայրի ռմբակոծման հետեւանքով զոհվել է 2016 թվականին ծնված երեխա, տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 1954 թվականի ծնված տեղի բնակչուհի», - հայտնել էր ԴԺՀ ԺՄ մամուլի խոսնակը։

«Ուկրաինայում որոշ հույսեր արթնացան աշնանն Արցախյան պատերազմից հետո։ Ուկրաինայում կան կարծիքներ, որ եթե Ադրբեջանը կարողացել է «Բայրաքթար»-ների միջոցով հաղթել, ապա նույն հնարավորությունները կունենան նաև ուկրաինացիները։ Սակայն վիճակն ամբողջությամբ նույնական չէ», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետը պարզաբանեց, որ Ուկրաինան միայն այսպես կոչված «անջատողականների դեմ» չի պայքարելու, և ռուսական կողմից մի քանի անգամ պարզ ասվել է, որ Ռուսաստանը միջամտելու է։ «Դա ասել է անձամբ Պուտինը, դա ասել են ուրիշ պաշտոնյաներ։ Եվ նաև որոշ ցուցադրական քայլեր արվեցին, այդ թվում՝ մեծածավալ զինտեխնիկայի տեղափոխում դեպի Ղրիմ և ոչ միայն։ Զինտեխնիկայի տեղափոխումը ցուցադրական էֆեկտ է ունեցել, իսկ թե դա որքանով կնպաստի, որ վիճակը թուլանա, այլ հարց է: Դեռ ամբողջությամբ չենք կարող համոզված լինել։ Չնայած որ պատերազմի հավանականությունը կա, բայց դեռ 100 տոկոսանոց չէի գնահատի», - ընդգծեց Միքայելյանը։

ԱՄՆ աջակցություն է հայտնել Ուկրաինային Դոնբասի խնդրով։ Սակայն քաղաքագետի կարծիքով՝ Արևմուտքը անմիջապես մասնակցություն չի ունենա հնարավոր պատերազմին։ «Եթե պատերազմն, այնուամենայնիվ, սկսվի, ապա Արևմուտքը քաղաքական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային, Ուկրաինայի իշխանություններին։ Եվ հնարավոր է, որ ինչ-որ չափով պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ, բայց անմիջապես մասնակցություն ես չեմ ակնկալում։ Արևմուտքը չի պայքարելու Ռուսաստանի դեմ անմիջապես, դա բացառված է», - ասաց Հրանտ Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե Արևմուտքի գործողություններն ինչպիսին կլինեն այս հարցով։
   
Հարցին՝ իսկ Թուրքիան ինչպե՞ս կդրսևորի իրեն՝ հաշվի առնելով, որ «Բայրաքթար»-ներ է տրամադրել Ուկրաինային, պատասխանեց, որ այս հակամարտության մեջ Թուրքիան մեծ հաշվով ուրիշ դիրք ունի։

«Թուրքիան մեծ հաշվով այս հակամարտության մեջ, ինչպես որ բոլոր մնացած հակամարտություններում, ուրիշ դիրք ունի, քանց Ռուսաստանը։ Ուրիշ տեսանկյուն ունի։ Եվ իրականում իրենք այդտեղ հակասություն ունեն։ Սակայն անմիջապես Թուրքիան էլ չի մասնակցելու, որովհետև Թուրքիան էլ չի ուզում Ռուսաստանի հետ առճակատվել։ Բայց ամեն դեպքում թուրքական կարծիքն առավել մոտիկ է Ուկրաինայի այսօրվա կարծիքին։ Կամ օրինակ Արևմուտքի կարծիքին Ղրիմի և Դոնբասի նկատմամբ։ Բայց Ռուսաստանի դեմ պայքարին միայն Ուկրաինան է կարող մասնակցել։ Կարծում եմ, որ տեսակետը, թե Ուկրաինան և Ռուսաստանը  կարող են հավասարը հավասարի պես կռվել, չափազանցված է», - եզրափակեց քաղաքագետը։

Լուգանսկն ու Դոնեցկն անկախություն են հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն`հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image