Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն, սակայն մինչ օրս դրական պատասխան չեն ստացել Հայաստանից․ ըստ երևույթին, Հայաստանը պատրաստ չէ դրան կամ էլ դեմ է։
«Ես ասել եմ, որ դա մեծ սխալ կլինի, և հենց իրենք կզղջան։ Քանի որ մենք հավերժ չենք պահի այդ առաջարկը սեղանին։ Եթե նրանք դեմ են դրան, թող բաց ասեն, որ չեն ցանկանում խաղաղ պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում մենք մեր քաղաքականությունը կվարենք ըստ դրա», - շարունակել է Ալիևը, որը նաև առաջ է քաշել 3 նախապայման, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և ակնկալություն, որ ՌԴ-ն չզինի Ադրբեջանին։ Հայաստանյան շատ փորձագետներ Ալիևի այս հայտարարությունները որակում են որպես նոր պատերազմի կամ առնվազն նոր էսկալացիայի սպառնալիք։
«Հրապարակը» Ալիևի հնչեցրած ուղերձների մասին զրուցել է ռուսաստանցի հրապարակախոս Վադիմ Դուբնովի հետ։ Վերջինիս կարծիքով՝ ուղերձները նախ սեփական` ադրբեջանական լսարանին էին ուղղված, «ոչ թե Հայաստանի, այլ ՌԴ-ի հարաբերությունների կապակցությամբ»։ Բայց սա նաև ուղերձ է ապագա բանակցությունների բոլոր մասնակիցներին։ «Ինձ թվում է, որ առաջին անգամ էր, որ Ալիևն այդքան կոնկրետ արձագանքեց իր էլիտայի՝ ՌԴ գործողությունների առնչությամբ դժգոհությանը։ Այնտեղ մի քիչ լարված են ՌԴ-ի հետ ինչ-ինչ հարցերի մինչև վերջ քննարկված չլինելու հանգամանքով, և, ըստ իս, սա պարզապես Ալիևի` չէի ասի՝ շատ կոշտ, բայց բավականաչափ ամուր դիրքորոշումն էր, ես կասեի՝ չելենջ-մարտահրավերը, որը նա պատրաստ է նետել։ Ամեն ինչ ասված էր կոռեկտության սահմաններում»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մասով Ադրբեջանի նախագահն ասել էր․ «Այսինքն, ակներևաբար, ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ բոլորի համար չէ, որ դաս է դարձել։ Եթե այդպես է, մենք պատրաստ ենք նորից դաս տալ։ Հետևաբար՝ հուսով ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա»։
Իսկ նման հայտարարությունների պատճառների մասին Դուբնովն ասում է՝ Ալիևը շտապում է ամրագրել իր հաղթանակի պտուղները, քանի որ արդեն պատերազմի մեկ տարին է լրանում, բայց որևէ փաստաթղթային ամրագրում չկա, որոնք հետևել են նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որում չափազանց շատ անորոշություններ ու հակասական կետեր կան։
«Եվ նրա այդ հայտարարությունը, որ իր առաջարկը հավերժ չի մնալու, բավականին հակասական է, և դրանից ոչ մի բան չի բխում, որովհետև Ալիևը որևէ այլ բան սեղանին չի կարող դնել»,-ավելացրեց Դուբնովը։
Նա, իհարկե, հավանական է համարում սրանից հետո սահմանին լարվածության ավելացումը, քանի որ նրա համար ճնշման միջոց է վիճելի տարածքներում իր առաջխաղացումը և այնտեղ դիրքերի գրավումը։ Սա էլ, որպեսզի ՌԴ-ն ու միջազգային հանրությունը ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ ոչ թե այս պահին խաղաղության պայմանագիր ստորագրելու, այլ ավելի ակտիվ բանակցային գործընթացի մեջ ներքաշվելու համար։ «Հայաստանը հիմա բանակցություններից խուսափում է, և սա հասկանալի է, քանի որ դա նշանակում է Արցախի հետ կապված խնդիրներ և այլն, և Ադրբեջանը հիմա փորձում է ակտիվորեն դրանից դուրս գալ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, առաջիկայում կստորագրի՞ այդ խաղաղության փաստաթուղթը, ռուսաստանցի հրապարակախոսն ասաց․ «Կարծում եմ՝ այս պահին սեղանին նման փաստաթուղթ դրված չէ, հիմա նման փաստաթուղթ չի առաջարկում, և այդ իմաստով Ալիևի ասածն ունի ցուցադրական բնույթ, որովհետև Խաղաղության պայմանագիրը փոխկապակցված է լինելու շատ այլ հարցերի»։
Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը քանիցս շեշտել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու», խոսքը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման մասին է։