Ինչպեսեւ սպասվում էր՝ Նիկոլ Փաշինյանի ուժայինները երեկ գրոհեցին Գյումրի, ձերբակալեցին եւ Երեւան տեղափոխեցին համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Մի անձ հաղորդում է տվել Ղուկասյանի եւ քաղաքի ճարտարապետի կողմից կաշառք վերցնելու մասին: Քաղաքապետարանը երեկ մարտադաշտի էր վերածվել` հարյուրավոր ուժայիններ, քաշքշոց, վրդովված գյումրեցիներ, կարծես սերիական մարդասպան էին վնասազերծում։ Բայց դա սպասելի էր` իշխանությունն առաջին իսկ օրվանից չէր համակերպվում Գյումրիում պարտվելու մտքի հետ, վերջին օրերին անթաքույց հայտարարում էին, որ Վարդան Ղուկասյանին հաշված օրեր են մնացել։ Օրինակ, գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանն անցած շաբաթ խորհրդարանում ասել էր. «Չեմ համակերպվում, չեմ ուզում համակերպվել, որ Վարդանիկը Գյումրու քաղաքապետն է»։ Փաշինյանն էլ սփոփեց․ «Հընթացս կշտկվի», «պետք է դուրս շպրտենք հանրային եւ քաղաքական կյանքից»: Սարուխանյանն էլ հանգստացնում էր յուրայիններին, թե քիչ մնաց, մի քիչ էլ համբերեք։ Զրուցել ենք Կարեն Սարուխանյանի հետ։
- Մի քանի օր առաջ ասում էիք՝ քիչ մնաց, համբերեք, գիտեի՞ք, որ նման բան է ծրագրվում Վարդան Ղուկասյանի դեմ։
- Ոչ թե ինչ-որ բան գիտեի, այլ պատկերացնում էի` իմանալով, լավ ճանաչելով այդ կլանին, որ ինչ-որ բան կլինի։
- Բայց շատ վստահ էիք ասում՝ քիչ մնաց, համբերեք․․․ ԱԺ-ում էլ ասում էիք` չեմ համակերպվում։
- Իհարկե, չեմ համակերպվել, ո՜նց կարելի է համակերպվել։
- Դրա համար Նիկոլ Փաշինյանը կատարեց խոստումը․․․
- Ես որքան տեղյակ եմ` հստակ ձայնագրություններ կան, երեւի լսել եք, որ այդ ձայնագրություններում մարդը հստակ կոռուպցիոն գործարքների մեջ է։ Հիմա ակնարկել կամ պնդել քաղաքական հետապնդման մասին, տեղին չէ, ինչի՞ մասին է խոսքը։
- Բագրատ սրբազանի վերաբերյալ էլ կար ձայնագրություն, հետո պարզվեց` մոնտաժված է ․․․
- Այո, Ձեր ասած անձի հետ կապված էլ կար ահաբեկչական գործողությունների մասին ձայնագրություն, երկուսն էլ իրավական տիրույթում գտնվող հարցեր են, բացարձակ քաղաքական չեն, իրավական պրոցեսներ են, համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում։
- Բա եթե պրոցեսն իրավական էր, ինչո՞ւ էին մոնտաժել, կալանավորումից հետո պարզվեց, որ խոսակցության բոլորովին այլ կոնտեքստ է եղել, ահաբեկչության մասին էլ խոսք չկա, մեղադրանքն անհիմն է դառնում։
- Ո՞նց թե՝ անհիմն, Դուք հիմա դատավորի դեր եք ստանձնել։
- Ձեր ողջ թիմը տեռորիստ էր հռչակել Սրբազանին, դուք չէի՞ք ստանձնել։
- Ես Ձեզ ըստ մեղադրանքի եմ ասում, քանի որոշում չկա․․․ բայց մեղադրանքով այդպիսին է, հիմա նույնը՝ Վարդանիկի հետ կապված․ ըստ ձայնագրությունների, ենթադրյալ հանցագործությունների մեջ է մեղադրվում էդ մարդը, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, ըստ այդմ` կգնանք առաջ։
- Բա դուք ո՞նց էիք ասում, թե գիտեիք, որ կոռուպցիա են անելու, ասում էիք՝ քիչ մնաց․․․
- Այո, բա քիչ էր մնում, որովհետեւ ես պատկերացնում էի, որ այս մարդիկ իրենց կլանով չեն կարողանալու քաղաքական լինել ու նմանատիպ սխեմաների մեջ են մտնելու՝ հաշվի առնելով իրենց անցած ճանապարհը։ Մարդը 26 դրվագ քրեական գործով է անցնում՝ կոռուպցիոն ու չարաշահումների, ու ինքը ձեւանում է որպես սուրբ, դե, մարդը չի կարող փոխվել, դրա համար, այո, ես հավատում էի, որ քիչ մնաց, եւ հաստատ նմանատիպ գործարքի մեջ մտնելու եք։
- Վարդան Ղուկասյանն էլ գիտեր, թե դուք ինչ եք մտածում իր մասին, որ իշխանության խոշորացույցի տակ էր, ի՞նչ եք կարծում՝ կգնա՞ր նման քայլի։
- Եկեք անմեղության կանխավարկածը հաշվի առնելով․․․ դուք լսե՞լ եք այդ ձայնագրությունները, Վարդան Ղուկասյա՞նն է, թե՞ չէ։
- Դե, նախ արհեստական բանականության միջոցով էլ կարելի է ձայն ստանալ, հետո ասացի՝ կարող էին մոնտաժել։
- Չեմ կարծում, թե դա այն հարցն է, որ արհեստական բանականությանը դիմեն, վստահաբար կարող եմ ասել, որ ապացուցողական աշխատանքներ կունենան համապատասխան մարմինները, եւ ապացույցնեը, իմ կարծիքով, կլինեն։
- Ասացիք՝ 26 դրվագով գործ կա նրա դեմ, բա որ կա, ինչպե՞ս է մինչեւ հիմա ազատության մեջ, դեռ մի բան էլ՝ ժողովրդի կողմից ընտրվել է։
- Նախ, էդ մարդուն ժողովուրդը չի ընտրել համայնքի ղեկավար, ինքը ստացել է մոտ 45 հազար քվեարկողներից 7 հազար ձայն, դա ընտրությունների մասնակցած անձանց․․․ գյումրեցիների՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց 7 տոկոսն է, 100 հազարից ավել ընտրող ունի Գյումրին։
- Հայաստանն էլ 2.5 միլիոն ընտրող ունի, եւ դուք մեծամասնություն չեք, ինչո՞ւ եք ժողովրդի մանդատից ու վստահությունից անընդհատ խոսում։
- Դե, Դուք ասում եք, ես էլ ասում եմ, թե ինչ է տեղի ունեցել, ինքն ընդամենը 7 հազար ձայն է ստացել, ու դա չի արդարացնում, ինչո՞ւ` ընտրել են, որ գնա կոռուպցիայո՞վ զբաղվի, թալանո՞վ զբաղվի, ինչպես նախկինում՝ իր կառավարման տարիներին։
- Դատավոր մի դարձեք, ձեզ էլ չեն ընտրել, որ տեռոր անեք ժողովրդին։ ԱՆԻՖ-ի միլիոնների անհետացման գործով մասկի շոուներ չբեմադրվեցին, գրոհներ չարեցիք, մինչ օրս մեղադրյալ էլ չկա, որովհետեւ յուրայի՞ն են։
- Կլինի Վարդանիկը, Պողոսը թե Պետրոսը, դա կապ չունի, Ձեր ասած գործով կարող է ինչ-որ փուլում ին-որ բան լինի, որովհետեւ իրավական գործընթացներ են ընթանում, բայց չգիտեմ՝ ԱՆԻՖ-ի հետ կապված ինչ ընթացք է։ Հիմա փաստացի մենք ունենք այս վիճակը։
- Մարդկանց մոտ տպավորություն է, որ 2026 թ. ընտրություններից առաջ փորձում եք կոտրել դիմադրության ոգին, չեզոքացնել բոլոր ընդդիմադիր օջախները, Փարաքարում Վալոդյա Գրիգորյանը սպանվեց, Գյումրիում ճնշում եք Վարդան Ղուկասյանին, կարելի է անգամ գուշակել, թե ով է հաջորդը, ինչո՞ւ չեք կարողանում համակերպվել ժողովրդի ընտրության, ընտրված համայնքապետերի հետ։
- Սուտ են ասում` ով նման բան է ասում, Փարաքարի սպանությունը մեզ հետ ի՞նչ կապ ունի։
- Հարազատները վստահ են, որ քաղաքական պատվեր է․․․
- Չի կարող նման բան լինել, ես խնդրում եմ մեկընդմիշտ դա իմանալ, մեզ հետ կապ չունի։
- Դե, քանի որ շաբաթներ առաջ գիտեիք՝ ինչ է լինելու, հիմա էլ ասեք՝ Վարդան Ղուկասյանն էլ չի՞ կարողանալու Գյումրու համայնքապետ աշխատել։
- Ես չգիտեմ, ես իրականում այդքան խորը չեմ տիրապետում, թե ինչ է տեղի ունեցել, գիտեմ, որ ձայնագրություններ կան, ԱԱԾ-ն թե Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Թե հետագայում ինչ է լինելու, չգիտեմ։
- Գյումրեցիները ժամեր շարունակ թույլ չէին տալիս Ղուկասյանին ձերբակալել, քաղաքապետարանի շենքը շրջափակել էին: Չե՞ք կարծում, որ այս օպերացիաներով գյումրեցիների վստահությունը կորցնելու եք, ձեզ կընտրե՞ն խորհրդարանական ընտրություններին։
- Իհարկե․․․ Եվ հետո՝ ի՞նչ օպերացիաներ են, որ մեր իշխանությունները կոռուպցիոն սխեմաները բացահայտո՞ւմ են, դա, ըստ Ձեզ, գյումրեցիները պիտի վա՞տ ընկալեն, բա դրանք իրենց գումարներն են։ 6-7 ամիս է, ինչ կառավարում է, սաղ քաղաքը թաթախված է կոռուպցիայի մեջ, հին բարքերը վերադարձել են։
- Քաղաքապետարանի դիմաց հավաքված գյումրեցիներն իշխանություններին էին մեղադրում կոռուպցիայի մեջ, Արցախ հանձնելու եւ այլն…
- Ես պարզ ասեմ՝ էդ պաշտպանողները կոնկրետ բերված մարդիկ են, էս ամիսների ընթացքում մարդը, հստակ իմանալով, որ ինքը չի կարող առանց հանցագործություն կատարելու պաշտոնավարել, մշտապես այդ ուղղությամբ աշխատանքներ է տարել, մարդը հայտարարություն էր անում՝ լցվեք կողս, հիմա էդ գյումրեցիները, ովքեր գնացել, կանգնել են, լցվել են իրա կողքը, իրանք նախապես պլանավորած, որ անօրինականություններ են թույլ տալու, եւ դրա համար պետք է օրենքի առաջ մի օր պատասխան տան, նախապես հավաքել է…
- Օրինակ, որ իմանայիք՝ Ձեզ ձերբակալելու են, կանեի՞ք նման հանցանք:
- Ես չգիտեմ, ես նման աննորմալ բաների միջով չեմ անցել։
- Բա աննորմալ տրամաբանություն է, չէ՞. եթե մարդը գիտի, որ իրեն հետեւում են, ու հանցանքի գնա։
- Ինքը միակը չէ, այդ գործերը կան իր վրա, հակառակն է` մտնում են քաղաքականություն, որ քաղաքական ենթատեքստ տան։