Հասարակություն

Դրսում՝ պարտված, ներսում` «հաղթած»

Դրսում՝ պարտված, ներսում` «հաղթած»

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որ օրական մի քանի ստատուս է երկնում, որոշել է «Հրապարակի» դեմ տարած իր խղճուկ դատական հաղթանակին նույնպես ստատուս նվիրել: Այդ թեմայով հետաքրքրված անձանց որոշ մանրամասներ ներկայացնենք, որպեսզի պատկերացնեն, թե այս իշխանության ներկայացուցիչներն ինչպիսի «հաղթանակներ» են տանում եւ ինչ են արել դատական իշխանության հետ, որ նրանց նման հաղթանակներ են «պարգեւում»: Ընդ որում, դրսում համատարած պարտություններ են կրում, ներսում «հաղթում» են սեփական ժողովրդին` ընդդիմադիրներին, լրատվամիջոցներին, գործարարներին:

Ուրեմն 2022 թ. հուլիսի 21-ին մենք մի հրապարակում ենք արել` «Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. բախումներ չեն լինի» վերնագրով, որն ամբողջությամբ վերաբերում է այդ ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին եւ քաղաքապետ դառնալու ճանապարհին գտնվող Տիգրան Ավինյանին: Այսօրվա աչքով կարդալիս, կարելի է ասել, ուղղակի մարգարեական հրապարակում է, որը մեկին մեկ իրականություն է դարձել հաջորդ մեկ տարվա ընթացքում. հրապարակումից 2 ամիս անց Ավինյանը նշանակվել է փոխքաղաքապետ, նա վարկանիշ չուներ 2022-ին եւ 2023-ին էլ բավարար ձայներ չստացավ եւ այլն:

Հրապարակման վերջում մի տող կար, թե ովքեր դերակատարում ունեն քաղաքապետարանում, եւ թվարկվածների շարքում հիշատակվել էր նաեւ Ա. Հարությունյանը. «Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, որը մասնավոր ընկերություն ունի եւ իրենով է անում փողոտ ծրագրերը»:

Ահա՝ հենց այս նախադասության համար է Արայիկ Հարությունյանը դիմել դատարան` ընդդեմ «Հրապարակի», եւ իրենց կողմից ստրկացված դատարանը` 2019-ին դատավոր նշանակված Սյուզաննա Ուլիխանյան, ապա վերաքննիչի դատավորներ Դավիթ Սերոբյան, Նաիրա Մարգարյան ու Գայանե Խաչատրյան կազմով, գտել է, որ այս տողում «զրպարտություն» կա, եւ հօգուտ Արայիկ Հարությունյանի որոշում են կայացրել՝ հերքում եւ 225 հազար դրամի փոխհատուցում, ինչից էլ այդքան հրճվել է սույն անձը, որն ամեն ինչով զբաղված է, բացի իր պարտականություններից:
Ի դեպ, անգամ մերձիշխանական համարվող Տեղեկատվական վեճերի խորհուրդն այս վճիռը համարել է ոչ իրավաչափ եւ եզրակացություն է տվել, որ դատարանի որոշ փաստարկներ «ակնհայտ անհիմն են», «վճիռն անհամաչափ սահմանափակում է լրատվամիջոցի՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը»։

Մենք, իհարկե, Վճռաբեկ դատարան ենք դիմելու, եթե չհաջողվի այս տարրական բաները բացատրել ՀՀ դատավորներին, նաեւ՝ Եվրադատարան: Բայց դա չէ խնդիրը, եւ չենք կարծում, թե սուղ միջոցներով գոյատեւող «Հրապարակը» մի քանի հարյուր հազար դրամ վճարելով աղքատանալու է, իսկ 18-ից հետո ահռելի հարստություն կուտակած հայցվորը` հարստանալու: Ուղղակի այս թյուրիմացությունները 7 տարում ոչ միայն մեր երկրին տարածքային ու մարդկային մեծ կորուստներ պատճառեցին, այլեւ ամբողջական համակարգեր քայքայեցին ու հպատակեցրին իրենց: Ես` անձամբ, որպես երկրորդ մասնագիտությամբ իրավաբան, շատ ծանր եմ տանում դատական համակարգի ստրկացումը: Համակարգ, որից հեռացրին քիչ թե շատ գրագետ, ինքնուրույն, դիմադրելու ունակ դատավորներին եւ տեղը լցրեցին սրբություն չունեցող, անհայրենիք ու տգետ ջահելներով, որոնք խելոք կատարում են սրանց բոլոր ապօրինի հրահանգները:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image