Հասարակություն

Ովքե՞ր են օգտվում Կապան-Երևան չվերթներից

Ովքե՞ր են օգտվում Կապան-Երևան չվերթներից

Կապանի օդանավակայանի աշխատանքը  կանգնեցրին 1992 թվականին՝ Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ այն  ուղիղ ռմբակոծության տակ էր:

 

Իսկ նորկառույց օդանավակայանը սկսեց աշխատել արդեն 2022 թվականից:

Հիշեցնենք, որ Կապանի օդանվակայանի վերակառուցումը ֆինանսավորել է ԶՊՄԿ-ն՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը:

ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամին է պատկանում նաև միակ օդանավը՝ չեխական արտադրության L-410UVP-E20-ը , որի հայկական գրանցումն է՝ EK-4117):

Այս ինքնաթիռը նախատեսված է 19 հոգու համար և ապահովում է Երեւանի ու Կապանի օդային կապը:

Հիշեցնենք, որ անմիջապես օդանավակայանի վերևում` մի հարյուր մետրի վրա տեղակայված են ադրբեջանական օկուպացիոն զորամիավորումները, որոնք այդտեղ հայտնվեցին 44-օրյա պատերազմից հետո:

«Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ օդանավակայանը սերտիֆիկացվել է 2020 թվականին, իսկ վերագործարկվել է 2022 թվականի օգոստոսից:

Նույն թվականի 5 ամիսների ընթացքում՝ մինչև տարեվերջ,  տեղի է ունեցել 24 թռիչք, սպասարկված ուղևորների թիվը 220-ն է։

2025 թվականի շահագործման 5 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 61 թռիչք:

Երկու ուղղությամբ կատարված թռիչքների ժամանակ սպասարկվել է 927 ուղևոր:

Ի սկզբանե սկսել են շաբաթական երկու թռիչքով՝ հիմնականում կիսադատարկ է օդանավն իրականացրել թռիչքները, իսկ հետո շաբաթական երեք օր, իսկ հիմա արդեն երկուշաբթիից ուրբաթ:

Սակայն, ադրբեջանական կողմը փորձել է խոչընդոտել թռիչքների իրականացմանը՝ օդ են կրակել՝ փորձելով վախեցնել ու թույլ չտալ թռիչքներ իրականացնել: 

«Որոշակի միջադեպեր տեղի են ունեցել՝ շահագործման սկզբնական փուլում, բայց ներկայումս որևիցե միջադեպ չի արձանագրվել՝ թռիչքների անվտանգությունը խոչընդոտող որևիցե հանգամանք ներկայումս չկա՝ թռիչքներն իրականացվում են բացառապես ՀՀ սուվերեն տարածքով:

Մեր թռիչքները՝ առաջին թռիչքից մինչև այսօրվա թռիչք որևիցե սահմանահատման  դեպք տեղի չի ունեցել:

Երևանից-Կապան և հակառակ ուղղությամբ ամբողջությամբ մեր տարածքով է թռիչքն իրականացվում: Խնդիր չունենք թռիչքային անվտանգության ապահովման մասով, օդանավը երբևիցե չի հատել սահմանը:

Ես իմ ընտանիքի անդամների, հարազատների հետ պարբերաբար թռնում եմ այդ օդանավով:

Եթե ռիսկ լինի, համենայնդեպս ես չէի գնա այդ ռիսկին ու չէի օգտվի օդանավից»,-ասաց Վարդանյանը:

Հաշվի առնելով Սյունիքի և մասնավորապես Կապանի աշխարհաքաղաքական դիրքը, ռելիևը, Երևանից հեռավորությունը, կապը Երևանի հետ, թե տնտեսական, թե առողջապահական նպատակներով տարածությունը բավականին կրճատվել է, լուրջ խթան է հանդիսանում՝ տնտեսության, տուրիզմի զարգացման համար՝ նշում է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ի տնօրենը:


Ինչ վերաբերում է պահանջարկին,Վարդանյանը նշում է, որ մեծ պահանջարկ կա և վերջին մեկ ամսվա ընթացքում շատ չվերթներ են ունեցել, երբ ուղևորները չեն հասցրել տոմսեր ձեռք բերել:
Շաբաթական իրականացնում են հինգ չվերթ` երկուշաբթիից ուրբաթ օրերին:

Ամառը ամենածանրաբեռնված շրջանն է օդանավակայանի համար:

Վարդանյանն ասաց, որ բաց են բոլորի հետ համագործակցության համար և պատրաստ են լսել ցանկացած առաջարկ: Լրացուցիչ շարժակազմ ներգրավելու հարց այս պահին չունեն, քանի որ դևա համար ֆինանսական լրացուցիչ միջոցներ են հարկավոր:

Կապան-Երևան չվերթն ամբողջությամբ սուբսիդավորվում է և որպես բիզնես-ծրագիր նպատակային չէ, սակայն որպես սոցիալական պրոյեկտ՝ ԶՊՄԿ-ի ջանքերով չվերթներն իրականացվում են՝ տեղեկացրեց Կարեն Վարդանյանը:

Կապան-Երևան թռիչքի տոմսն արժի 20.000 դրամ, սակայն էական տարբերություն կա ներկա գնի և իրական ինքնարժեքի միջև: Թռիչքներից օգտվում են ինչպես շարքային բնակիչներն, այնպես էլ զբոսաշրջիկները:

«Երբ որ չվերթները սկսել էինք, մեր ուղևորահոսքի մեծ մասը մեր գործընկերներն էին, մենք էինք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային աշխատակազմն էր, անձամբ մենք մեր օրինակով էինք ցույց տալիս, որովհետև կարծիք էր ձևավորվել, որ անվտանգ  չի, վտանգներ կան:

Մենք մեր օրինակով ենք նստել օդանավ, թռել, ցույց տվել, որ խնդիր չկա, կարող ենք իրականացնել թռիչքներ:

Ժամանակի ընթացքում շարքային քաղաքացիներ, իսկ հետո նաև օտարերկրացիներ սկսեցին վստահություն ունենալ այս չվերթների նկատմամբ և հիմա մեծ պահանջարկ կա թե տեղացիների, թե տուրիստների կողմից: Վերջին մեկ ու կես, երկու ամսվա կտրվածքով 90 տոկոսից պակաս չենք ունեցել բեռնվածության խնդիր»,-ասաց Վարդանյանը:

Օդանավը պրոֆիլակտիկ զննման է ենթարկվում, քանի որ տեխնիկական սպասարկումներն ու թռիչքային անվտանգությունը վեր են դասում ամեն ինչից, և ժամանակ առ ժամանակ դադարներ են լինում՝ վերջին այդպիսի դադարը եղել է մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, իսկ հաջորդ տեխնիկական սպասարկումը ակնկալում են իրականացնել սեպտեմբեր ամսին:

Օդանավակայանի աշխատողների մեծամասնությունը տեղացիներն են՝ հաշվի առնելով բավականին մեծ տարածությունը Երևանի և Կապանի միջև. սակայն նեղ մասնագիտական որոշակի հաստիքներ զբաղեցնողներից ոմանք Երևանից են:

Օդանավակայանում կա քառասուն հաստիք:

Այս պահի դրությամբ օդանավերի թիվը ավելացնելու ծրագրեր կան, սակայն դրանք կարող են իրականացվել որոշակի ֆինանսական խնդիրների լուծումից հետո միայն, սակայն պահանջարկը միանշանակ կա՝ շեշտում է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Վարդանյանը:

Վերջինս հավելեց, որ բացի ռեգուլյար չվերթներից, կատարում են նաև մասնավոր թռիչքներ՝ օրվա ցերեկային ժամերին, իսկ պատվիրատուների մասին տեղեկությունները բնականաբար գաղտնի են պահվում. տարբեր սոցիալական շերտերի, բիզնես շերտերի ներկայացուցիչներ են՝ հավելեց Վարդանյանը:

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image