Իսրայել-Իրան-ԱՄՆ կոնֆլիկտում միայն այս երեք կողմերը չեն՝ սրանք երևացող ներգրավված կողմերն են, բայց այնպես չի, որ աշխարհի ուժային կենտրոնները կամ որոշում կայացնող կենտրոնները ուղղակի ձեռքները ծալած նստած են և ուշի-ուշով հետևում են զարգացումներին:«Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Իսրայել-Իրան պատերազմին, ասաց «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:
«Բավական է միայն նայել տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները և փորձել այդ ամեն ինչը դիտարկել, թե ինչպիսի դիրքավորումներ են լինելու ապագային: Որովհետև այստեղ շատ կարևոր են և հայտարարության նրբերանգները, և մոտեցումները, և շեշտադրումները, դատապարտման հնարավոր մեխանիզմները, խաղաղության կոչերը, բանակցությունների կոչերը և այլն, և այլն»,- մշեց Մելիքյանը:
Հնչեցին իհարկե թե անատամ հայտարարություններ, բայց և «ատամով» հայտարարություններ էլ եղան, որոնք ոչ մի լավ տեղ իհարկե չէին տանելու: Դիվանագետը հույս է հայտնում, որ այս հրադադարը տևական կլինի, քանի որ, կարծես թե, կոնֆլիկտին մասնակից կողմերը հասկացան, որ այս ջլատող, երկարատև ու քայքայիչ բախումները ոչ մի լավ տեղ չեն տանելու:
«Եթե համեմատականի մեջ վերցնենք նույն ուկրաինական ճակատով, այստեղ ռազմավարական առումով, աշխարհաքաղաքական առումով շատ ավելի լուրջ զարգացումներ կարող են լինել, կապված և նավթի, գազի շուկաների հետ, կլինի դա Հորմուզի նեղուցի հետ կապված, Ծոցի երկրների ներգրավվածություն այս ամեն ինչին»,-նկատեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Այս կոնֆլիկտը տևական ժամանակ համաշխարհային տնտեսությունը կարող էր կանգեցնել կոլապսի առաջ: Իրանն էլ միանշանակ կարող էր լանգնել այդ նույն կոլապսի առաջ, սակայն իրանական կողմը առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով, եթե ոչ մեզ, ապա ոչ մեկին:
Սակայն, դիվանագետը նկատում է, որ այդքան էլ լավատեսական սպասումներ չունի, քանի որ եթե չկան լուրջ պայմանավորվածություններ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով, եթե չկան իսկապես անկեղծ և լուրջ բանակցություններ և տևական ժամանակ հրադադար՝ այս մասին խոսելը դեռ վաղ է: