Մուսա լեռան ինքնապաշտպանության հուշահամալիրի տարածքում այսօր նշվեց մուսալեռցիների մաքառման 109-րդ տարեդարձը: Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան եկած մուսալեռցիները ողջ գիշեր պատրաստեցին ավանդական հարիսան ու, որպես հոգեհաց, բաժանեցին տոնախմբության մասնակիցներին:
Հարիսան մեծ խորհուրդ ունի: Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»:
Մուսա լեռան հուշահամալիրի բարձունքից ողջ գիշեր հնչեցին ազգային երգն ու պարը: Օրը նշանավորվել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանի աղոթքով և համախմբման կոչով:
Հարիսայի կրակի շուրջ մուսալեռցիները «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցին իրենց պապերի սխրանքները: Երբ երիտթուրքերը սկսեցին հայերի զանգվածային տարհանումը, Մուսա լեռան շուրջ հաստատված 7 գյուղերի հայությունը հրաժարվեց ենթարկվել: Նրանք գերադասեցին բարձրանալ Մուսա լեռը, ինքնապաշտպանվել ու պայքարել սեփական հողում մնալու համար: 53 օր տևած ինքնապաշտպանության ընթացքում՝ հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը, շուրջ 5 300 մուսալեռցիներն ընդամենը 18 զոհ տվեցին մարտերում, թեև զոհվեցին նաև բնական դժվարին պայմաններին չդիմացողները: 53-րդ օրը ֆրանսիական և անգլիական նավերը նկատեցին ինքնապաշտպանվողների գրությունը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են», օգնության եկան և տեղափոխեցին կենդանի մնացած 4 231 մուսալեռցիներին Եգիպտոս: Առաջին աշխարհամարտից հետո նրանք հնարավորություն ստացան վերադառնալու հարազատ գյուղերը, սակայն 1939-ին այդ տարածքը մտավ Թուրքիայի կազմի մեջ, և այդժամ արդեն նրանք ստիպված եղան վերջնականապես լքել հայրենի հողը: Մուսալեռցիների մի մասը ապաստան գտավ Լիբանանում, իսկ մյուս մասը Հայաստանում հիմնեց Մուսալեռ գյուղը:
Մանրամասն՝ տեսանյութում



