Անցած տարիների փորձը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության հարցը մենաշնորհել է՝ հայտարարելով՝ «ես եմ խաղաղությունը, եթե ես չլինեմ՝ պատերազմ կլինի», և հենց այդ վախի վրա կառուցել է իր լեգիտիմությունը: Ընդդիմադիրները համառորեն պայքարում են այդ թեմայի դեմ և ասում են՝ ոչ ոք դեմ չէ խաղաղությանը, բայց ոչ այն գնով, ինչ այսօր իրականացնում է իշխանությունը։ նրանք հայտնում են, որ իրական խաղաղությունը սուվերենության և ժողովրդի անվտանգ կյանքի երաշխիքն է, ոչ թե շարունակական տարածքային հանձնումները։ Հանրությունն ինքն էլ տեսնում է, որ Փաշինյանի «խաղաղությունը» նորանոր տարածքներ հանձնելն է։ Ստեղծվել է մի փակ տարածք։ Նիկոլ Փաշինյանը «խաղաղություն» է սփռում, իսկ ժողովուրդը պաշտպանվում է այդ «խաղաղությունից»։ Արդյո՞ք սա ճիշտ մեխանիզմ է։
Հասարակությունը հասկանում է, որ սա «խաղաղություն» չէ, բայց լռում է, որովհետև Փաշինյանը ստեղծել է վախի վրա հիմնված լեգիտիմացման մոդել՝ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի, ես եմ խաղաղության միակ երաշխավորը։ Իրականում նա մենաշնորհել է անվտանգությունը, խաղաղությունը։ Ու հենց սրա վրա պիտի աշխատեն ընդդիմադիրները։ Երբ ղեկավարը իր իշխանության օրոք մի քանի պատերազմներ է տանուլ տվել, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրել, հանձնել իր երկրի սուվերեն տարածքները, այդքանով հանդերձ սեփականաշնորհել խաղաղությունը։ Հայտարարում է, որ խաղաղություն է բերում, այնինչ նա իրականացնում է տանուլ տված պատերազմի չվավերացրած խոստումները։ Այլ բան չի կարող անել և երբ ասում են, որ պատերազմը տանուլ տված ղեկավարը հրաժարական պիտի տա, որ երկիրը շարունակի ապրել, դրա մեջ կարելի է համոզվել Հայաստանի օրինակով։ Հակառակորդը գալիս ու անընդհատ գալու է իր ավարի հետևից, և պարտված ղեկավարը փորձելու է այն պարուրել խաղաղության կեղծ շղարշով։ Խաղաղությունը մեկ անձի սեփականություն չէ։ Դա հղի է վտանգներով։
Նման դեպքում պետական ինստիտուտները թուլանում են, հասարակությունն ինքն իր վրա հույս չի դնում, թույլ չի տրվում ձևավորել նոր քաղաքական ուժեր։ Ամենակարևորը՝ պետության ապագան մի մարդու հետ է կապվում։ Իսկ մեկ մարդուց կախված պետությունը պետություն չի, դա ռիսկերով կառավարվող տարածք է։ Ալիևը հենց դա է ուզում։ Նրան պետք է թուլացված, պառակտված, վախով առաջնորդվող Հայաստան։ Ժողովրդական գիտակցության մեջ ներառված վախը պայմանավորված է նաև պատերազմների ու կապիտուլյացիաների ցավով։ Դրա մեղքն էլ է պարտված իշխանությանը։ Մարդիկ կորցրել են իրենց վերջին հույսը ու ապրում են «այս մեկն էլ տանք, գուցե պրծնենք» կործանարար հոգեբանությամբ։ «Այս մեկն էլ տանք, պրծնենք» -ը հասել է մեր տան շեմին և հայտնի չէ, թե ինչ խորը վտանգ է պարունակում։ Հիմա էլ՝ Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին․․․