Օրերս պարեկային ծառայության աշխատակցին կաշառք տալու մեղադրանքով կալանավորվել էր Գ. Մ.-ն, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձին կաշառք տալու համար: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դատարան միջնորդություն էր ներկայացվել, կաշառք վերցրած պարեկի նկատմամբ ևս խափանման միջոց ընտրել կալանավորումը, դատարանը բավարարել է միջնորդությունը։
Ընդհանուր առմամբ պարեկների գործով այժմ 5 մեղադրյալ կա, որից 2-ն արդեն կալանավորված են։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4 րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 ՀՀ դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 ՀՀ դրամով: