Գերիների ու ականապատ քարտեզների վերաբերյալ Միրզոյան-Լավրով հայտարարությունների ֆոնին անտեսվեց մի ոչ պակաս կարեւոր հանգամանք։ Երեւան-Մոսկվա ռիթմիկ շփումների շուրջ լավատեսական տոնայնության ֆոնին հայտարարվեց նաեւ, որ Երեւանն ու Մոսկվան աշխատելու են ՀԱՊԿ վարկը՝ «պրեստիժը», բարձրացնելու ուղղությամբ։
Սա մի քիչ տարօրինակ է հնչում այն պետության արտգործնախարարի շուրթերից, որի փորձագետները հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո մշտապես հայտարարում են (առնվազն գոնե մինչեւ Զասի՝ Երեւան այցը)՝ մոռացեք ՀԱՊԿ-ի մասին, այստեղ հայկական թեմայով, Հայաստանին օգնելու հարցով կոնսենսուս չկա, այն երբեք ձեզ չի օգնի, լավագույն դեպքում կարող եք մտածել ՀՀ-ՌԴ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Ի՞նչ էր սա եւ ինչո՞ւ։ Արդյոք միայն ա՞յն պատճառով, որ սեպտեմբերի կեսերից Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Հարցն ուղղեցինք ռուսաստանցի հրապարակախոս եւ վերլուծաբան Վադիմ Դուբնովին։ Նրա կարծիքով, «Հայաստանում ՀԱՊԿ-ին քննադատելը որոշակի դժգոհություն էր առաջացնում Մոսկվայում, եւ Լավրովի այս հայտարարությունն ինչ-որ մի փոխզիջում է, որով նաեւ Հայաստանին ազդակ է փոխանցվում, որ Հայաստանը համաձայնում է չափավորել ՀԱՊԿ-ին քննադատելը, եւ մյուս կողմից՝ Մոսկվան ընդունում է, որ այստեղ ամեն ինչ իդեալական չէ։ Մի խոսքով, կողմերը համաձայնեցին եւ քաղաքական հայտարարություն արեցին, որ ՀԱՊԿ-ն եղել է, կա եւ կլինի»։