Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է զոհաբերության տոնի առթիվ

«Հրապարակ».  Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է զոհաբերության տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ շնորհավորել նրան Կուրբան Բայրամ տոնի առթիվ: Այս տոնը մահմեդական տոներից է եւ համարվում է զոհաբերության տոն, նշում են իսլամադավան երկրներում:

Մենք թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանին խնդրեցինք ներկայացնել, թե ինչ տոն է Կուրբան Բայրամը, եւ ինչպես են այն տոնում։ «Համաձայն Ղուրանի՝ Ջաբրայիլ հրեշտակապետը հայտնվում  է Իբրահիմ մարգարեի երազում եւ հայտնում Ալլահի կամքը` զոհաբերելու իր որդուն։ Ղուրանում որդու անունը չի հիշատակվում, սակայն մուսուլման պատմիչները մշտապես կիրառում են Իսմայիլ անունը։ Ի հակադրումն իսլամական ավանդության` հուդայական ավանդության մեջ նշվում է Իբրահիմի մյուս որդու` Իսհակի անունը։ Իբրահիմը մեկնում է Մինայի հովիտ` այն վայրը, որտեղ ներկայումս գտնվում է Մեքքան։ Նրա որդին, իմանալով այդ մասին, չի ընդվզում, քանի որ հավատարիմ էր Ալլահին եւ իր հորը։ Սակայն դա փորձություն էր Ալլահի կողմից, եւ մինչ Իբրահիմը պատրաստվում է զոհաբերել որդուն, Ալլահն անում է այնպես, որ դանակը չկտրի։ Որդու փոխարեն Իբրահիմը զոհաբերում է մի գառ, իսկ Ալլահը նրան տեղեկացնում է, որ ունենալու է եւս մեկ որդի` Իսհակին: Մահմեդական այս տոնը սկսվում է, երբ ավարտվում է հաջը: Հաջն  ուխտագնացություն է Մեքքա եւ դրա մերձակայք: Հաջը համարվում է իսլամի հինգերորդ հիմնասյունը՝ Շահարդայից, Նամազից, Զաքարտից եւ Պահքի ամսից հետո: Կուրբան Բայրամի տոնի ժամանակ մահմեդականները պետք է ինքնամաքրվեն, հագնվեն մաքուր եւ տոնական հագուստներ: Այդ օրը ոչ աշխատանքային է իսլամադավան երկրներում: Մզկիթում տեղի է ունենում տոնական աղոթք, որից հետո ընթերցվում է խուտբա»:

Ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Թուրքիայի նախագահին՝ Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ «Այո, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է տոնի առթիվ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, իսկ վերջինս էլ վարչապետին շնորհավորել է Վարդավառի տոնի կապակցությամբ: Հայ-թուրքական հարաբերություններում ներկայումս հաշտեցման գործընթաց է գնում: Երկու երկրների ղեկավարները բարձրաստիճան բանագնացների  մակարդակներով են գործում: Կարող ենք ասել, որ գործընթացն ակտիվ փուլում է, սակայն այս հարցի շուրջ, ըստ իս, դեռեւս կան որոշակի անհամաձայնություններ: Մասնավորապես, թուրքական եւ ադրբեջանական կողմը նշում է Զանգեզուրի միջանցքի մասին, որը հայկական կողմի համար անընդունելի է: Տարաձայնություններ կան նաեւ անկլավների հարցի շուրջ, այդ հարցը, իմ կարծիքով, պետք է լուծվի փոխանակման սկզբունքով, որպեսզի ինքնիշխան երկրների շահերը չվնասվեն: Գործընթացն այն փուլում է, որ աջակցություն է ստանում բոլոր կողմերից, թերեւս ե՛ւ Արեւմուտքն է աջակցում, ե՛ւ ռուսական կողմը: Այս առումով կարող ենք նշել, որ գործընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծվել են, սակայն կողմերի միջեւ կան որոշակի տարաձայնություններ, որոնք հարթվելու դեպքում կարող ենք խոսել վերջնական խաղաղության մասին»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image