Սահմանադրական դատարանը հրաժարվում է քննել խորհրդարանական ընդդիմության դիմումները։ Վերջինն «ԱԺ կանոնակարգ» օրենքի հետ է կապված` ընդդիմությունը զրկված է ԱԺ մշտական հանձնաժողովների՝ Դոնթի բանաձեւով իրենց հասանելիք նախագահների պաշտոնները ղեկավարելու իրավունքից։ ՍԴ-ն որոշել է հետաձգել քննությունը՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»։ Առհասարակ, ՍԴ այս կազմն անթաքույց ծառայում է իշխանություններին եւ ընդդիմության դիմումների նկատմամբ որոշակի վերաբերմունք ունի:
Մենք զրուցել ենք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հետ:
- Տիկին Սաֆարյան, ՍԴ-ն ինչո՞ւ չի քննում ընդդիմության ներկայացրած դիմումները: Օրենքն ասում է, որ եթե դիմումի մեջ կան բացթողումներ, ապա այդ մասին Սահմանադրական դատարանը պետք է հայտնի եռօրյա ժամկետում` առաջարկելով շտկել թերությունները, բայց երբեմն մեկ ամիս անց եք այդ մասին հայտնում ընդդիմությանը:
- Օրենքն ինքներդ էլ ասացիք` եռօրյա ժամկետում հայտնաբերում են խախտումները և ուղարկում կողմին: Ես չեմ հիշում, որ Սահմանադրական դատարանը էդքան երկար ժամկետների խախտումներ թույլ տա, ես գիտեմ, որ մեր աշխատակազմը բավականին արագ է աշխատում և այդպիսի խնդիր պետք է որ չլինի:
- Բայց ընդդիմադիրներն այլ բան են պնդում: Ասում են, որ կողմնապահություն է ՍԴ-ն անում:
- Ես անկեղծ կլինեմ, ընդհանրապես ՍԴ-ն հիմնականում ապահովում է բոլոր կողմերի հավասարությունը, որևէ մեկի դիմում հենց այնպես` առավել ևս ընդդիմադիրների դիմումները, ժամկետանց հետ չի վերադարձվում, չեմ կարող ասել, թե այդ տեղեկություններն ունեն ծանրակշիռ հիմքեր, որովհետև միշտ էլ իրենք դժգոհ են Սահմանադրական դատարանի վերաբերմունքից` ուղղված իրենց գործերին, բայց ես կասեմ հակառակը` ընդդիմադիրների դիմումներն առավել մանրակրկիտ են նայվում, պետք է, որ տեղ չթողնենք, որ նման խոսակցություններ լինեն: Բովանդակային քննությունը տարվում է օբյեկտիվ, աշխատում ենք այնպես անել, որ ոչ մեկի գործը ոչ առավել կարևորվի, ոչ էլ հակառակը:
- Ինչպե՞ս եք առավել մանրամասն ուսումնասիրում, նման խոսակցությունների՞ց եք խուսափում, թե՞ այլ պատճառ կա:
- Ոչ միայն խոսակցություններից, մենք ինչ անում ենք, առաջինը մեզ համար ենք անում` իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով: Եթե ինքդ մաքուր ես աշխատում քո գործում, չպետք է նայես, թե դիմացիններն ինչպես են քո մաքուր աշխատանքները գնահատում: Սահմանադրական դատարանը բոլորինն է և մենք պարտավոր ենք մեր պարտականությունները կատարել բարեխիղճ: Ես մեկ տարվա դատավոր եմ ու չեմ հիշում, որ մի գործի ժամկետ խախտվի: Ես նման բան չեմ հիշում, դրանք բոլորը Սահմանադրական դատարանի օրենքով կարգավորվում են: Անհատական դիմումները, իրավաբանական անձանց կողմից դիմումները, նաև ԱԺ-ի կողմից ներկայացված դիմումները բոլորն ուսումնասիրվում են, քննության ընդունվելիքներն ընդունվում են քննության, չընդունվելու հիմքեր լինելու դեպքում չեն ընդունվում և նշված ժամկետում հետ են ուղարկվում հասցեատերերին, ներկայացվելով նաև պատճառաբանությունները:
- ՍԴ-ում «Ապօրինի գույքի բռնագանձման» գործով վարույթը կասեցված է, Վենետիկի հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը, տեւական ժամանակ է` գրեթե մեկ տարի, ինչո՞ւ ՍԴ որոշում դեռ չկա:
- Ամենահնչեղ գործն է դա թվում Հայաստանում, եկեք դրա մասին չխոսենք, ընթացքի մեջ է, ուսումնասիրման փուլում է, ստացել ենք պատասխանը, առաջիկայում գործը կլսվի, կարծում եմ` բոլոր հարցերին կտրվեն օրինական պատասխաններ: