Այլ

ՔՊ -ի  «Պամիդորի ջերմոցում» նախընտրական քաղհան է

ՔՊ -ի  «Պամիդորի ջերմոցում» նախընտրական քաղհան է

Վերջին շրջանում նկատվում է հետաքրքիր մի երևույթ․ իշխանական թիմի ընտրացուցակից դուրս մնացածները  շարունակում են հրապարակային դաշտում պաշտպանել իշխանությանը՝ առանց դժգոհության, առանց ակնհայտ վիրավորվածության։ Մինչդեռ մամուլը գրում է ներսում առկա լարվածության մասին։

Սա քաղաքականության մեջ սովորական իրավիճակ չէ։ Սովորաբար նման իրավիճակներում մարդիկ երեք կերպ են արձագանքում․ նեղանում են, լռում են կամ հակադրվում։

Սակայն այստեղ մենք տեսնում ենք չորրորդ տարբերակը՝ դուրս են մնացել, բայց չեն հեռացել։ Ցուցակից դուրս մնացածներն այնպիսի մարդիկ են , որոնք տարիներ շարունակ իրենց հեղինակությունը կապել էին իշխանության հետ և հաճախ առաջին գծում էին պաշտպանել այն՝ կրելով հարվածները։ Քաղաքական համակարգերում այսպիսի մարդիկ սովորաբար վտանգավոր են դառնում, եթե նրանց պարզապես «ազատ արձակեն« նրանք շատ բան գիտեն և շատ բան կարող են ասել։ Այդ պատճառով նման դեպքերում  երբեք չեն լինում պարզ բաժանումներ։

Քաղաքականությունը հարաբերությունների համակարգ է, ոչ թե աշխատավայր։ Երբ լրագրողի հարցին՝ ինչ եք անելու, պատգամավորը պատասխանում է «պամիդոր եմ  աճեցնելու», սա բառացի պատասխան չէ։ Սա քաղաքական լեզու է։ Այս արտահայտությունը իրականում նշանակում է․ մենք հիմա ակտիվ դերում չենք, բայց գործընթացից դուրս  չենք։ Սա սպասումի փուլ է։ Եթե մեկ մարդ է լուռ՝ դա անձնական որոշում է։ Եթե շատերն են լուռ՝ դա արդեն պայմանավորվածություն է։ Եթե մեկ մարդ է «պամիդոր եմ  աճեցնում», իր գործն է, եթե շատերը՝ պայմանավորվածություն է․․․   Քաղաքական համակարգը սովորաբար չի հեռացնում իր ներսում երկար տարիներ աշխատած մարդկանց առանց փոխհատուցման։ Հակառակ դեպքում այն սկսում է քայքայվել ներսից։ Ուստի առավել տրամաբանական է, որ տեղի է ունեցել դերերի փոփոխություն, ոչ թե հեռացում։ Քաղաքականությունից հեռացած մարդը սովորաբար խոսում է ազատ։ Սպասող մարդը խոսում է զգուշորեն։ «Պամիդոր աճեցնելը» հենց այդ զգուշավորության ձևակերպումն է։ Մարդկանց պահում են կադրային ռեզերվում։ Այն նման է կադրային վերադասավորման։ Ոչ թե ավարտ, այլ դադար։ Սա կոչվում է պայմանավորվածություն․ նրանք էլի՛ են օգտագործվելու․․․ «Պամիդորային դադար» կամ ինչ է խոստացել ջերմոցի տերը։ Բայց կա ավելի կարևոր նրբություն։ ՔՊ   «Պամիդորի քաղաքական  ջերմոցում»  նախընտական քաղհան է։ Որոշները, որոնք խանգարում են մյուսների աճին, տեղափոխում են այլ ջերմոց կամ գուցե պահպանվեն համապատասխան պայմաններում՝ մինչև գարուն գա․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image