Քաղաքականություն

Ովքեր ներկա գտնվեցին եւ չգտնվեցին Վարդան Ղուկասյանի երդմնակալությանը

Ովքեր ներկա գտնվեցին եւ չգտնվեցին Վարդան Ղուկասյանի երդմնակալությանը

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ունի 14 մանդատ, ինչպես անդրանիկ, այնպես էլ այս նիստին ներկա չէր: Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանն ու իր տեղակալները, որ նույնպես հրավիրյալների թվում էին, ներկա չգտնվեցին արարողությանը։ Երդմնակալությանը հաջորդեց Ղուկասյանի ճառը․

«Ես գիտակցաբար մտել եմ այս ծանր լծի տակ: Հիմա մեզ համար կարեւոր է աշխատատեղերի ստեղծումը, 12 մլրդ վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել: Երկրորդը բնակարանների խնդիրն է, որ 37 տարի մարդիկ տնակներում են ապրում, երկրաշարժից հետո Հայաստան եկած օգնությամբ կարելի էր երկու Հայաստան կառուցել: 1999 թվականին որ դարձա քաղաքապետ, մարդիկ ասում էին՝ գնանք հերանցս տուն, քաղաքապետարանը դարձավ ժողովրդի հերանց տունը, իսկ դրանից հետո մարդիկ քաղաքապետարանի կողքով անցնելիս անեծք էին անում»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

200-ից ավել  քաղաքացի էր ներկա 13 տարի անց քաղաքապետարան վերադարձած Վարդան Ղուկասյանի  երդմնակալությանը: Արարողությանը ներկա էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, ինչպես նաև102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, բուհերի դասախոսներ, երկաթուղայիններ, նախկին եւ ներկա ԱԺ պատգամավորներ, թաղի բնակիչներ, ծանոթ-բարեկամներ, ավագանու ընդդիմադիր 2 քաղաքական ուժերը, բայց ուշագրավ էր, որ  Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամները՝ չնայած որ ձայն էին տվել Վարդան Ղուկասյանին համայնքապետի պաշտոնում ընտրվելու համար, չմասնակցեցին նրա երդմնակալության արարողությանը:

Միքայել Սրբազանը, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր` թող հրավիրեն, կորոշի գնալ, թե ոչ, այսօր անդրադարձավ իր ներկայությանը։

«Ինչո՞ւ այսօր մասնակցեցի․ վերջին անգամ մասնակցել եմ 2005թ-ին, չեմ մասնակցել իմ մոտեցումների, այն ժամանակվա իշխանության եւ այլ բաները հարգելով, այս անգամ ոչ մի մոտեցում ու պայման հաշվի չեմ առել; Ոչ մի պայման չեմ քաշել, այս անգամ մասնակցել եմ հայրենիքիս վիճակից ելնելով, ավագ շաբաթվա այսօրվա օրը մեզ հնարավորություն է տալիս բացակայել, ներկա գտնվել այս արարողությանը;

«Ես ու Վարդան Ղուկասյանը, լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը ձեր առջև կանգնած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Ղուկասյանին է պատկանում, իբրև պատգամ ավագանու անդամներին ասում եմ՝ օգնեք պարոն քաղաքապետին, որպեսզի կարողանա իր գործունեությունը ծավալել։ Եղեք տարբեր, հակառակվեք, քննադատեք, բայց գործի մեջ եղեք համագործակցական, լծակից, օգնե՛ք։ Սա բացականերին առավել է վերաբերվում»,- ասաց Սրբազանը։

«Մի խանգարեք, սաբոտաժ մի արեք։ Կոչ եմ անում նաև քիչ գովել ու շողոքորթել քաղաքապետին, մի ասեք՝ դու թագավոր ես, թագավոր կմնաս»,- ասաց Միքայել Սրբազանն ու, խոսքն ուղղելով Վարդան Ղուկասյանին, ասաց՝ չթողնես՝ հորդորս նաև քեզ է վերաբերում։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը նախքան երդմնակալության մեկնարկն անդրադարձավ նաև իր հայտարարությանը՝ դեմ չէ Միութենական պետությանը, որը մեծ քննարկումների առիթ է դարձել:
«Էդ ի՞նչ հարձակում եք կատարել վրաս, մենք անկախության հարցը քննարկե՞լ ենք: Ո՞վ կարող է Հայաստանի անկախության մասին մի բան ասել: Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել: Օրինակ, կա Եվրոպական միություն, միություն, որ պաշտպանի երկիրը»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image