Հասարակություն

«Հրապարակ». Նա մահացել է, հարություն առել, ես՝ նվաստ մահկանացուս, ո՞նց կարող եմ մեկնաբանել նրա ասածները

«Հրապարակ». Նա մահացել է, հարություն առել, ես՝ նվաստ մահկանացուս, ո՞նց կարող եմ մեկնաբանել նրա ասածները

2 օրում 2 դրական նորություն` բյուջե-2026-ի քննարկումների ժամանակ. տնտեսական աճը խոստացված 7 տոկոս է եղել, եւ 2026-ին վերջապես կներդրվի բժշկական ապահովագրությունը: Բայց վատ նորություններն ավելի շատ են՝ ռազմական ծախսերը կրճատվում են 15,3 տոկոսով, ավելի անպաշտպան ենք դառնալու, քան 2025-ին, թոշակները չեն ավելանալու, աղքատությունը չի նվազել: Պաշտոնական տվյալներով՝ 23,6 տոկոս աղքատություն ունենք: Սա նաեւ Փաշինյանի կառավարության 5 տարվա աշխատանքի արդյունքն է, 2021-2026 թթ․ կառավարության ծրագրի գլխավոր ցուցանիշը: Վարչապետը, ինչպես ինքն է ասում, մտածել-մտածել ու հասկացել է, որ պատճառը դպրոցներն են, որոնք նախկիններն ավերակ են դարձրել: Նման եզրակացություններով վարչապետին դժվար էլ հաջողվի գոնե 2026-ին կանգնեցնել աղքատության թափանիվը:  

Եթե տնտեսությունն աճել է, հարկերն էլ հավաքվել են, ինչո՞ւ միջին կենսաթոշակը պարենային զամբյուղին՝ 85 հազար դրամին չի հավասարվել, ինչպես խոստացվել էր, եւ նվազագույն աշխատավարձը 85 հազար չի դարձել` 75 հազար է: Այս հարցերը բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: «Սա պոպուլիստական քա՞յլ էր՝ մարդկանց քվեն ստանալու համար, թե՞ ձեր ներկայացրած տնտեսական աճը նկարված է»: Նախարարի պատասխանն անհասկանալի էր. «Ամենամեծ աճը 2025-2026 թթ․ տեղի է ունենում հենց սոցիալական ապահովության գծով: Կարծում եմ, նախարարը ավելի դիպուկ կպատասխանի, բայց կարող եմ ասել, որ կարեւորը ֆիսկալ կայունությունն է»: Իսկ թե ինչու ֆիսկալ կայունության պայմաններում, այնուամենայնիվ, 700 հազարից ավելի աղքատ ունենք, որոնց կյանքի որակը վատացել է, նա չպատասխանեց:

Որպեսզի կարողանան թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, պետք է վերանայեն մյուս ծախսերը, բայց 2026-ին մեծ հատկացումներ են արվելու առողջապահության ոլորտում ապահովագրության ներդրման համար՝ բացատրում է ֆինանսների նախկին նախարար, ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը: Այս պայմաններում աշխատավարձ կամ թոշակ չեն կարող բարձրացնել: «Որպեսզի բարձրացնեն, պետք է բյուջետային գերակայությունները վերանայեն»,- ասում է նա:

Ըստ Արամյանի, Հայաստանում բժշկական ապահովագրությունն աշխատելու է կազինոյի սկզբունքով: «Դա փողերի վերաբաշխում է: Ասենք, դու 1000 հոգուց վերցնում ես վճարները, բաշխում 10 հոգու միջեւ, ովքեր դրա կարիքն ունեն: Սա ոչ այլ ինչ է, քան կազինո: Դասական ապահովագրությունն այլ ձեւով է աշխատում: Ապահովագրական ընկերությունը գումարը հավաքելով, նաեւ մեծ ներդրումներ է կատարում, որից եկամուտներ է գեներացնում: Համաշխարհային շուկայում հիմնական ներդրողներից են ապահովագրական ընկերությունները, որոնք, հավաքելով ապահովագրական վճարները, կառավարում են այդ գումարները եւ բավականին լուրջ եկամուտներ են ստանում, որը եւ բաշխում են մարդկանց միջեւ»: 

Աշխատավարձի բարձրացման հարցը ֆինանսների նախարարի վրա թողնելը Արամյանը ճիշտ չի համարում. «Ֆինանսների նախարարությունը մի պարզ մոտեցում ունի, ասում է՝ 22 թվականից այս կողմ պարտք-ՀՆԱ ցուցանիշն աճում է: Պակասորդը ՀՆԱ-ի մեջ աճում է, ինչը խնդրահարույց է: Դրա համար ֆինանսների նախարարությունը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու ասում է՝ կառավարություն ջան, դուք գնացեք ձեր գերակայությունները նայեք, սա է մեր բյուջետային սահմանները»: Լավ, ինչո՞ւ չի աղքատությունը կրճատվում: Դրա վերաբերյալ Վարդան Արամյանը մի ամբողջ տեսություն ունի. «Միջին եւ ցածր եկամտով մարդկանց կենսամակարդակը շատ ավելի վատ է, քան 2018-ից առաջ: Որովհետեւ 18-ին բեմահարթակում հայտնված մարդկանց հիմնական մեսիջն էր՝ ձեր վարկերը, տուգանքները կչեղարկենք, հարկերը կիջեցնենք, վատ եք ապրում, որովհետեւ ձեզ թալանել են նախկինները: Այս մեսիջներով սնվելով, մարդիկ ձեւավորեցին սպասումներ: 2018 թվականին կրկնակի եւ ավելի աճեցին սպառողական վարկերը: Խոստումներին հավատալով, սպառողական վարկեր վերցրին, որոնք ընթացիկ են եւ չեն բարձրացնում նրանց կենսամակարդակը: 2019-ին նրանք տեսան, որ կենսամակարդակն ու բարեկեցությունը չբարձրացան»: 

Պատճառը, ըստ Վարդան Արամյանի, սպառողական վարկերի աճն է, որն անհամաչափ է աշխատավարձի աճին: «Փաշինյանը միշտ խոսում է եկամտային մասից, բայց յուրաքանչյուր տնտեսություն ունի նաեւ հաշվեկշիռ: Դա իր ակտիվներն են ու պարտավորությունները: Բնականաբար, միջին եւ ցածր կենսակերպի մարդկանց ակտիվներում բան չկար՝ կապիտալ, ընկերություն, ֆիզիկական ակտիվներ, որոնցից եկամուտ գեներացնեն: Նրանց ակտիվներում մի հատ ջարդված «Օպել» էր, մի փոքր բնակարան: Նրանց եկամուտը գեներացվում է աշխատավարձից: 2018-2025 թթ. գնաճով ճշգրտված աշխատավարձերն աճել են 30 տոկոսից ավելի: Սրա մեջ կա հարկային վարչարարությունը, երբ սեւ եկամուտը սպիտակում է, եւ իրականում ոչինչ չի փոխվում, բայց, ենթադրենք, այդ 30 տոկոսն իրական աճ է: Բայց չէ՞ որ ծախսերն էլ են շատացել: Չէ՞ որ մարդը, որ վարկ է վերցրել, իր ապագա կենսամակարդակը կրճատելով՝ բերում տալիս է այդ փողը: Իսկ այս 7 տարիներին սպառողական վարկերն աճել են 2,6 անգամ: Ես էլ չեմ խոսում խաղամոլության աճի մասին: Ֆինանսների փոխնախարարը մի անգամ թիվ հնչեցրեց՝ 5 տրիլիոնից ավելի խաղադրույք է կատարվել: Սա արտասահմանցիները չեն կատարել, չէ՞»,- ասում է նախկին նախարարը: 

Վարդան Արամյանին խնդրեցինք մեկնաբանել Փաշինյանի արտահայտությունը, թե աղքատությունը չի նվազում, որովհետեւ նախկիններն ավերել են դպրոցները: Նա համեստ գտնվեց. «Սովորական մահկանացուն անզոր է այդ սրբի ասածները մեկնաբանել։ Նա մահացել է, հարություն է առել, հիմա էլի սրբադասվել է, ես՝ նվաստ մահկանացուս, ո՞նց կարող եմ մեկնաբանել նրա ասածները»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image