Այլ

Մարդը հող է, հավատը՝ ժայռ․․․

Մարդը հող է, հավատը՝ ժայռ․․․

Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի երկու տարի անօրինական ազատազրկումից չեմ խոսելու։ Չեմ խոսելու իրավական համակարգի խեղաթյուրված դեմքի, դատավորների փափուկ աթոռների ու դատավճիռների վրա դրված «վերևից» դրոշմների մասին։ Դրանք նույն Աբու Հասանի մաշիկներն են՝ հին, մաշված, բայց իշխանության ամեն քայլափոխից  առաջ ընկնող։ Դրանք այնքան են հնացել, որ ժողովրդի ոտքերի ցավն այլևս անտանելի են։ Ժամանակն է պարզապես փոխել մաշիկները, ոչ թե փորձել դրանք նորից փայլեցնել ու օգտագործել։ 

Այլ բանից եմ ուզում խոսել։ Մարդկային հենարանի մասին։ Միշտ հիացել ենք նրանցով, ովքեր կանգնել են ժայռի պես՝ քամու, քննադատության ու վախի դիմաց։ Մեր երազանքները միշտ կապել ենք այդ ուժեղների հետ, որովհետև նրանք մեզ հիշեցնում են, որ հնարավոր է ապրել ոչ թե փորի, այլ հոգու համար։ Բայց վերջին ութ տարիները դարձան բարոյականության փլուզման տարիներ։ Այն ամենը, ինչին հավատացել էինք՝ պատվին, խոսքին, հավատին ու խղճին, սկսեց փշրվել։ Եվ այդ փշուրների մեջ ծնվեց մարդկանց մի տեսակ, որոնց համար ամեն ինչ չափվում է մեկ բանով՝ սեփական հարմարությամբ։ Նրանք չեն լսում հոգու ձայնը․ նրանք լսում են միայն իրենց փորի արձագանքը։ Եվ նրանք այսօր շատ են։

Բայց նույնիսկ այդ փոշու մեջ դեռ կան նրանք, ովքեր կանգնած են ուղիղ, լուռ, անբառ, բայց սրբորեն։ Նրանք սերուցքն են՝ մեր հողի, մեր ժողովրդի, մեր հավատքի։ Նրանք չեն փնտրում մեղմ ճանապարհներ․ նրանք փնտրում են հենարան։ Իսկ իրական հենարանը, ինչպես գրված է Սուրբ Գրքում, մարդը չէ, իշխանությունը չէ, աշխարհիկ որևէ ուժ չէ։ Մարդը հողեղեն է՝ փշրվող, անցողիկ։ Ուստի ով իր հույսը դրեց Նիկոլ Փաշինյանի վրա, նա կփլվի նրա հետ միասին։ Եվ նա՝ Փաշինյանը, ով իր հույսը դրեց օտար ուժերի վրա, նույնպես կփլվի, որովհետև ամուր հիմք չունի։ Սա ոչ թե քաղաքական գնահատական է, այլ հոգևոր ճշմարտություն, որը դարերով ապացուցվել է։

Ուստի նախանձել պետք չէ նրանց, ովքեր ժամանակավորապես փայլում են իշխանության լույսի տակ։ Նախանձիր նրան, ով մնում է լուսավոր՝ նույնիսկ խավարում։ Նրան, ով չի կորցնում հոգու խաղաղությունը՝ նույնիսկ անարդարության պարագծում։ Նրան, ով իր հավատքով անպարտելի է։
Ես այդպիսի խաղաղություն տեսա Միքայել Սրբազանի աչքերում։ Երբ նա կանգնած էր դատարանի ամբիոնի առաջ, դեմքին ժպիտ ուներ։ Ոչ թե պարտվողի, այլ հաղթողի ժպիտ։ Կարծես ասեր՝
«Լավ է, որ դուք եք ինձ դատապարտում, ոչ թե Աստված։ Ձեր դատը կանցնի, Նրա դատը՝ կմնա»։
Եվ հենց այդ պահին ես հասկացա՝ ուժը չի չափվում ազատությամբ, իշխանությամբ կամ ամբոխի ծափերով։ Ուժը չափվում է ժպիտով՝ երբ ամեն ինչ կորցրած ես, բայց դեռ շնորհակալ ես Աստծուն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image