Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Հայաստանի պոլիտեխնիկական, ագրարային, ճարտարապետաշինարարական համալսարանների պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի, գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը:
Վարչապետը նաեւ նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության հետ համատեղ մշակված հայեցակարգային պլանի վրա է հիմնված լինելու հետագա բովանդակությունը:
Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով տեխնոլոգիական կլաստերը, խոսել է start up թաղամասի մասին, համոզմունք հայտնել, որ տեխնոլոգիական կլաստերը հնարավորություն կտա ակադեմիական զուտ ուսումնառությունը համատեղել գործնական, պրակտիկ հմտությունների ձեռքբերման հետ, աշխատանքային հմտությունները տեղում զարգացնել, փորձարկել, որն իր հերթին հնարավորություն կտա գնահատել տեխնոլոգիական կրթության որակը եւ մակարդակը:
Վարչապետը խոսել է նաեւ ակադեմիական քաղաք տանող երկաթուղային հանգույցի, տրանսպորտային համակարգի մասին, նշել, որ այդ համատեքստում կառավարության նախորդ նիստում հաստատվել է իտալական տրանսպորտային ընկերության հետ պայմանագիրը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանից հետաքրքրվեցինք՝ ներկայիս գերծանրաբեռնված տրանսպորտային ցանցի պայմաններում հնարավոր համարո՞ւմ է դեպի ակադեմիական քաղաք երկաթգիծ ու նոր տրանսպորտային ցանց գցելը։ «Այդ հարցը շատ լուրջ պրոբլեմ է, սակայն տեղի հարցում այլ առաջարկություն չի եղել»։ Բայց դիտարկվել է ակադեմիական քաղաքն Աշտարակում կառուցելու տարբերակը։ «Աշտարակի ու Երեւանի միջեւ տարբերությունը քիչ է, եւ տեղի ընտրությունը թերեւս թելադրվել է նրանով, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսը Երեւանում է, իսկ այդ մարդկանց չես վերցնի ու տանես սահմանային գոտի, հարկադրված ես ենթարկվել այդ փաստին»։
Երեւանում տրանսպորտի վիճակը, ըստ Քալաշյանի, անկախ ամեն ինչից, ահավոր վատ է․ «Դրանից վատ ես չեմ էլ պատկերացնում, ու այդ հարցն առաջնային է թե՛ մեր, թե՛ քաղաքապետարանի համար, բայց որեւէ մեկը հստակ լուծման ձեւ չի կարողանում գտնել, որովհետեւ ցանկացած առաջարկվող ձեւ հսկայական գումարների հետ է կապված։ Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքին, ապա դա առանձին հատուկ մոտեցում կունենա, որովհետեւ առաջարկություն կա, եւ հնարավոր է մետրոյի ցանցն ընդարձակվի ու մի կերպ կապվի ակադեմիական քաղաքի հետ՝ օղակաձեւ ճանապարհ ստեղծվի Աջափնյակից մինչեւ Չարբախ, ինչը կարող է մի քիչ թեթեւացնել հարցը։ Երկաթուղին էլ, որը գործնականում տրամվայի մասին է խոսքը, որոշակի հաճախականությամբ առավոտյան, երեկոյան կապահովի ուսանողների շարժը»։
Այդուհանդերձ, ճարտարապետը ռեալ չի համարում, որ մինչեւ 2030-ը ակադեմիական քաղաքը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, պատրաստ կլինի․ «Ես դա համարում եմ առայժմ տեսական առաջարկություններ, այդ թվերը կարող են ամեն պահի փոխվել, դրանց հաշվարկներն արված չեն, եւ մենք չգիտենք, թե ինչ գումարների հետ գործ ունենք, հետո, երբ նախահաշիվը կազմվի, նոր կորոշվի, թե դա քանի տասնամյակի խնդիր է»։
Քալաշյանն ասում է՝ գերմանական ընկերությունը ոչ թե նախագծել է, այլ հայեցակարգն է արել․ «Իսկ նախագիծը Հայաստանում է արվում, մեր ինստիտուտը՝ «Հայնախագիծը», մասնակցում է դրան, եւ արդեն մեզ են պատվիրակել, որ հիմնական նախագծային աշխատանքներն արվեն այստեղ։ Իսկ հայեցակարգը քննարկվել է մի քանի անգամ, տարբեր տեղերում, եւ քաղաքաշինական առումով որեւէ վիճարկելի բան չկա, մնում է, որ կազմը կոնկրետացնեն, որովհետեւ ամեն մի շենքը պետք է ունենա իր առաջադրանքը, ի վերջո՝ մենք չենք պատկերացնում, թե տվյալ շենքն ինչ չափի է լինելու, քանի հոգի է այնտեղ սովորելու։ Այդ բոլոր հարցերը մեզ մոտ են քննարկվելու, ու մենք որոշելու ենք, թե ինչի հիման վրա նախագծերը պետք է արվեն»։
Մենք չունեի՞նք այդ մարդկային ռեսուրսն ու մասնագետները, որպեսզի հայեցակարգն էլ մեզ մոտ արվեր։ «Հայեցակարգի առաջարկությունը եղել է այնտեղից, հիմա, եթե մեզ էլ տային, մենք ինչ էլ առաջարկեինք, վիճարկելի կլիներ, որովհետեւ սկզբունքային հարցն այն է, որ մեզ մոտ նախագծային կազմակերպությունները ցաքուցրիվ են եղել, եւ որակ չի կարող ապահովվել։ Դրա համար համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեն անվանի ճարտարապետական ուսումնակրթական օջախներ, որոնք աշխարհով մեկ հայտնի են։ Հետո՝ մենք փորձ չունենք ակադեմիական քաղաք կառուցելու հարցում, նաեւ որեւէ մասնագետ չունենք, ուրեմն այդ հարցերով պետք է դիմենք արտերկիր, դա Գերմանիան կլինի, թե Ամերիկան՝ կապ չունի, այս դեպքում Գերմանիան է եղել»։
Հիմա, Կասկադի դեպքում որքանո՞վ է ճիշտ դրսի ճարտարապետների օգնությանը դիմելը, երբ կա կենդանի ճարտարապետի հեղինակային նախագիծը։ «Սա այլ հարց է, եւ սրա դեպքում ոչ մի պարագայում չի կարելի դիմել օտար ճարտարապետներին, որովհետեւ Կասկադն արդեն կյանքի կոչված կառույց է, ու սա այն դեպքը չէ, որ դու այնպիսի հարց պետք է դնես, ինչպես որ ակադեմիական քաղաքն է, որ քո ուժերը չներեն»։
Բայցեւայնպես, Քալաշյանը կարծում է, որ մեզ մոտ ճարտարապետական միտքն ամլացել է, ինչը գալիս է պետական մտածելակերպից․ «Մենք կորցրել ենք «պետական մտածելակերպ» հասկացությունը։ Ակադեմիական քաղաքի դեպքում բոլորը հետաքրքրվում են նախագծից, քննարկում են՝ լավ է, վատ է կամ՝ ճիշտ է, սխալ է, բայց որեւէ մեկը չքննարկեց՝ Կասկադի համար ներկայացված նախագծերը լա՞վն էին, թե՞ վատն էին, պե՞տք էր, թե՞ պետք չէր, այդ 2 նախագծերից ո՞ր մեկը պետք է ընտրվի։ Առհասարակ, նոր նախագիծ պետք էլ չէր պատվիրել, որովհետեւ հեղինակը կենդանի է, հեղինակային իրավունք գոյություն ունի, հետո՝ այդ նախագիծն ինքն իրենով ավարտուն է, պարզապես ժամանակին չի շարունակվել, գուցե պետք է շարունակվեր, կամ եթե հարց կար՝ Կասկադի համալիրի հետ կապված, հեղինակին կանչեիք-ասեիք՝ առաջարկություն ներկայացրու՝ քննարկենք։ Բայց նրան ոչ ոք ոչինչ չի ասել, ու չգիտեմ ինչպես գնահատել այդ վարքագիծը»։
Ինչ վերաբերում է Կոնդին եւ Դալմային, ապա, ըստ ճարտարապետի, այդտեղ ուղղակի քաղաքաշինական քաոս է, որը թելադրված է բիզնեսով․ «Մեզ մոտ հայտարարվել է, չէ՞, որ շինարարությունն ամենագլխավոր ու կարեւոր բիզնեսն է հանրապետությունում, մենք ուրիշ բիզնես չունենք, ո՛չ գործարան ունենք, ո՛չ էլ․․․, միակ բիզնեսը շենք սարքելն է, ու այդ շենք սարքելու պատվիրատուները լիքն են, ով փող ունի, շենք է սարքում, որովհետեւ եկամուտը դրանից շատ մեծ է։ Եթե գործարան սարքելը տարիներ կտեւի, մի շենքը մի տարում կարող են սարքել ու վաճառել կրկնակի գնով։ Դրա համար պետական մոտեցումը դարձել են շինարարությունն ու բիզնեսը։ Իսկ ով գումար է դնում, իր համար ձեռնտու չէ այդ շենքը սարքել Երեւանից դուրս որեւէ մի քաղաքում, սարքում է մայրաքաղաքում, որն ամենաախորժելի տեղն է վաճառքի համար։ Սա պետական հոգեբանություն է, ու երբ ասում եմ՝ պետական մտածելակերպ չկա, նկատի ունեմ նախեւառաջ մշակութային առումով, որովհետեւ բիզնես առումով այն կա։ Մեզ մոտ ընդհանրապես անտեսված է մշակույթը՝ լինի դա ճարտարապետության մեջ, նկարչության, երաժշտության․․․, այն, ինչը մշակույթի հետ է կապված, ետին պլան է մղված մինչեւ վերջ, մինչդեռ ճարտարապետությունը ցանկացած քաղաքի մշակութային դիմագիծն է»։