Իմ հոդվածներում ու ֆեյսբուքյան գրառումներում բազմիցս հիշատակել եմ Սպարապետի՝ «21-րդ դարը մերն է լինելու» պատգամը: Բայց դա, չեմ կարող չխոստովանել, ինքնախաբեության պես մի բան է դարձել այսօր: Որովհետև զարգացման այն ճանապարհը, որն ընտրվեց անկախություն ստանալու առաջին օրերից ու շարունակվում է մինչև այժմ, չէր կարող հասցնել այդ նպատակին: Դեռևս 100 տարի առաջ մեր մեծերն են արձանագրել, որ հայության առաջնային թշնամին ոչ թե թուրքն է, այլ մեր միջի թրքացվածությունը: Եվ եթե թուրքի դեպքում թուրք լինելն արժանիք է ու հպարտություն, ապա մեր դեպքում այն ամենաբացասական հատկանիշն է, որ կարելի է պատկերացնել: Իզուր չէր Հովհաննես Թումանյանը մեր կյանքը համեմատում «ճիճվի կերած պտուղի հետ»՝ ասելով, որ ներսից ենք փչացած ու ներսից է լինելու մեր փրկությունը:
Ներսից փչացած լինելու առաջին լուրջ դրսևորումներն անկախության առաջին տարիներին ներքին քաղաքական կյանքում հաշիվներ մաքրելու գործընթացն էր՝ ՀՀՇ-ՀԱԲ, հետո ՀՀՇ-ՀՅԴ, իշխանություն-Վազգեն Մանուկյան, այնուհետև Վազգեն Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան և այլն, և այլն: Ինչն էլ, ի վերջո, հանգեցնելու էր Նիկոլի հայտնվելուն: Ասեմ, որ ծանոթ չեմ Իսրայել պետության առաջին տարիների՝ 1948-ից սկսած, ներքաղաքական կյանքին: Քանի որ ավելի շատ ուշադրություն եմ դարձրել պետության կայացմանն ու երեք կողմից իրեն շրջապատող (չորրորդ կողմը ծովն է) արաբական երկրների դեմ պատերազմներին: Բայց չեմ կարծում, որ ինքնիշխան պետականության հռչակման հաջորդ օրը սկսված պատերազմի պայմաններում հրեաները մեզ նման հաշիվ են մաքրել միմյանց հետ: Ու այդ պատճառով էլ պետականության հաստատման 80-րդ տարեդարձի շեմին նրա հետ հաշվի են նստում բոլոր հարևան պետությունները: Ու նույնիսկ 90 միլիոնանոց Իրանը, որ այսօր մեր հարավային սահմանի անվտանգության երաշխավորն է, ոչինչ չկարողացավ անել ընդդեմ 10 միլիոնանոց պետության: Առանցքայինը դա է՝ թեկուզ այլ գործոններ հաշվի առնելու դեպքում:
Ո՞րն է հարցի լուծումը կամ ինչպե՞ս վերացնենք Թումանյանի բացահայտած փչացածությունը: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին ՀՀ վարչապետի պաշտոնն ազատագրել այն զբաղեցնող անձից: Դա այն քայլն է, որին կարող են հետևել մյուսները, իսկ այդ քայլը չանելու դեպքում մյուսների կարիքն այլևս չի լինի: Չի լինի ընդհանրապես որևէ բան անելու կարիք, ու մենք աստիճանաբար «ինքնիշխանություն պոռալով» կկորցնենք պետականությունը: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեզ հաջողվի կյանքի կոչել առաջին քայլը, ապա հաջորդը պետք է լինի ոչ թե միմյանց, այլ երրորդ հանրապետության հետ «հաշիվներ մաքրելը»: Իհարկե, արանքում կարող են լինել այնպիսի հարցեր, որոնց լուծումն ուղղակի պետք է կատարվի անմիջապես, այսպես ասած, ոտքի վրա, որպեսզի նոր տուն չմտնենք հին խնդիրներով: Որովհետև հին խնդիրները չեն կարող բեռ չդառնալ հետագայում: Իսկ նոր տունը նշանակում է նոր Սահմանադրության նախագծում, նոր պետական կառուցվածքի ու հասարակական նոր փոխհարաբերությունների մշակում: Դա էլ հենց կլինի այն փրկությունը, որ կյանքի կկոչվի ներսից: Ինչ մնում է երրորդ հանրապետությանը հրաժեշտ տալուն, ապա Ֆրանսիայում, օրինակ, այսօր գործում է հինգերորդ հանրապետությունը:
Ինչից հետո մենք կկարողանանք մեզ թույլ տալ մտածելու Արցախը հետ բերելու մասին: Եվ ոչ թե հույս դնենք Արչևմուտքի վրա, որին դա բացարձակ չի հետաքրքրում: Ու ոչ միայն չի հետաքրքրում, այլ դեմ է իր շահերին: Եվ, ինչու չէ, կարող ենք մտածել նաև Նախիջևանը հետ բերելու մասին, քանի որ մեր թշնամին այնքան է լկտիացել, որ սահմանադրորեն փոխում է Նախխիջևանի կարգավիճակը: Այն, ինչն ամրագրվել է 100 տարի առաջ բոլշևիկա-թուրքական պայմանագրերով: Ինչը նշանակում է, որ Թուրքիան այլևս չի կարող ներկայացնել որևէ պահանջ Նախիջևանը հետ բերելու առումով: Ու դրանից հետո միայն կարող ենք իսկապես կյանքի կոչել Սպարապետի՝ «21-րդ դարը մերն է լինելու» պատգամը: