Հասարակություն

Մարդ չի կարող նման պաշտոն զբաղեցնել, եթե հետախուզման մեջ է․ Բ․ Ավագյան

Մարդ չի կարող նման պաշտոն զբաղեցնել, եթե հետախուզման մեջ է․ Բ․ Ավագյան

«Փաստերի ստուգման հարթակ» կայքը (Fip.am) մարտի 15-ին «Արցախի նախագահի ներկայացուցիչը հետախուզվում է Ռուսաստանում» վերտառությամբ հոդված  էր հրապարակել՝ նշելով, որ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի Արտակարգ իրավիճակների Պետական ծառայության տնօրենի նորանշանակ տեղակալ Բորիս Ավագյանը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Հոդվածը հրապարակվել էր այն բանից հետո, երբ մարտի 11-ին Ավագյանը հայտարարել էր, որ բրիտանական «HALO Trust» կազմակերպությունը, որը Լեռնային Ղարաբաղում զբաղվում է ականների ու չպայթած զինամթերքի վերամշակմամբ, թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայություններին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները։ 

«Որպես հայ և որպես պաշտոնյա հայտարարում եմ, որպեսզի ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը սկսեն այս հարցով զբաղվել։ Տեղեկությունները, որոնք ես ստացել եմ, իմ հավաստի աղբյուրներից են։ Այս կազմակերպության գործունեության հետևանքով ադրբեջանական ու թուրքական ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում շատ հանգիստ շրջանցել են բոլոր ականադաշտերը և առաջ շարժվել։ Եվ դա մեր պաշտպանողական դիրքերը շատ է թուլացրել։ Բոլորի մոտ հարց էր առաջանում, թե ինչպես են իրենք [թուրք-ադրբեջանական ուժերը] շատ հեշտ կարողացել շրջանցել և այդպես արագ առաջ գալ», - մեզ հետ զրույցում նշել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։

Նույն օրը «ՀԱԼՈ Թրաստ» կազմակերպությունը հայտարարություն էր տարածել՝ հերքելով լուրերն այն մասին, թե պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ «ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում' տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է», - հայտարարել էր կազմակերպությունը։

«Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իր՝ հետախուզվելու մասին լուրերին՝ Ավագյանը նշեց, որ մարդիկ, ովքեր ունեն այդպիսի տեղեկություններ, թող դիմեն իրավապահ մարմիններին։ Ավագյանը երեկ ասաց, որ Fip-ի հոդվածին ծանոթ չէ։ 

«Ես կարող եմ միայն մի բան ասել։ Եթե այդպիսի ինֆորմացիա կա, մարդիկ կարող են օրենքով սահմանված կարգով դիմել իրավապահ մարմիններին ու ստանալ դրա վերաբերյալ պատասխանը։ Եվ նրանք կտան հետևյալ պատասխանը՝ այդպիսի բան չկա, ոչ մի հետախուզում չկա։ Ես ՀՀ Ոստիկանությունից փաստաթղթեր ունեմ, որ ոչ մի հետախուզում չկա։ Պատրաստ եմ ներկայացնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի, բայց դրա անհրաժեշտությունը չկա», - շեշտեց գործիչը։

ԱԻՊԾ փոխտնօրենը նշեց, թե նոր չեն իրեն վարկաբեկելու փորձերը, թուրքական հետախուզությունը վաղուց է զբաղվում դրանով։ «Որոհետև ես իրենցով զբաղվում եմ շատ ավելի շուտ։ Ես ավելի հաջողակ եմ։ Իսկ իրենք զբաղվում են ֆեյք, անհասկանալի կայքերում ինչ-որ բաներ տեղադրելով», - հավելեց նա։  
 
Նշենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներքո է գործում, իսկ վերջինիս գործընկերներից է նաև «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպությունը (հրեական ծագումով ամերիկացի ներդրող, բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը)։ Կազմակերպության անունը վերցված է ավստրո-բրիտանացի փիլիսոփա Կառլ Պոպպերի «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» մենագրությունից։

Ջորջ Սորոսը բազմիցս հայտարարել է, որ «բաց հասարակության» գլխավոր հակառակորդները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, իշխող Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինն են։

2020 թվականի մարտի 4-ին Սորոսը միջազգային «Ֆայնենշլ Թայմզ» գործարարական թերթում հրապարկված իր «Եվրոպան պետք է Թուրքիայի հետ լինի Սիրիայում Պուտինի ռազմական հանցագործությունների կապակցությամբ» վերտառությամբ հոդվածում  Պուտինին մեղադրել էր Սիրիայի Արաբական Հանարպետությունում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ «Եվրոպան պետք է ձգտի ամրապնդել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքը Պուտինի հետ բանակցելիս` փորձելով հասնել հրադադարի, որն Իդլիբում «անվտանգ գոտի» կպահպանի Սիրիայի փախստականների համար: Հուսով եմ, որ սա նաև Պուտինի ռազմական հանցագործությունները կդնի եվրոպական քննարկման կենտրոնում», - գրել էր նա: 

Ավագյանը նաև նշեց, որ ցանկացած մարդ, ով ունի բարձրագույն կամ իրավաբանական կրթություն, հասկանում է, որ մարդ չի կարող պաշտոն զբաղեցնել, եթե հետախուզման մեջ է։ «Համաձա՞յն եք։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ես նախագահի մոտ եմ գնում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ [Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադով]։ Ու ես հետախուզվո՞ւմ եմ, այդպիսի բան հնարավո՞ր է», - ընդգծեց նա։ 

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն ասաց, որ ՌԴ-ում բացահայտել է թուրքական հետախուզության (Ազգային հետախուզական կազմակերպություն - Millî İstihbarat Teşkilatı / MİT) գործունեությունը, և մինչև հիմա MİT-ը վրդովված է դրանից, չի կարողանում մոռանալ դրա մասին։ 

«Ադրբեջանական կայքերը, օրինակ՝ «haqqin.az»-ը գրել է [«Երևանը հայտարարել է Ղարաբաղում կրած պարտության պատճառը. բրիտանական հատուկ ծառայությունները քարտեզներ է հանձնել ադրբեջանական զորքերին» հոդվածում], որ ես Կարմիր Շուկայի [գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում] բնակիչ եմ։ Իմ մասին շատ բացասական բաներ է գրել։ Հասկանալի է, երբ որ ինչ-որ բացահայտումներ են տեղի ունենում, որը որ իրենց համար ցավագին է, սկսում են անհանգստանալ ու գրել ինչ-որ վատ բաներ։ Ես դրանց շատ հանգիստ եմ վերաբերվում։ Մեր իրավապահ համակարգը շատ լավ տեղեկացված է MİT-ի դեմ իմ պայքարի մասին։ Շատ լավ գիտի, թե ինչ մեծ հաջողություններ ենք ունեցել թուրքական հետախուզության գործունեության դեմ պայքարում», - ընդգծեց նա։ 

ԱԻՊԾ փոխտնօրենը նաև մեզ ուղարկեց ռուսական կայքերի հղումներ, որտեղ գրում են, թե ինչ-որ բացահայտումներ են կատարվել։ «Կարող եք կարդալ, թե ես ինչպես եմ որպես ՌԴ պաշտոնյա պայքար մղել թուրքական հետախուզության դեմ։ Հետևանքներ է դա ունեցել․ որքան ռուս գեներալ է պաշտոնից զրկվել, Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարն է պաշտոնից զրկվել՝ MİT-ի հետ հարաբերություններ ունենալու պատճառով։ Իմ աղբյուրները շատ լավ հայտնի են թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում», - շարունակեց նա։ Կրկին անդրադառնալով  բրիտանական «HALO Trust» կազմակերպության գործունեությանը՝ Ավագյանն ասաց․ «Դուք հասկանում եք ինչ-որ մի կազմակերպություն 2001 թվականից, 20 տարի ականազերծմամբ է զբաղվում Ղարաբաղում։ Այդ ընթացքում կարելի էր ոչ միայն Ղարաբաղը, այլև՝ ամբողջ Անդրկովկասը և Իրանը միասին ականազերծել։ Տրամաբանություն ունեցող ցանկացած մարդ, նույնիսկ եթե հետախույզ չէ, կհասկանա՝ ինչով են այդ մարդիկ այդտեղ զբաղվում։ Մենք շատ բաց ենք և մեր դիրքորոշումը մեկն է՝ մենք թույլ չենք տալու ոչ մի Արևմտյան, ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական կազմակերպությունների աշխատանքներ տանել Հայաստանում և Արցախում և հետո դավաճանել մեր ազգն ու հայրենիքը։ Սորոսական կայքն ի՞նչ պետք է անի, պետք է նրանց պաշտպանի։ Դա հասկանալի է, նրանք համակարգային են աշխատում։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը և բացահայտելու ենք, թե ովքեր են նրանց հետ կապված եղել այս 20 տարվա ընթացքում։  HALO Trust-ն ո՞ւմ հետ կապ ունի, թուրքական հետախուզությունն ո՞ւմ հետ է կապեր ունեցել և ինչպես է աշխատել։ Ժամանակին թուրքական հետախուզությունը 15 միլիոն եվրո էր տրամադրել, որ ինձ վարկաբեկեն Ռուսաստանի Դաշնությունում, բայց միևնույն է, իրենց մոտ որևէ բան չստացվեց։ Այն պաշտոնյաները, այն անձինք, որոնք որ կապված էին նրանց հետ, զրկվեցին պաշտոններից և դատապարտվեցին ու շատ մեծ հոդվածներով «նստած են» հիմա։ Կտեսնենք, թե ինչպես ենք իրենց «մաքրել»»։

Ավագյանը 2010-14 թվականներին ՌԴ-ում զբաղեցրել է Լենինգրադի մարզի Գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնը, 2014-16 թթ․-ին՝ Սանկտ Պետերբուրգի Հողերի օգտագործման ու պահպանության հարցերով գլխավոր տեսուչի տեղակալի պաշտոնը:

Ավագյանի փոխանցած հոդվածներն են՝ «ԱԴԾ խարդախությունները ՆԳՆ պաշտպանության ներքո. ինչպես վկայի նկատմամբ քրեական հետապնդումը բացահայտեց ուժայինների դավադրությունը» (“Аферы ФСБ под защитой МВД: как уголовная травля свидетеля вскрыла сговор силовиков“), «ՌԲԿ-ի հետաքննությունը. ինչպես է մաքսանենգ ապրանքը ներմուծվել պետերբուրգյան մաքսատների միջոցով»  (“Расследование РБК: как ввозили контрабанду через петербургскую таможню“), «Բեռների փոխանակում մաքսայինի աչքերի առջև․ մաքսանենգների ծրագիրը» “Подмена груза на глазах таможни – план контрабандистов“), «Ձերբակալվել է ULS ընկերության ղեկավար Իգոր Խավրոնովը» (“Арестован Игорь Хавронов, глава компании ULS“), «Բորիս Ավագյան. Թուրքական կողմի արձագանքն ինձ չզարմացրեց»(“Борис Авакян: Реакция турецкой стороны меня не удивила“), «Բորիս Ավագյան. «Ինձ հետապնդում էին, քանի որ հայ եմ»» Борис Авакян: “Меня преследовали, потому что я армянин’’)։

«Ռուս-հայկական ռազմավարական ու հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության (“Центр поддержки Русско-Армянских стратегических и общественных инициатив“) պաշտոնական կայքում հրապարակված «Բորիս Ավագյան. «Ինձ հետապնդում էին, քանի որ հայ եմ»» հոդվածում նշվում է, որ «Միջազգային քրեական օլիգարխ Ջեբրաիլ Քարաարսլանի նպատակներից մեկն Ավագյանին ամբողջությամբ վարկաբեկելն էր, որի համար հատկացվեց 15 միլիոն եվրո՝ Ավագյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը գրգռելու, ինչպես նաև՝ ԶԼՄ-ներում նրան վարկաբեկելու համար»:

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը նաև տեղեկություն է փոխանցել, համաձայն որի՝ Քարաարսլանը Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավարի խորհրդականն է, կոչումով՝ գնդապետ։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image