ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաեւ այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով: Հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման ընթացակարգ ներկայում առկա չէ:
Նախագծով առաջարկվում է նաեւ գործուղվող տնօրենին տրամադրել 138 հազար 300 դրամ լրավճար՝ 5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։
Սահմանվում է նաեւ, որ գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ունեն ուսումնական հաստատություն ղեկավարելու փորձ, եւ այդ հաստատությունն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ: Կարող են գործուղվել նաեւ այն թեկնածուները, որոնք ՀՀ կառավարության սահմանած կարգով ստացել են որեւէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն եւ հաղթահարել են հարցազրույցի փուլը, ստացել են «Կրթության կառավարում եւ առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնը տեւական ժամանակ թափուր է մնում օրենքի պահանջին համապատասխանող հավակնորդների բացակայության կամ դիմողների՝ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի՝ համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները՝ ստեղծելով արդյունավետ գործունեության պայմաններ: 2026 թվականին նախատեսվում է ունենալ 26 գործուղված տնօրեն: Մեկ գործուղվող տնօրենի համար տարեկան նախատեսվում է շուրջ 2 մլն դրամ:
Մինչեւ ապրիլի 11-ը հանրային քննարկման ներկայացված նախագիծն այս պահին ունի հավասար ձաների բաշխվածություն, ինչը չես ասի նախագծի շուրջ շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների արած դիտողությունների եւ առաջարկների մասին։
Մասնավորապես․ նախագծի վերաբերյալ արված դիտողությունների մեջ կար անդրադարձ ծրագրի արդյունավետության բաղադրիչին․ «Ներկայացված նախագիծը պետական միջոցների փոշիացման լավագույն օրինակն է։ 1․ Անհրաժեշտ է վերացնել հարցազրույցի փուլը, որը տեղիք է տալիս սուբյեկտիվ մոտեցման եւ կոռուպցիոն ռիսկերի։ 2․ Ստեղծել ռեզերվ՝ տվյալ հանրակրթական դպրոցի ուսուցիչներից, ովքեր կարող են կատարել տնօրենի գործառույթները։ 3․ Ի՞նչ եք անելու, երբ գործուղման ժամկետը լրանա»։
Նախագծի շուրջ արված առաջարկներից մեկն էլ վերաբերում էր պարտադիր հինգ տարվա բնակության պահանջին․ «Վերանայել գործուղվող տնօրենների համար նախատեսված պարտադիր հինգ տարվա բնակության պահանջը՝ ապահովելով ավելի մեծ ճկունություն։ Հիմնավորում․ հինգ տարի անընդմեջ նույն բնակավայրում պարտադիր բնակվելու պահանջը կարող է սահմանափակել որակյալ մասնագետների ներգրավումը, հատկապես՝ այն համայնքներում, որտեղ բնակարանային պայմանները կամ սոցիալական միջավայրը կարող են չբավարարել տնօրենի եւ նրա ընտանիքի կարիքները։ Առաջարկվող փոփոխություն․ նվազագույն պարտադիր ժամկետ սահմանել երեք տարի՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ՝ ելնելով տնօրենի աշխատանքի արդյունքներից եւ նրա ցանկությունից։ Տնօրենին տրամադրել լրացուցիչ աջակցություն՝ կապված բնակարանի տրամադրման կամ վարձակալության փոխհատուցման հետ, ինչը կնպաստի ավելի շատ որակյալ մասնագետների ներգրավմանը։ Հստակեցնել բնակության պահանջի մեխանիզմները եւ վերահսկման գործընթացը, որպեսզի այն չհանդիսանա խոչընդոտ՝ մասնագետների համար։ Այս առաջարկը թույլ կտա ավելի շատ հմուտ մասնագետների ներգրավել, առանց անհարկի սահմանափակումների, եւ կբարձրացնի կրթական հաստատությունների կառավարման արդյունավետությունը»։
Տնօրենների բարեվարքության չափանիշներին է վերաբերում մեկ այլ առաջարկ․ «Վերանայել գործուղվող տնօրենների բարեվարքության, կազմակերպչական, աշխատաոճի, փորձառության, անձնային որակների, ազնիվ ու գրագետ վարքագծի, դպրոցաշինության գաղափարաբանության եւ իրականացման պատկերացումների մասին ունեցած որակները: Դպրոցներ գործուղվող տնօրենին կարելի է տալ մեկ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելու հնարավորություն, որից հետո երկարաձգել՝ ելնելով տեսանելի եւ արդյունավետ աշխատանքից»:
Փորձագետներից մեկի դիտարկմամբ, գործուղման համար կարող են ընտրվել կրթության կառավարման փորձ ունեցող մասնագետներ կամ այլ հաստատությունների փորձառու տնօրեններ․ «Նշանակումն իրականացնել համաձայնեցված ժամկետով․ նվազագույնը՝ 6 ամիս եւ առավելագույնը՝ 2 տարի։ Գործուղված տնօրենի իրավունքներն ու պարտականությունները․ նպաստել կրթական հաստատության կառավարման համակարգի բարելավմանը։ Ապահովել ուսումնական հաստատության անխափան գործունեությունը եւ կրթության որակի բարելավումը։ Մասնակցել ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։ Հաշվետվություն ներկայացնել վերադաս մարմիններին իր գործունեության եւ կատարված բարեփոխումների վերաբերյալ։ Գործուղման ժամկետների երկարաձգում․ եթե գործուղման ժամկետը լրանալուց հետո հաստատությունը դեռեւս չունի հաստատված տնօրեն, հնարավոր է ժամկետի երկարաձգում՝ առավելագույնը 1 տարով։ Եթե տնօրենը չի կարողանում ապահովել ուսումնական հաստատության արդյունավետ կառավարումը, նրան վաղաժամկետ հետ կանչել։ Վերահսկման եւ գնահատման մեխանիզմներ․ գործուղված տնօրենի աշխատանքը պարբերաբար գնահատվի պետական լիազոր մարմնի կամ մարզպետարանի կողմից։ Վերահսկողությունն իրականացնել ուսումնական հաստատության ուսուցիչների, ծնողների խորհրդի եւ համայնքի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Տնօրենի արդյունավետության վերաբերյալ գնահատականներն ազդեն հետագա նշանակումների եւ կառավարման բարեփոխումների վրա»։