Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում սկսեցին խոսքն ավելի ծանր հանցագործություն համարել, քան գործողությունը: Հարյուրավոր օրինակներ գիտենք, թե ինչպես են ազատության մեջ մնացել հրազենի կիրառմամբ, մարդու կյանքի համար վտանգավոր հանցագործություններ կատարած, մարմնական վնաս պատճառած եւ անգամ մարդ սպանած անձինք (նույնիսկ 9 ամսվա հղի կնոջ սպանած), եւ ինչպես են կալանավորում ընդամենը հնչեցրած խոսքի համար:
Ընդ որում, եթե առաջ էլ էր ակնհայտ, որ, ասենք, Արմեն Աշոտյանը բացառապես իր սուր խոսքի համար է կալանավորվել, բայց իրավապահները փորձում էին գոնե ձեւական ինչ որ մեղադրանք առաջադրել` տնտեսական կամ վարչական բնույթի իրավախախտում դնել հիմքում, ապա հիմա այդ «ձեւականություններից» էլ են ազատագրվել եւ առանց ամաչելու, օրենքը լկտիաբար ոտնահարելով` մարդու խոսքի համար են մեղադրանք առաջադրում ու կալանավորում:
Մեզանում ամեն ինչ այնքան է գլխիվայր շրջվել, որ ժամանակին ՊՊԾ գնդի գրավումը, ոստիկանների մահն ու մարդկանց պատանդ վերցնելը արդարացնող Նիկոլ Փաշինյանը, որ Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքում ասում էր` մենք չենք կարող Քրեական օրենսգրքով առաջնորդվել եւ «Սասնա ծռերին» ահաբեկիչ որակել, հիմա Բագրատ սրբազանին առաջադրված մեղադրանքի մասին գրում է` իբրեւ թե դարի հանցագործությունն են բացահայտել:
Այս մարդիկ չգիտեն, որ անգամ Քրեական օրենսգրքի ամենադաժան հանցագործությունների դեպքում ցանկացած արարքի «փորձ եւ նախապատրաստություն» գրեթե կիսով չափ ավելի նվազ պատիժ է ենթադրում, քան ավարտին հասցված հանցագործությունը: Նույնիսկ եթե ընդունենք, որ զինված հեղաշրջում էր նախապատրաստվում, ապա անհամեմատելի են կայացած փաստն ու նախապատրաստությունը: Եւ այդ լալահառաչ տեքստերն էլ խոսում են դրանք գրողների տհասության, վախկոտության եւ մարդկանց մոլորեցնելու ցանկության մասին:
Ինչպե՞ս ստացվեց, որ խոսքի համար մեզանում սկսեցին կալանավորել եւ ամիսներով պահել բանտերում: Եւ դա արվում է խոսքը` որպես մասնագիտություն կրող մարդու` նախկին խմբագրի կառավարման շրջանում: Երբ մարդն ինքը տասնամյակներով կիրառել է խոսքը, հաճախ խախտել է խոսքի թույլատրելի սահմանները, խոսքով հասել է իր նպատակին, խոսքի բոլոր նրբություններին տիրապետում է, ինչպես է խոսքը համարում հանցանք: Դա նոնսենս է, անհասկանալի է, անպատկերացնելի է: