Հասարակություն

Կիսվել է եւ ընտանիքը, եւ տասնամյակների կայացած ընկերությունը` «Ավանտան» 

Կիսվել է եւ ընտանիքը, եւ տասնամյակների կայացած ընկերությունը` «Ավանտան» 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ավանտայի էսթետիկ բժշկության կենտրոնը վերաբրենդավորվել է և ներկայանալու է Antheris (Անթերիս) անվամբ և բրենդով», դեռ ամիսներ առաջ հայտարարույթյուն տարածեցին եւ ամբողջ քաղաքով մեկ սկսվեցին ագրեսիվ գովազդային արշավը։ Բայց այդ ժամանակ տպավորություն կար, որ «Անթերիս»-ը «Ավանտայի» մի մասն է լինելու` այսպես ասած, «Ավանտայի» նոր պրոյեկտը, որին որոշել են նաեւ նոր անուն եւ նոր շունչ հաղորդել եւ էստեթիկ բժշկության հատվածը առանձնացնել ավելի լուրջ բժշկական հատվածից, բայց իրականում պատկերը լրիվ այլ է։ 

«Ավանտան», որպես մեր ժամանակների ամենահաջողված բիզնես-պրոյեկտներից մեկը, հիմնվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, Սերժ Սարգսյանի ժամանակ Իրանի դեսպան, այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի դստեր՝ Լիլիթ Թումանյանի կողմից: Լիլիթի եւ մասնագիտությամբ ատամնաբույժ ամուսնու՝ Կարեն Գրիգորյանի ջանքերով։ Սկզբում ընդամենը մեկ մասնաճյուղից են սկսել ամուսինները, ապա ամեն տարի հանրությանը ներկայացել են նոր թարմացված ծառայություններով, հաճախորդների մեծացող քանակով, ամբողջ հանրապետությունով մեկ բացվող մասնաճյուղերով: Ի վերջո, այն լուրջ եւ մեծ ընկերություն է դարձել, որը ատամնաբուժականից, մինչեւ կոսմետիկ վիրահատությունները, կոսմետիկ միջամտություններ, լազերային թերապիա եւ հազար ու մի ծառայություններ է մատուցում հանրությանը:  

Կլինիկայի ամենածաղկուն շրջանում Հերացի փողոցի վրա մի հսկա տարածք վերցրեցին ամուսինները եւ խիստ ժամանակակից եւ տեխնիկապես լավ հագեցած գլխամասային ծառայությունը տեղակայեցին այնտեղ` շքեղ մի շենք կառուցելով: Թվում էր` բիզնեսն արդեն հասել է իր ծաղկման ու հաջողության պիկին եւ մնում է` աշխատել ու վայելել, սակայն ամուսնալուծությունը փոխեց «Ավանտայի» դեմքն ու կարգավիճակը` ամուսինները վերջին ամիսներին զբաղված էին հայտնի կլինիկան կիսելով, որը բնականաբար հեշտ բան չէ։ Եւ, ըստ որոշ լուրերի, այդ «բաժանումը» շատ ցավոտ է ընթացել ու դժվարությամբ:

Մեզ հասած տեղեկություններով, «Ավանտա» բրենդը եւ Հերացու վրայի շենքը մնացել են ամուսնուն` Կարեն Գրիգորյանին, իսկ Լիլիթ Թումանյանը ստեղծել է նոր ընկերություն` «Անթերիս»-ը: Եւ հիմա դրանք իրարից լրիվ տարբեր կլինիկաներ են՝ այլ մասնաճյուղերով, հեռախոսահամարներով եւ աշխատանքային այլ ուղղություններով։

«Ավանտայի» կայքում կարդում ենք, որ այն հիմնադրվել է Կարեն Գրիգորյանի կողմից, արդեն ոչ մի խոսք չկա նախկին կնոջ ներդրման մասին․ «Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր-նախագահ, բ.գ.թ., դոցենտ, Օստեոինտեգրացիայի եվրոպական ասոցիացիայի անդամ, Իմպլանտոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ: Հայաստանում ատամնային իմպլանտատների համակարգի ներդրողներից է, հեղինակել և մշակել է իմպլանտատների առաջին հայկական համակարգը: Իմպլանտոլոգիայի ոլորտում 15 գյուտերի հեղինակ է, շուրջ 22 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում տեղադրել է ավելի քան 8000 իմպլանտատ․․․․»։ Մինչդեռ Լիլիթ Թումանյանը, մեր տեղեկություններով, տարիներ շարունակ եւ երեք երեխա է մեծացրել եւ ուղղակի գիշերել կլինիկայում` այն կայացնելով: «Ավանտա»-ի կայքում մենք չհանդիպեցինք նաեւ «Անթերիս»-ի մասին որեւէ հիշատակման, որը ծնունդ է առել «Ավատնայից»։ «Անթերիս»-ն այժմ մատուցում է դեմքի խնամքի փաթեթներ, լազերային մազահեռացման եւ այլ կոսմետոլոգիական ծառայություններ։

Մենք փորձեցինք կապ հաստատել «Ավանտայի» տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ, «Ավանտայի» մենեջերը մեզ ասաց՝ Կարեն Լեւոնիչը երկրում չէ, փորձեք մի քանի օրից կապ հաստատել։ Ամեն դեպքում, մենեջերին հնչեցրինք հարցը՝ ինչո՞ւ է ժամանակին հայտարարություն եղել այն մասին, որ «Ավանտայի» մի մասը վերաբրենդավորվել է, սակայն պարզվում է` դրանք առանձին կլինիկաներ են, նա նախ պատասխանեց՝ «Անթերիս»-ը Ավանտայի էսթետիկայի բաժինն է, որն այդ անվամբ է հանդես գալիս։ Ապա ուղղորդեց` խոսեք «Անթերիս»-ի տնօրինության հետ, սակայն չգիտեր, թե ով է տնօրենը։

«Անթերիս»-ի տնօրեն Արթուր Հարությունյանը «Հրապարակ»-ին փոխանցեց՝ երկու տարբեր իրավաբանական անձերի մասին է խոսք գնում, իրենց իրավաբանական անձի անունը՝ «Իմ սիրուն» ՓԲԸ է, ունեն 10 մասնաճյուղ։ «Ես չգիտեմ ինչ հայտարարության մասին եք դուք ասում, ես կարող եմ ասել, որ «Իմ սիրուն» ՓԲԸ-ի ներքո աշխատում է 10 մասնաճյուղ, եւ որեւէ կապ չունենք «Ավանտայի» հետ»։ Իսկ ով է հիմնադիրը եւ արդյոք ամուսնալուծության հետեւանքով է կայացած բիզնեսը մասնատվել, ասաց, որ կոմպետենտ չէ այդ հարցին պատասխանելու։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image