Հոկտեմբերի 19-ի համարում «Ո՞ւր է անհետացել պատմական փաստաթուղթը» վերնագրով լուր էինք հրապարակել՝ նշելով, որ անհետացել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի (Ալմա-Աթայի հռչակագրի) վավերացման մասին՝ վերապահումներ պարունակող փաստաթուղթը։ Այս փաստաթղթի մասին սկսեցին ակտիվ խոսել, երբ հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: ԳԽ պատգամավորներից ոմանք հիշեցին, որ Գերագույն խորհուրդը հռչակագիրը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։ Մենք հարցում էինք արել Ազգային ժողով եւ պատասխան ստացել, որ իրենց արխիվում նման փաստաթուղթ չկա, հնարավոր է՝ Ազգային արխիվում լինի։ Պարզ չէ, թե ուր կարող էր անհետանալ այդ պատմական փաստաթուղթը, որի ընդունմանը 260 մարդ է մասնակցել, և բազում մարդիկ են դրա մասին տեղեկացված։
Խոսքը, բնականաբար, փաստաթղթի բնօրինակի մասին է։ Սակայն բաց հարթակներում տեղադրված է այդ նիստի արձանագրությունը։ Մասնավորապես, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am կայքում տեղադրված է 1992-ի փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ստորագրած Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի վավերացման վերաբերյալ։
Այսպիսով՝ ի՞նչ վերապահումների մասին է խոսքը եւ ինչ լրացումներ են արվել համաձայնագրում ԳԽ-ի կողմից։ Փաստաթղթում ներկայացված են տասը կետից բաղկացած վերապահումները։ Արցախին վերաբերող վերապահումներից մեկով, օրինակ, ԳԽ-ն առաջարկել է վերաշարադրել համաձայնագրի 5-րդ հոդվածը, որում նշվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը», փոխարինել հետևյալով. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։
Իսկ Համաձայնագրի 13-րդ հոդվածի մասով, որում նշվում է, որ այն «բաց է ԽՍՀՄ անդամ բոլոր պետությունների առջև», ԳԽ-ն առաջարկել է լրացնել՝ «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, եւ դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով: