2020 թվականին Ազգային ժողովում իմքայլականների նախաձեռնած ու 2020-ի հունիսի 26-ին ուժի մեջ մտած կասկածելի «Սահմանադրության փոփոխությունները» բավականին խճճված իրավիճակ են ստեղծել Սահմանադրական դատարանի շուրջ։
Այս խճճված իրավիճակն իր հերթին բացասական հետևանքներ է ստեղծել Հայաստանի իրավական անվտանգության շուրջ։
2020-ին ՍԴ ոչ փաստացի նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդականներ, իրավաբաններ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը, Վարդան Պողոսյանը դատական հայց են ներկայացրել ՍԴ փաստացի նախագահ Արման Դիլանյանի դեմ։ Երեքն էլ պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պարտավորեցում։
Արման Դիլանյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից։ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ աշխատակարգային նիստի ընթացքում ընտրվել է ՍԴ նախագահ վեց տարի պաշտոնավարման ժամկետով։ Նա ՍԴ նախագահ էր ընտրվել իմքայլականների «Սահմանադրական փոփոխություններով»։ Այս «օրենքով» Հրայր Թովմասյանը փաստացի դադարել էր պաշտոնավարել ՍԴ նախագահի պաշտոնում ու մնացել էր որպես ՍԴ դատավոր, իսկ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի՝ որպես ՍԴ դատավորների, լիազորությունները դադարեցվել էին։ 4-ն էլ վիճարկել են իրենց պաշտոնանկությունների օրինաչափությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Բացի նրանցից այս ամենի հետ կապված դատական հայց է ներկայացրել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ Վերջինս հայցի գործով Վարչական դատարանում որպես պատասխանող է ներգրավված ՍԴ աշխատակազմը, որպես երրորդ կողմ՝ Ֆինանսների նախարարությունը։ Գործը մակագրված է դատավոր Արթուր Ավագյանին, առաջին նիստը նշանակված է մարտի 16-ին։ «03.11.2019թ. թիվ Հ-46 կարգադրությունն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հատուցելուն, նախկինում զբաղեցրած՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում՝ հայցվորին աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում վճարելուն պարտավորեցնելու պ/մ», - նշված է Ղազարյանի պահանջի մեջ։
«Հրապարակի» հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ ինքն ընդհանրապես բողոքարկել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացի սահմանադրականության օրինականության հարցը։ «Իմ կարծիքով՝ Դիլանյանը հակասահմանադրական ու հակաօրինական ճանապարհով է ընտրվել ՍԴ նախագահ։ Հետևաբար, նրա բոլոր որոշումներն են ապօրինի, այդ թվում՝ ինձ պաշտոնից ազատելու որոշումը։ Բացի դրանից, ինքը կոնկրետ պաշտոնից հեռացնելու հետ կապված օրենքի կոպիտ խախտումներ է թույլ տվել։ Եվ ես նաև դրանք առանձին եմ բողոքարկել», - նշեց արտակարգ և լիազոր դեսպանը։
- Այսինքն՝ ի՞նչ ընթացակարգ է խախտվել ընտրվելու հետ կապված։
- Իմ պաշտոնը համարվում է վարչական պաշտոն։ Եվ այդ պաշտոնին նշանակում է և այդ պաշտոնից ազատում է ՍԴ նախագահը։ Իսկ ինքն ինձ պաշտոնից ազատելու որոշում չի կայացրել, իմ փոխարեն պաշտոնում ուղղակի նշանակել է Սամվել Առաքելյանին։ Իմ՝ վարչական պաշտոնից ազատումը համարվում է կատարված, եթե անմիջական ղեկավարը փոխվում է։ Իմ անմիջական ղեկավարը եղել է Հրայր Թովմասյանը, բայց պաշտոնից ազատելու վերաբերյալ որևէ անհատական իրավական ակտ չի կայացվել։ Այսինքն՝ բնության մեջ գոյություն չունի մի իրավական ակտ, որից որ երևա, որ Հրայր Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի պաշտոնից, ով իմ անմիջական ղեկավարն է։ Բացի դրանից, մեր այս սահմանադրական փոփոխությունները կատարելուց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «փառահեղ» պատգամավորներն այնպիսի ձևակերպում են տվել, որով ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՍԴ նախագահ այլևս չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Սահմանադրության մեջ փոփոխություն չի կատարվել։ Որովհետև սահմանադրական փոփոխություններում նշված է, որ «ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցվում են»։ Այսինքն՝ նշված չէ, որ ՍԴ նախագահի լիազորություններն են դադարեցված, ընդհանուր ձևակերպում է արված։ Այսինքն՝ եթե Արման Դիլանյանն օրինական ընտրված լինի ՍԴ նախագահ, Սահմանդրության ուժով դադարեցված են համարվում նրա լիազորությունները։ Ով ընտրվի ՍԴ նախագահ, Սահմանադրության ուժով դադարեցված են համարվելու։ Եթե նրա լիազորությունները դադարեցված են, նա ինչպե՞ս է կարող ինձ պաշտոնից ազատել։
- Այսինքն՝ Ձեր հայցի հիմքը հենց սա՞ եք դրել։
- Իմ հայցի հիմքում շատ գործոններ կան։ Մի քանի էջ հիմնավորումներ եմ գրել, որոնցից սկսում է գործընթացը՝ սահմանադրական փոփոխությունների հակասահմանադրական լինելուց։ Որովհետև ինձ պաշտոնի նշանակողը և պաշտոնից ազատողն իմ անմիջական ղեկավարը Հրայր Թովմասյանն է։ Նա պիտի օրինական ճանապարհով ազատված լինի, որ նրա տեղն ընտրված մարդն օրինական իրավունք ունենա իմ ճակատագրի հետ կապված որոշումներ կայացնել։ Բայց Հրայր Թովմասյանը հակասահմանադրական ու հակաօրինական ճանապարհով է պաշտոնից հեռացվել և Արման Դիլանյանը հակասահմանադրական ու հակաօրինական ճանապարհով է այդ պաշտոնը ստանձնել։ Սկսած դրանից մինչև պրոցեդուալ խախտումներ, որ օրենքը պահանջում է ինձ պաշտոնից ազատելու հրաման, բայց նման կարգադրություն էլ չի եղել։ Իմ փոխարեն այդ պաշտոնում ուղղակի նշանակվել է Սամվել Առաքելյանը։
- Խորհրդականների դեպքում այդ կարգադրությունը, կարծես, կա։
- Մյուսների դեպքում կա կարգադրություն։ Մյուսների պաշտոնը համարվում է հայեցողական պաշտոն։ Իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համարվում է վարչական։ «Հանրային ծառայության մասին» օրենքն ասում է՝ «վարչական պաշտոնյան համարվում է պաշտոնից ազատված, եթե նրա անմիջական ղեկավարը պաշտոնից ազատվում է, և նոր նշանակված ղեկավարը մեկամսյա ժամկետում նոր նշանակում է կատարում»։ Իմ անմիջական ղեկավարը՝ Հրայր Թովմասյանը, պաշտոնից չի ազատվել, որովհետև նման իրավական ակտ գոյություն չունի, որ կոնկրետ ասի՝ «Հրայր Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի պաշտոնից»։ Նման իրավական ակտ ոչ մի մարմին չի կայացրել։ Հետևաբար ինչպե՞ս է համարվում, որ ես պաշտոնից ազատվել եմ, եթե իմ անմիջական ղեկավարի փոփոխություն տեղի չի ունեցել։ Եթե հիմք են ընդունում Սահմանադրության ձևակերպումը, որով ասում է՝ «ՍԴ նախագահի լիազորութունները դադարեցվում են», ուրեմն դա հավասարապես վերաբերում է ոչ միայն Հրայր Թովմասյանին, այլև՝ Արման Դիլանյանին։ Որովհետև Դիլանյանն է դարձել ՍԴ նախագահ, հետևաբար իր լիազորություններն էլ են դադարեցված։
- Այսինքն՝ նրանք [իմքայլականները] չե՞ն կարողացել օրենքն այնպես ձևակերպել, և որով, ըստ էության, ով ՍԴ նախագահ ընտրվի, արդեն իսկ լիազորությունները դադարեցված են համարվում։
- Վահագն Հովակիմյանի «գրած» Սահմանադրությամբ Դուք ի՞նչ էի ուզում, որ լիներ։ Ով դառնա ՍԴ նախագահ, Սահմանադրության ուժով նրա լիազորությունները դադարեցվելու են։ Էդպես են գրել մարդիկ, իմ մեղքը ո՞րն է։