Հարցազրույց

Դիրքային ուղղակի մեկ-երկու կրակոցներ են լինում․ Ճամբարակի փոխհամայնքապետ

Դիրքային ուղղակի մեկ-երկու կրակոցներ են լինում․ Ճամբարակի փոխհամայնքապետ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սահմանին հազվագյուտ կրակոցներ են լինում ադրբեջանական կողմից։

Համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, սակայն, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։  

- Պարո՛ն Օհանյան, հաշվի առնելով Սյունիքի հետ կապված այս անորոշ իրավիճակը՝ ցանկանում էի իմանալ՝ ձեր սահմաններին ի՞նչ իրավիճակ է։

- Խաղաղ վիճակ է, իրավիճակի սրման հետ կապված առանձնապես բան չկա։

- Իսկ փոքր տրամաչափի զենքերից էլ չե՞ն կրակում։

- Հազվագյուտ են լինում, պարբերաբար չեն լինում։

- Այդ շրջանում տարածքներ կա՞ն, որ ադրբեջանցիները փորձում են պահանջել կամ ասել «մերն է»։

- Առայժմ մեր տարածքում այդպիսի բան չկա։ Սահմանազատման խնդիր չկա։

- Ինչ-որ պատճառաբանություն կա՞, որ խախտում են հրադադարի ռեժիմը։

- Մեկ-մեկ զգացնել են տալիս, որ զգոն են էլի, տեղում են։ Մեր կողմից սադրանք չկա։ Դիրքային ուղղակի մեկ-երկու կրակոցներ են լինում, ոչ ավել։

- Իսկ փորձո՞ւմ էին առաջ գալ կամ դիվերսիայի փորձ անել։

- Չէ, չէ, այդպիսի բաներ չկան։ Համեմատաբար հանգիստ է։ Այս հրադադարից հետո այդպիսի բաներ չկան։

- Հունիսի 21-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով նախապատրաստական աշխատանքներ սկսե՞լ եք։

- Դեռ պաշտոնական չկա, որ ընտրություններ են լինելու։ Մեր առօյա գործերով ենք։

- Իսկ փորձու՞մ են Ձեզ վրա ճնշում գործադրել՝ մարդ հավաքելու համար։

- Չէ, չէ, նման բաներ չկան։

- Իսկ համայնքի առաջնահերթ խնդիրները որո՞նք են, որ առաջացել են պատերազմի հետևանքով։

- Զոհվածների ընտանիքների, հաշմանդամների, տարհանվածների սոցիալական խնդիրներն են։ Հիմա ակտիվ զբաղվում ենք գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմամբ։ Շատ ինտենսիվ ձևով գարնանացան ենք կատարում։ Սերմանցուների ձեռքերման խնդիր կա։ Դե, գիտեք, Լարսի ճանապարհի հետ կապված, դրանք ենք փորձում շտկել։ Դե գյուղատնտեսությունը սեզոնային է։ Եթե այս մի քանի օրն էլ ցանքս չկատարենք, արդեն անիմաստ է դառնալու։ Փորձում ենք գյուղացիներին աջակցել, ինչով կարող ենք։

- Վնասներ շա՞տ եք կրել եղանակային փոփոխությունների, անկայունության պատճառով։

- Դե գյուղատնտեսությունն այս տարի ինչ-որ չափով «ուշացավ», մոտ մեկ ամիս։ Հիմա չգիտենք՝ առաջիկային կլիման, եղանակային պայմաններն ինչպիսին կլինեն, բայց բոլոր դեպքերում հույս ունենք, որ արդյունք կունենանք էլի։

- Իսկ գյուղմթերքի իրացման խնդիր առաջացե՞լ է։ Օրինակ՝ մարզ կար, որտեղ կաղամբի, կարտոֆիլի իրացման խնդիր կար։

- Ունենք, դա լուրջ խնդիր է։ Մեզ մոտ հիմնականում անասնապահությունն է զարգացած, անասնապահական մթերքներ կան։ Կաթի սեզոն է հիմա, լուրջ խնդիր կա, մթերողների քանակը քանի գնում, պակասում է։ Գյուղացիներին էլ խրախուսում ենք, ասում ենք․ «Անասնապահությունը զարգացրեք, հողագործություն արեք»։ Բայց իրենց մթերքները եթե չեն կարողանում վաճառել, անիմաստ է դառնում։ Բարտերով են աշխատում։

- Իսկ դրսից չե՞ն գալիս-տանում։

- Չէ, չէ։ Հիմա բավականին պատրաստի միս կա շուկա մտնելու, բայց այդ շուկան չկա։ Կաթ կա, մարդիկ պանիր են պատրաստում։ Կարտոֆիլ ունենք բավականին։ Այս տարի արդեն, կարծես թե, ժողովուրդը մի քիչ ցանքատարածություններն ընդլայնել է։ Եթե նորմալ կարողանային իրացնել, գյուղատնտեսությունը մեզ մոտ ավելի շատ կզարգանար։ Սպառման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Չի սպառվում մեր ապրանքը։

- Իսկ իշխանություններին դիմե՞լ եք, ի՞նչ են ասում։

- Իրազեկված են, տեղյակ են։ Սա ոչ թե մեր համայնքով է պայմանավորված, այլ կարծում եմ, որ մարզով, Հանրապետությունով է այս խնդիրը։         

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image