Փաշինյանի sms-ով ԲԴԽ պաշտոնին հրաժեշտ տված, իսկ վերջերս Միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Կարեն Անդրեասյանին նախօրեին խորհրդարանում լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին, բայց ոչ մի կերպ հնարավոր չեղավ նրանց լսել մի հարցի պատասխանը` ի վերջո ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման ենթակա՞ է, թե՞ ոչ։ Գրասնեյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, հիշենք, որ հրապարակային ասել էր, որ արբիտրաժային որոշումները պարտադիր կատարման ենթակա են, ինչից հետո Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ինքն է ու չի կարող որեւէ մեկն իր կարծիքից տարբերվող կարծիք հայտնել, իսկ ինքը ասել է, որ արբիտրաժի որոշումը չի կատարվելու եւ վերջ:
«Որևէ մանրամասն որևէ արբիտրաժային վեճերի մասին ձեզ չենք կարող հայտնել, ոչ թե, որովհետև ես թաքցնում եմ, այլ դա արգելված է արբիտրաժային կանոններով։ Այս հրապարակային քննարկումը ինքնին վնասում է Հայաստանի շահերին այն արբիտրաժային ատյաններում, որտեղ մենք պայքարում ենք մեր բոլորի շահերը պաշտպանելու համար», լրագրողների խաչաձեւ հարցուփորձին նման անհեթեթ պատասխան էր տալիս Անդրեասյանը։
ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է ասում Անդրեասյանը, որ արբիտրաժն արգելում է կարծիք հայտնել, որեւէ տեղեկատվություն տրամադրել եւ այլն, Ղազինյանը նախ բարձրաձայն ծիծաղեց․ «Արբիտրաժն արդեն հայտնել է իր որոշման մասին, ի՞նչ կապ ունի այստեղ «նախաքննական գաղտնիքը» կամ, թե` ում կվնասի, ում` չի վնասի, սա քաղաքացիական գործի պես գործ է, այսպես կոչված, նախաքննական գաղտնիք գոյություն չունի։ Այլ հարց է, որ իրավաբան լինելով, այդքանը հասկանում է, որ չի կարող ասել, թե արբիտրաժի որոշումը կարելի է չկատարել»։
Ղազինյանի խոսքով՝ Անդրեասյանն իրականում անցած օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, ամեն ինչ արեց, որ Լիպարիտ Դրմեյանի ճակատագրին չարժանանա․ «Միջանկյալ որոշում է, որտեղ կետ է թողնված, որ կարող են չկատարել, եթե գոյություն ունի հանրային գերակա շահ, հիմա այս մարդիկ օգտվել են այդ կետից, բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր իրավաբան էլ, բանական մարդ էլ կհասկանա, որ այստեղ հանրային գերակա շահի ոտնահարում չկա, որովհետեւ արբիտրաժն ընդամենն ասում է` մենք չենք տեսնում այդպիսի խնդիր, թող կառավարի սեփականատեր ընկերությունը, դուք հետ կանչեք կառավարչին: Վարույթը ՀԾԿՀ-ում թող շարունակվի, մինչեւ ես վեճով կհասկանամ` ինչ եմ անում»։