Հարցազրույց

«Հրապարակ». Հաղորդակցության միակ միջոցն ատելության խոսքն է եւ մատ թափ տալը

«Հրապարակ». Հաղորդակցության միակ միջոցն ատելության խոսքն է եւ մատ թափ տալը

Մեր զրուցակիցն Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն է:

- Արցախցիները մեծ հանրահավաք արեցին, բայց ելույթներում կարծես արդարանում էին, որ իրենց պայքարն ապաքաղաքական է, հիմնականում սոցիալական հարցեր էին առաջ քաշում` 40+10 նպաստի հարցը, խնդրում էին, որ այդ չնչին աջակցությունը չդադարեցնեն իշխանությունները: Ինչո՞ւ են խուսափում քաղաքական հարցեր բարձրաձայնելուց:

- Եթե մասնագիտորեն նայենք, ապա արցախցիների շարժումն ապաքաղաքական չէ, մեր ներկայացրած գրեթե բոլոր պահանջները, այդ թվում՝ սոցիալական, քաղաքական բնույթի պահանջներ են: Մենք ունենք պահանջագիր՝ 12 կետից բաղկացած, որից միայն մեկն է վերաբերում սոցիալական հարցի, մնացյալ 11 կետերը քաղաքական են: Թեպետ սոցիալական հարցերն էլ են, ըստ էության, քաղաքական: Մնացյալ կետերը վերաբերում են Արցախ վերադարձին, գերիների ազատ արձակմանն ու պաշտպանությանը, Արցախի թողած ժառանգության պաշտպանությանը, արցախցիների դեմ տարվող ատելության քարոզին, միջազգային գանգատներից հրաժարվելու հանգամանքին, Մինսկի խմբի լուծարմանը եւ այլն: Այնպես որ, մեր շարժումը քաղաքական է, սխալ է այն մեկնաբանությունը, որ ապաքաղաքական է: Բայց, մյուս կողմից, պետք է բոլորի համար հասկանալի լինի, որ պարզ, հասարակ արցախցին, որն ունի ամենօրյա ծանր սոցիալական բեռ, որպես հրատապ խնդիր՝ կարող է խոսել սոցիալական կարիքների մասին, որովհետեւ, եթե մենք չկարողանանք լուծել մեր սոցիալական վիճակը եւ կայունացնել այն, այլ հարցեր լուծելն ավելի բարդ կլինի: Ի դեպ, սոցիալական հարց ասելն ամենեւին չի նշանակում փողի մասին մտածել, դա արժանապատիվ, կայուն կեցության հարց է: Հաշվի առնելով սոցիալական խնդիրների հրատապությունն ու զանգվածայնությունը՝ բնական է, որ շարքային արցախցին հիմնականում շեշտը դնում է այս ամենի վրա, բայց ինքնին հանրահավաքի գաղափարը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, հստակ պահանջագիր է հրապարակել, որտեղ բոլոր հիմնական պահանջները ներկայացրել է: Պետք է ֆիքսել, որ շատ պահանջներ չունեն միանգամից լուծումներ: Օրինակ՝ Արցախ վերադարձի հարցը չի կարող միանգամից լուծվել, սակայն մենք պահանջում ենք, որ այդ ուղղությամբ քայլեր, գործողություններ արվեն, որ դրանք դառնան տեսանելի: Օրինակ՝ միջազգային գանգատներից հրաժարվելը փաստում է օրվա իշխանության անգործության մասին, ստացվում է, որ ոչ մի քայլ չեն ցանկանում անել այլեւս: Ասածս այն է, որ պահանջները կարող են կյանքի կոչվել անմիջապես եւ ժամանակի ընթացքում, սակայն մենք ցանկանում ենք տեսնել կոնկրետ քայլեր, գործողություններ, որոնք ցույց կտան, որ ռազմավարական առումով հաշվի են առնվում մեր պահանջները:

- Հանրահավաքից հետո տեղաշարժ կա՞: Նույն բնակարանային ծրագրերի, տրամադրվող գումարների հարցով կա՞ հույս, որ իշխանությունները կմտափոխվեն:

- Էական շարժ չկա: Հրապարակային արձագանքներ եղան, սակայն մերժողական բնույթի էին, խոսվեց այն մասին, որ արցախցիների պահանջները, այդ թվում՝ սոցիալական, չեն ցանկանում հաշվի առնել, սակայն դա մեզ համար ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ անակնկալ է: Կան որոշ ազդակներ՝ ոչ հրապարակային, որ մտածում են այդ ուղղությամբ, բայց մեզ հետ քննարկում, ներառական խորհրդակցություն տեղի չի ունեցել: Սպասում ենք, տեսնենք, թե կառավարությունն ինչ դիրքորոշմամբ հանդես կգա մեր պահանջների վերաբերյալ:

- Հանրահավաքի ժամանակ արցախցի մի կին լրագրողներին ասել էր, որ 9 միլիոն դրամը քիչ է բնակարան գնելու համար, ինչը որոշ իշխանականների մոտ զարմանք էր առաջացրել: Իրականում՝ ի՞նչ է հնարավոր գնել 9 միլիոն դրամով:

- Գումարների չափերի մասով չէի ցանկանա բանավեճի մեջ մտնել, մեզ գումար պետք չէ, թող բնակարաններ տրամադրեն, թող լինի սոցիալական բնակարան, այնքան, որ արցախցիներն իմանան, որ կայուն ու արժանապատիվ կեցություն ունեն: Տարբեր մեկնաբանություններ են հնչում նույն այդ շրջանակների կողմից, ես կարող եմ պարզապես ասել, որ լայնամասշտաբ ծրագրեր պետք է իրականացվեն ներառական կերպով: Աբսուրդ է, որ շահառուների կարծիքը որեւէ կերպ հաշվի չի առնվում: Երբ ահազանգում էինք, որ դա սխալ մոտեցում է, որ պետք է մեզ հետ քննարկումներ ունենան եւ մեր կարծիքը հաշվի առնեն, մերժում էինք ստանում: Ծրագիրն ընդունվեց, անցել է 9 ամիս, բնակարանների ծրագիրը կարող ենք համարել ձախողված` 900 ընտանիք է ստացել հավաստագիր, որից 52-ն է գնել բնակարան: Մեկ տարվա ընթացքում ծրագրից օգտվել է արցախցիների 0,2 տոկոսը: Նման խնդիրները բազմաթիվ են: Զբաղվածության խնդիր կա, հատկապես՝ եթե մարդկանց մղում են հեռու մարզային բնակավայրեր, պետք է որոշ չափով ապահովեն զբաղվածության միջոցներ: Կա քաղաքացիության արհեստական պահանջ, ինչը եւս խոչընդոտ է: Այստեղ էլ մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առել: Մեզ արհեստականորեն զրկեցին ՀՀ քաղաքացիությունից, այժմ նորից ստիպում են քաղաքացիություն ստանալ: Հանրային հաղորդակցության տոտալ ձախողում կա, ոչ մի կերպ չեն կարողանում հաղորդակցվել մեզ հետ: Հաղորդակցության միակ միջոցն ատելության խոսքն է եւ մատ թափ տալը: Հիմա էլ, փոխարենը մեզ հետ քննարկեն, հասկանան, թե ինչու են ձախողել ծրագրերը, որոշել են դադարեցնել նաեւ բնակվարձի աջակցության ծրագիրը՝ մտածելով, որ մարդիկ ստիպված կլինեն դիմել բնակարանային ծրագրին: Սա է ողջ խնդիրը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image