Մինչեւ Հայաստանի՝ իրականությունից կտրված ու պատրանքներով ապրող կամ պարզապես հասարակությանը գեղեցիկ փաթեթավորված, բայց դատարկ կոնֆետով կերակրելու նպատակ հետապնդող շրջանակները ցնծության մեջ են Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին կառավարության տված դրական եզրակացությունից, գետնի վրա, ինչպես ասում են, ռեալ պոլիտիկում, Երեւանը անհանգստացնող նախազգուշացումներ է ստանում Մոսկվայից։
Նախ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, ապա փոխվարչապետ Օվերչուկը մեկնաբանեցին այս խնդիրը՝ շեշտելով, որ անհնար է երկու կառույցներում Հայաստանի մասնակցությունը։ Օվերչուկն առավել ուղիղ խոսք ասաց՝ Փաշինյանի կառավարության այդ որոշումը անվանելով «Տիտանիկ»-ի համար գնված տոմս ու ներկայացնելով այն հետեւանքները, որը կարող է ունենալ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հեռացումը՝ էներգակիրների սակագների բարձրացումից մինչեւ արտահանման ծավալների 80 տոկոս կրճատում։
Որ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, հասկանալի է, նաեւ փաստ է, որ հենց ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունների շնորհիվ է Փաշինյանի իշխանությունը կարողանում տնտեսությունը մի կերպ պահել կոլապսից՝ դրա վկայությունը վիճակագրական տվյալներն են ու ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճը, ՌԴ-ում արտագնա զբաղված ՀՀ քաղաքացիների գործոնը, Հայաստանի էներգետիկ ու պարենային կախվածությունը ՌԴ-ից եթե անգամ չդիտարկենք։
Փաստ է նաեւ մի բան՝ ԵՄ-ին անդամակցելու հրավեր Հայաստանը ոչ մի կերպ չի ստացել ու նման հարց եվրոպական օրակարգում պարզապես չկա, հետեւաբար, Հայաստանի եվրոպական ապագայի մասին խոստումներն ու առանձին շրջանակների կողմից ձեւավորվող սպասումները, առնվազն իրերի այս դրության պայմաններում, օդ են, ինչը, սակայն, չի նշանակում, որ չեն ազդում Հայաստան-Ռուսաստան առանց այն էլ ոչ գործընկերային հարաբերությունների վրա։
ՌԴ պաշտոնյաների արձագանքը հասկանալի է համարում կովկասագետ Կարեն Իգիթյանը՝ շեշտելով, որ Մոսկվան շատ լավ հասկանում է, որ Փաշինյանի կառավարությունը ռազմավարական շրջադարձ է կատարում՝ Ռուսաստանը տարածաշրջանից իր մասով դուրս մղելով եւ ինքն է, ըստ էության, դուրս գալիս ՌԴ-ի հետ կապվող կառույցներից, որով դանդաղ գնում է Փաշինյանի կառավարությունը։
«Ռուսաստանը դա հասկանում է եւ զգուշացնում։ Շատ ցավալի է, որ մենք հասել ենք այն իրավիճակին, որ երրորդ կողմի ներկայացուցիչները այս լեզվով են խոսում Հայաստանի հետ՝ փաստացի, բաց տեքստով ասում են, թե այդ ճանապարհն ուր է տանելու։ Սա առաջին անգամը չէ, Մոսկվան մի քանի անգամ խոսել է նաեւ Հայաստանի պետականության կորստի սպառնալիքների մասին, բայց ցավոք, ունենք այն, ինչ ունենք»,-«Հրապարակ»-ին ասում է Կարեն Իգիթյանը։
Մասնագետը Փաշինյանի կառավարության պրոարեւմտյան հայտարարություններն ու գործողությունները ֆեյք Հայաստան է անվանում․ «Այդ ամենը ավելի շատ ֆեյք Հայաստան է, քան իրական, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Թուրքիան քանի տարի է՝ պայքարում է ԵՄ անդամության համար, տեսնում ենք Վրաստանի օրինակը եւ եկեք պատկերացնենք, թե ինչ երկար ճանապարհ է դա նրանց համար, ովքեր ունեն ԵՄ-ի կողմից տրված կանաչ լույսը, բայց Հայաստանը անգամ դա չունի։ Այսինքն, սա ՀՀ կառավարության կողմի փիար է, որը արդեն իսկ բերել է իր վտանգները»։
Ինչ վերաբերում է Ալիեւի տարեսկզբյան սպառնալիքներին, կովկասագետն այստեղ նորություն չի տեսնում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակները՝ կապված Հայաստանի հետ չեն փոխվել։ Նրանք հայկական պետականության վերացման խնդիր են դրել ու դրան փորձում են հասնել տարբեր ճանապարհենորվ՝ բանակցություններ, ուժի սպառնալիք։
«Հայաստանի կառավարությունը այս իրավիճակում իր ռազմավարական շրջադարձի ճանապարհին պատրաստ է ամեն ինչ զիջել՝ ինչ Ադրբեջանն է ուզում, մասնավորապես, նա զիջեց Արցախը ու պարզվեց, որ Ադրբեջանը էլի պահանջներ ունի»,-նկատում է փորձագետը։
ՌԴ ԱԽ փոխնախագահ Մեդվեդեւի հայտարարությունն այն մասին, թե չի բացառվում, որ սափրված Փաշինյանը նորից հիշի ՀԱՊԿ-ի մասին, արդյո՞ք ուղղակիորեն Ադրբեջանից սպասվող սպառնալիքի տողատակով պետք է մեկնաբանել։ Իգիթյանի խոսքով, հասել ենք այն մակարդակին, որ ՌԴ ներկայացուցիչները ուղղակի ասում են․ «Ձեզ էլի ճնշում են ու ուզած-չուզած, գալու եք, նորից մեզ խնդրեք՝ անվտանգություն ապահովել։ Սա է Մեդվեդեւի ասածը, այլ հարց է, թե տվյալ իրավիճակում Ռուսաստանը որքանով մոտիվացված կլինի եւ որքանով հնարավորություն ունի ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այստեղ պետք է եւս մի բան հաշվի առնել՝ Մեդվեդեւը փաստացի ասում է, որ Ալիեւը նախապատրաստում է նոր լայնածավալ պատերազմ»։
Որ Ադրբեջանը նման նպատակ ունի, ինչպես մեր զրուցակիցն է շեշտում, երեւում է Բաքվի գործողություններից՝ սպառազինությունների գնումներից մինչեւ զորավարժություններ եւ Ալիեւի հոխորտալից ելույթներ։