Հասարակություն

Արդյո՞ք Հայաստանում մանկական պոռնկագրությամբ զբաղվող հանցախումբ է գործել

Արդյո՞ք Հայաստանում մանկական պոռնկագրությամբ զբաղվող հանցախումբ է գործել

Օգոստոսի 21-ին մամուլում լուր հրապարակվեց, որ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արեւշատյանի հեռախոսում նմանօրինակ տեսանյութերը բավականին շատ են։ Սա եթե իրական է, կարող է նշանակել, որ Աննա Արեւշատյանը նմանատիպ տեսանյութեր շատ է պատրաստել, ու քանի որ նաեւ արդեն հայտնի է, որ նա նման տեսանյութերի դիմաց վճարվել է, կարող ենք ասել, որ այստեղ իրավապահներն անելիք ունեն, որովհետեւ հարցն արդեն դառնում է մանկական պոռնկագրության պատրաստում, իրացում եւ տարածում։Եթե դեպքին մոտենանք այս տեսանկյունից, ապա առաջնահերթ խնդիր է դառնում այն, թե ով կամ ովքեր են եղել Աննա Արեւշատյանի պատվիրատուները, որտեղ է նա հանդիպել իր, այսպես ասած, «գնորդների» հետ, որպեսզի «ապրանքը» վաճառի եւ որքան գումարի դիմաց։ Դա պարզելն իրականում դյուրին է, եւ քննությունը պետք է այդ ուղղությամբ ընթանա։

Ի վերջո, Աննա Արեւշատյանն ապրել է հասարակության մեջ, եւ հնարավոր չէ հասարակության մեջ տեղաշարժդ թաքուն պահել։ Չի բացառվում, որ նա եղել է նույնիսկ մանկական պոռնկագրական ինդուստրիայով զբաղվող ինչ-որ հանցախմբի անդամ։ Որքան հնարավոր էր դատել այս գործով պաշտոնապես տարածված տեսանյութերից՝ վերջինս գոնե այն պահին, որ արդեն հայտնվել էր իրավապահների հսկողության ներքո, գտնվում էր հուզական բավականին անհավասարակշիռ վիճակում եւ վախեցած էր։ Իհարկե, կարող ենք ենթադրել, որ վախը բացահայտումից է, ու հիմա այդ կինը կանգնելու է արդարադատության առաջ, այն էլ՝ նման հոդվածով։ Նաեւ հնարավոր է, որ վախեցել է, որ իր բացահայտմամբ իրավապահները կսկսեն կծիկը քանդել ու դուրս գալ ողջ հանցախմբի վրա, եթե այդպիսին կա։ Առհասարակ, Աննա Արեւշատյանի եւ նրա, այսպես ասած, «ընտանիքի» ուսումնասիրությունը բավական «ծալքեր» կբացահայտի։ Չմոռանանք, որ նրա ամուսինն էլ կալանավորված է սեփական երեխաների հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու համար։

Արդեն եղած փաստերը համադրելով կարող ենք ասել, որ այս «զույգի» մոտ ինչ-որ անհասկանալի իրավիճակ է սեքսուալ հողի վրա, եւ հնարավոր է՝ գործ ունենք ամուսին եւ կին մանկապիղծների հետ, որոնց պետք է մեկուսացնել հասարակությունից եւ զրկել վերարտադրողական կարողությունից, ինչպես նաեւ՝ երեխաներին դաստիարակելու իրավունքից։ Հիշեցնենք, քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արեւշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելով՝ ստեղծել եւ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաեւ 12 տարին չլրացած իր երկու աղջիկ երեխաներին: Կինն իրեն մեղավոր է ճանաչել եւ կալանավորված է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image